Ոստիկանները կանխել են 49-ամյա կնոջ ինքնասպանության փորձը (լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբն ու ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները քիչ առաջ կարողացել են կանխել մի կնոջ ինքնասպանության փորձ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ահազանգել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ մի կին փորձում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից՝ պատճառաբանելով, որ հոգնել է ամեն ինչից:
Տեղում կենտրոնի հերթապահներ Արշակ Գրիգորյանն ու Լյուդվիգ Վարդանյանը ռադիոկապով կապվում են Կիևյան փողոցում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչներ Ռոման Հակոբյանին և Էդգար Ալեքսանյանին, ովքեր էլ մոտենալով կնոջը, մոտ 30 րոպե խնդրում էին նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ու մինչ գայի տղաները կկանխեին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգով ժամանում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:
Ի վերջո ոստիկաններին հաջողվում է կնոջն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանների կողմից փրկված կինը Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող 49-ամյա Ի. Պ.-ն է: