Սյունիքից ոչխարի միսը կարտահանվի միայն Իրան
Սյունիքի գյուղական համայնքի վարչական տարածքում օրերս բացված մորթման արտադրամասում կիրականացվի մանր եղջերավոր անասունների մորթ: Ըստ արտադրամասի «Գյուղարտ» ՓԲ ընկերության տնօրեն Սամվել Ավետիսյանի` մորթից հետո ոչխարի միսը Սյունիքից կարտահանվի հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) և կիրացվի այնտեղ: Նախնական պայմանավորվածության համաձայն, օրական կկատարվի 100-150 գլուխ ոչխարի մորթ, հետագայում այն կհասցվի 250-ի: Արտադրամասում մեկ հերթափոխով աշխատում են 35 տեղացիներ, 3 հոգի էլ Իրանից են:
«Մորթման արտադրամասը կառուցված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, լեհ մասնագետների կողմից գերմանական սարքավորումներ են տեղադրվել, ստերիլ մաքրությունն է ապահովված տեղում: Հոսքագիծ կա մինչև մսի մաքրման տեղը, որից հետո աշխատանքները տարվելու են ձեռքով՝ ինչպես մյուս արտադրամասերում է արվում: Հիմնականում կատարվելու է ոչխարի մորթ. և՛ մորթած վիճակում ենք տալու միսը ԻԻՀ-ին, և՛ փաթեթավորված՝ նայած պահանջարկն ինչպիսին է: Պայմանագիրն այս պահին միայն իրանցիների հետ է լինելու և այն կնքվելու է պետության հետ: ԻԻՀ կառավարությունից ներկայացուցիչներ պետք է այցելեն, որի ժամանակ նաև համապատասխան լիցենզիայի հարցը կկարգավորվի»,-լրագրողների հետ զրույցում ասել է ընկերության տնօրենը:
Անասնագլխաքանակի պակաս մարզում չկա: Մորթման արտադրամասում ոչխարներ կմթերվեն ոչ միայն Սյունիքի մարզի տարածաշրջաններից, այլև՝ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: