Բաժիններ՝

Թե՛, թե՛ կա՛մ, կա՛մ-ի փոխարեն

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության առիթով, ի շարս այլ նախագահների, Թեհրան էր ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահը։ Այդ առիթով էլ կայացել է միջնախագահական ձեւաչափով հանդիպում։ Հետևելով լրատվություններին՝ երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է, որի մասին վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանի Թեհրան մեկնումը ավելի քան օրինաչափ էր։ Ավելի քան՝ նկատի ունենալով Թեհրան-Երևան հարաբերությունները, մեր երկրի ցամաքային կիսաշրջափակված լինելը եւ իրանյան ելքի կաեւորությունը սահմանային ընդհանուր համապատկերի պարունակում։ Չմոռանանք վրացական սահմանի դյուրաբեկությունը, մենաշնորհային հանգամանքի օգտագործման միտման բազմակի դրեւորումները և անշուշտ ռուս-վրացական հարաբերությունների վայրիվերումների անմիջական ազդեցությունը։

Իրանյան ցամաքային ելքի կարեւորությունը այս բոլորի նկատառումներով պիտի դիտարկել։ Բայց խնդիրը միայն ելքին չի վերաբերվում իհարկե։ Համազգային առաջնային հիմնահարցի՝ արցախյան հակամարտության նկատմամբ Իրանի դիրքորոշումը։ Այստեղ իրանյան շահի գերակայումը բնականաբար պարտադիր է տեսնելը՝ գնահատական տալու համար իրանյան դիրքորոշման շարժառիթներին։ Իսլամական երկրների վեհաժողովներին իրատեսական չի լինի ակնկալել, որ Իրանի ներկայացուցիչներըը չմիանան Ադրբեջանի առաջ քաշած բանաձեւերի նախագծերին։ Միաժամանակ Թեհրանը ևս գիտակցում է, թե ինչու Երևանը լուռ է մնում և չի արձագանքում, երբ հերթական անգամ պաշտոնական Թեհրանի արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարը առաջարկում է Իրանի միջնորդությունը արցախյան բանակցություններին։

Նման առաջարկություն բարձրաձայնվում է հակակշռելու համար Անկարայի նկրտումները պաշտոնապես միջամուխ լինելու արցախյան հարցում։ Տարածաշրջանում եւ հատկապես հարաւային Կովկասում Իրանը զսպիչ գործոնի դեր է վերցրել Թուրքիայի ազդեցության գոտու տարածման հարձակողական քաղաքականությունում։

Բայց սա դեռեւս միակ հանգամանքը չէ։ Իրանում ապրում է բազմամիլիոնանոց ծագումով ազերի համայնք։ Այս իրողությունը կարող է ապագայում շահարկվել ինչպես Ադրբեջանի, այնպես նաև Թուրքիայի կողմից Իրանում անջատողական շարժման ձեւաւորման աշխատանքներում։ Արցախն իր աշխարհագրական դիրքով իսկ արգելակում է Իրանի եւ Ադրբեջանի  ազգակիցների միաւորումը։ Արցախի գոյությունը իբրեւ հայկական տարածք, իբրեւ ինքնիշխան կամ թեկուզ ՀՀ-ին միացած տարածք բխում է հենց Իրանի շահերից։ Իսկ Իրանը մի քանի անգամ փաստել է արդեն, որ տարածաշրջանում հիմնարար ծրագրերի իրականացման գործընթացում նա անշրջանցելի գործոն է, որի հետ պետք է համաձայնեցնել վճռորորշ որևէ հանգրվանի իրականացում։

Իրանի հետ մեր երկրի համագործակցության անհրաժեշտությունը վերակարևորվում է, երբ նկատի ունենանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման միտումները թե՛ զինվորական, թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական մակարդակներով։

Ահավասաիկ նման պայմաններում է, որ Երևանը փորձ է կատարում իր քաղաքական ժամացույցի սլաքները համադրել թե՛ Եվրամիության հետ ասոցացման, թե՛ ձևավորվելիք Եվրասիական կամ մաքսային միության հետ ռազմավարական համագործակցության տարողության ճշտմանը, թե՛ միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկվելուն և թե՛ իրանյան ելքը իբրև կարեւոր բաց պատուհանի ապահովման գործընթացների հետ։ Իսկ քաղաքական այս միտումներում հայտնաբար աշխատում է թե՛-թե՛-ի բանաձևը կա՛մ-կա՛մ-ի փոխարեն։ Սրանք կարող են տալ փոխլրացուցիչ, հաւասարակշիռ կամ բազմակողմ դիւանագիտություն բնութագրերը։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս