Բաժիններ՝

Ալի Խամենեին Մահմուդ Ահմադինեժադին նշանակել է Նպատակահարմարության խորհրդի անդամ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին նախկին (2005-2013) նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պաշտոնապես նշանակել է Նպատակահարմարության խորհրդի անդամ:

Խամենեին իր որոշումը բացատրել է Ահմադինեժադի ունեցած արժեքավոր փորձով, որը նա կուտակել է իր 8-ամյա նախագահության ժամանակ: Իրանի նախագահի պաշտոնում Ահմադինեժադի լիազորությունները սպառվել են օգոստոսի 3-ին, ինչի կապակցությամբ նա հրաժեշտի նամակներ է հղել 76 երկրների առաջնորդների, ինչպես նաև Եգիպտոսի առաջնորդներին ու Հռոմի պապին:

Նպատակահարմարության խորհուրդն Իրանի գերագույն ղեկավարին կից խորհրդակցական մարմին է, նրա պարտականությունների մեջ է մտնում Սահմանադրության պահապանների խորհրդի ու խորհրդարանի միջև առաջացած կոնֆլիկտային իրավիճակների հարթումը: Խորհրդի նախագահն Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է, ով Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1997 թվականներին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Ահմադինեժադը պատրաստվում է իր նախագահական լիազորությունների սպառվելուց հետո զբաղվել գիտությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս