Բաժիններ՝

Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների քանակն անցել է 50 հազարը

Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների քանակն անցել է 50 հազարը, և առաջիկա օրերին դրանց թիվը կավելանա՝ դառնալով 64.000: Ընդհանուր առմամբ այս օրերին մոտ 16.000 հոդվածներ կավելանան հայերեն Վիքիպեդիայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը` նշելով, որ հոդվածների մեծ քանակի ավելացումը սկսվել է դեռևս երեկ երեկոյան, իսկ հոդվածներն այդ ժամանակ 47.000 էին:

«Նման քանակի հոդվածների ավելացման ուղղությամբ աշխատանքեր են կատարվել դեռևս ամիսներ առաջ, իսկ այս օրերին դրանք պարզապես տեղադրվում են ազատ հանրագիտարանում»,- ասաց Ս. Մկրտչյանը` նշելով, որ յուրաքանչյուր ժամ հայերեն Վիքիպեդիայում ավելանում է 350 և ավելի հոդված:

Այս ամենը, ըստ բանախոսի՝ հնարավոր է դարձել Ուկրաինայի բնակավայրերի և հուշարձանների վերաբերյալ կիսաավտոմատ հոդվածներ ստեղծելու շնորհիվ: «Նախ առանձին ամեն բնակավայրի համար տեղեկաքարտ ստեղծելը շատ աշխատատար է, ուղղակի այդ ամբողջ գործընթացը ավտոմատացվել է, որպեսզի ավելի արագ հնարավոր լինի նման հոդվածներ ստեղծելը»,- ասաց Ս. Մկրտչյանը:

Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ Վաչագան Ղռաթյանի խոսքով, օրինակ` բնակավայրերի պարագայում, երբ կա բազմաթիվ կրկնվող ինֆորմացիա, ապա նման դեպքերում Վիքի խմբագիրները նախընտրում են օգտագործել բոտեր (Բոտը` «ռոբոտ» բառի հակիրճ ձևն է` ավտոմատացված ծրագիր-գործընթաց է, որն, ասես, հանդես է գալիս որպես կենդանի մասնակից-խմբագրող: Դրանք Վիքիներում օգտագործվում են հիմնականում մանրակրկիտ կրկնվող խմբագրումներ կատարելու համար:- Լ.Մ.), որոնք արագացնում, հեշտացնում և մինիմալի են հասցնում ձեռքով աշխատանքը:

«Այս եղանակով մենք հնարավորություն ունենք բազմաթիվ, օրինակ, բնակավայրեր ավելացնել, որը նպաստում է կարճ ժամանակում հոդվածների քանակի մեծ աճին»,- ասաց Վ. Ղռաթյանը` նշելով, որ կիսաավտոմատացված եղանակով Վիքիպեդիան զարգացնելու վերաբերյալ իրենք հատուկ սեմինար և շնորհանդես են ունենալու «Վիքի կոնֆերանս Երևան 2013-ի» ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս