Վարորդները փակում են միջպետական ճանապարհը. ակցիա ընդդեմ Ծառուկյանի
Երևան-Չարենցավան և Երևան-Աբովյան թիվ 259 ավտոբուսային երթուղու վարորդները որոշել են առաջիկա օրերին փակել Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան միջպետական ճանապարհները: Նրանք բողոքում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «ՊԱԶԻԿ»-ների դեմ, որոնք աշխատում են նույն ուղղություններով:
«Օրենք չկա էս երկրում, ով ուժեղ ա՝ նա պիտի հաղթի: Բեգլարյան Գագոն կգա պատասխան կտա, ասում էր փակելու ենք էդ բարեգործական երթուղին, թույլ չենք տալու հին ավտբուսները քշեն, բա ո՞ւր ա նախարարը, թող կաբինիտից դուրս գա, հո խոսելով չի՞ մենակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարպետ Գրիշան:
«Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը (Պալաչ) վերջերս Հայաստան է ներկրել «Յութունգ» մակնիշի ավտոբուսներ, որոնք փոխարինել են Երևան-Աբովյան թիվ 259 ավտոբուսային երթուղիում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին:
Ավտոբուսներից 19-ը ներկրվել են 90 հազար դոլարով, 5-ը՝ 140 հազար դոլարով։ «Ավտոբուսները փոխեցինք, որովհետև ուզում ենք ավելի լավ սպասարկում ապահովել»,-օրեր առաջ ասել էր Ա. Հարությունյանը։ Նա նաև նշել էր, որ ավտոբուսների ձեռքբերման համար գումարները ձեռք են բերվել չինական բանկից, որը բավական լավ վարկային պայմաններ է առաջարկել ընկերությանը շատ լավ տոկոսադրույքով։ Գործարքի ամբողջական արժողությունը՝ 2,5 մլն դոլար է։
«Իմ երեխային սոված ա թողնում, դա բարերար ա՞ կոչվում, էդպես խոսելով չի, գործով թող ապացուցի»,-ասաց վարորդը: Նրա խոսքով, բարեգործական երթուղիներն անօրինական են և, ըստ օրենքի՝ պետք է արգելվի դրանց շահագործումը: «Բա խի՞ չի իրա փեսայի գծի վրա դնում, Կարամելի Հարութի գծի վրա դնում, բարեգործ ա հա՞… Չարագործ ա, մուռ ա հանում, մարդու ա ուզում ճնշի՞»,-ասաց վարորդը:
Հիշեցնենք, որ Արթուր Հարությունյանի (Պալաչ) և իր քավորի` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները որքան ժամանակ է՝ սրված են: Ըստ ԶԼՄ-ների՝ ԲՀԿ նախագահի Աբովյան-Երևան երթուղու ավտոբուսները սնանկացման եզրին էին հասցրել Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի վարորդները դեռևս անցյալ տարի ամռանը գործադուլի էին դուրս եկել` սպառնալով նաև փակել Աբովյան-Երևան մայրուղին: ՀՀԿ-ական Ա. Հարությունյանը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետին, տնտեսական մրցակցության հանձնաժողովին` խնդրելով պարզել, թե ինչո՞ւ Ծառուկյանը բարեգործական երթուղի չի բացում իր փեսայի և մյուս մերձավորների երթուղիների ուղղությամբ:
Մեր թղթակցի հետ զրույցում վարորդները նշեցին, որ ճանապարհը փակելու են այնքան ժամանակ՝ մինչև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը չգան ու հարցին լուծում չտան: «Չենք քշելու, չենք բացելու, տղա են՝ վերտալյոտով թող ձգեն հանեն: Էդ դեպքում էլ նստելու ենք, պառկելու ենք ճանապարհին, մեր ընտանիքներին կբերենք»,-ասացին վճռական տրամադրված վարորդները: