Կառավարությունը մտադիր է այս տարի ևս տնտեսական բարձր աճ ապահովել
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է առողջապահության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի նվազեցմանն ուղղված որոշումների մանրամասները մամուլի միջոցով փոխանցել հանրությանը:
Վարչապետն առաջարկել է ինչպես անցած տարի, այս տարի ևս ձեռնամուխ լինել տնտեսական աճի ցուցանիշի քննարկմանն ըստ ճյուղերի և ոլորտների: Նախարարները հանձնարարություն են ստացել վերլուծել իրենց ոլորտների տնտեսական աճը, որպեսզի կառավարության հաջորդ նիստն արդեն անդրադառնա այդ հարցին, մանավանդ որ ըստ ճյուղերի վեց ամսվա ամփոփ ցուցանիշներն արդեն հայտնի են: «Մենք պետք է կարողանանք գնահատել առկա ներուժն ու ապագա անելիքները, որպեսզի այս տարի ևս ապահովենք տնտեսական բարձր աճ,-հավելել է Տիգրան Սարգսյանը:- Մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային լուրջ փոփոխություններ, և մենք պետք է կարողանանք ի հայտ բերել այն բացասական միտումները, որոնք առկա են ըստ ճյուղերի և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ ոլորտներում ապահովենք աճի տեմպեր: Պետք է պարզել նաև այն ոլորտները, որտեղ ունենք բավականին բարձր աճի տեմպեր և այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ աճի տեմպերը լինեն կայուն: Հաջորդ շաբաթ կառավարության նիստում կանդրադառնանք այս հարցերին»: