Բաժիններ՝

Թռուցիկներ` տրանսպորտի պատասխանատուների պաշտոնանկության պահանջով

Այսօր առավոտից երևանյան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող երիտասարդները Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով թռուցիկներ են բաժանում մայրաքաղաքի փողոցներում: Այսօր, ինչպես նշում են ակտիվիստները, թիրախային են հատկապես Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկի կանգառի տարածքը և 18 համարի ավտովոբուսի երթուղին, որն, ըստ որոշ տեղեկություների, պատկանում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:

Զուգահեռ, արդեն 6-րդ օրն է, շարունակվում է տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս»-ի տնօրենի պաշտոնանկության պահանջով նստացույցը քաղաքապետարանի մոտ:

Քաղաքապետարանը, ընդառաջելով ակցիայի մասնակիցների խնդրանքին, արդեն 2 գիշեր է, ինչ անջատում է ոռոգման համակարգը, ինչի շնորհիվ նստացույցի մասնակիցները կարողանում են տեղավորվել մայթին և հարակից կանաչ տարածության վրա:

Ի դեպ, այսօր գիշերը չի անջատվել նաև փողոցային լուսավորությունը: Հիշեցնենք, որ նախօրեին, նստացույցի մասնակիցները գիշերել էին մթության մեջ:

Ինչպես տեղեկացանք ակցիայի մասնակիցներից, երեկոյան նախանշված է ակտիվիստների արդեն ավանդական դարձած հավաքը Մաշտոցի պուրակում, որտեղ քննարկվում են հաջորդ օրվա անելիքերը: Քննարկման ավարտին երիտասարդները երթով միանալու են քաղաքապետարանի դիմց անցկացվող նստացույցի մասնակիցներին` վերջիններին իրենց  աջակցությունը հայտնելու համար։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս