Նախապատրաստվում է հերթական աչքակապությունը ուղեվարձի հարցում
Ինչո՞ւ է շարունակվում բողոքը քաղաքապետարանի դեմ, եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց իր որոշումը, և ուղեվարձը կրկին դարձավ 100 դրամ։ Ինչո՞ւ են ակտիվիստները շարունակում պայքարել, պահանջել հրաժարականներ։ Ինչո՞ւ լեզու չեն գտնում ակտիվիստներն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։
Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան. ակտիվիստները խնդիրը դիտարկում են առավելապես իրավական և բարոյական հարթության մեջ, իսկ իշխանությունները փորձում են այն տեղափոխել զուտ սոցիալական, նյութական հարթություն։
Այսինքն՝ հասարակությունն ասում է ՝ հարցը 50 դրամը չէ, մեզ մի խաբեք, մենք ձեզ չենք հավատում։ Իսկ իշխանությունները պատասխանում են՝ մենք մեթոդներ կմշակենք, որպեսզի 150 դրամից անապահով խավերը չտուժեն։
Իշխանությունները հայտարարում են, որ 150 դրամ գինն անխուսափելի է և անհրաժեշտ՝ նորմալ տրանսպորտային համակարգ ունենալու համար։ Սակայն մեծահոգաբար ավելացնում են, որ իրենք այդ բեռը չեն թողնի սոցիալապես անապահով մարդկանց ուսերին։ Այսինքն՝ կողմերը խոսում են տարբեր բաների մասին։
«Ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաև այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում»,- ասել էր Տարոն Մարգարյանը՝ ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելու մասին իր հայտնի ուղերձում:
Նույն բանն այսօր 168.am-ի հետ զրույցում կրկնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Ըստ նրա՝ իրենք հիմա մտածում են` ինչպե՞ս սոցիալական տարբեր շերտերին օգնություն ցուցաբերեն, որպեսզի վերջիններս հաղթահարեն 150 դրամ ուղեվարձը: «Մարդը չունի, որ կարողանա 150 դրամ տալ: Դրա համար պետք է սոցիալական ծրագրեր իրականացնենք, որ Երևանն առանց տրանսպորտ չմնա»,- ասել է նա։
Ըստ ամենայնի, իրադարձությունները հենց այդ հունով էլ կզարգանան։ Կստեղծվի մասնագետների խումբ, որը կմշակի ինչ-որ մեխանիզմներ։ Արդյունքում՝ սոցիալական տարբեր խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ, անապահովներ) կկիրառվեն որոշակի զեղչեր։
Սակայն սա իրականում կլինի ամենամեծ աչքակապությունը։
Տրանսպորտային ընկերությունները, միևնույն է, կստանան իրենց 150 դրամը։ Պարզապես այլ ճանապարհով՝ ուղեվարձի ավելացած մասը կվճարի ոչ թե թոշակառուն կամ ուղևորը, այլ քաղաքային բյուջեն։ Այլ կերպ ասած՝ երևանցի հարկատուները։ Սա ոչ թե բացահայտում է, այլ դասագրքային ճշմարտություն՝ բոլոր տեսակի արտոնությունների և զեղչային համակարգերի դեպքում։ Այսինքն՝ հասարակության մի մասը վճարում է մյուսի փոխարեն, իշխանությունը լավամարդ է դուրս գալիս, իսկ գործարարը (տվյալ դեպքում` գծատերերը) շահում են։
Սուբսիդավորման ամենաթարմ օրինակը գազի գինն է։ Երբ կառավարությունը 30%-ով սուբսիդավորեց գազի գինը՝ փորձելով հերոսի և բարեգործի կերպարի մեջ մտնել։
Այն, որ քաղաքային իշխանությունը ցանկանում է գնալ հենց այս ճանապարհով, ակնհայտ է։ Պարզ չէ միայն, թե հասարակությունը որքանո՞վ թույլ կտա կյանքի կոչել այդ տարբերակը։