Թուրքիայի ռազմօդուժը կապահովեն ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանությունը Ռումինիայում
Թուրքիայի ռազմաօդային ուժերի 151-րդ ռեակտիվ ավիացիոն էսկադրիլիայի հրամանատարությունը 4 ամիս շարունակ Ռումինիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանությանը։
Առաքելության շրջանակում 5 միավոր F-16 կործանիչ և 111 զինծառայող 4 ամիս ծառայություն կանցկացնեն Ֆետեշտիի ավիաբազայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ թուրք զինծառայողները Ռումինիայում ծառայության ընթացքում պատշաճ կերպով կներկայացնեն Թուրքիան և նրա զինված ուժերը՝ պահպանելով անվտանգության առաջնահերթությունը և սերտ համագործակցելով դաշնակիցների հետ։
Ընդգծվել է, որ այս առաքելությունը ՆԱՏՕ-ի անվտանգության միասնական համակարգում դաշնակիցների համերաշխության և համատեղ գործելու կարողության կարևոր դրսևորում է։

