Գերմանական քաղաքները սկսել են չեղարկել սուրբծննդյան տոնավաճառները
Գերմանիայի մի քանի քաղաքների իշխանությունները չեղարկել են ավանդական սուրբծննդյան տոնավաճառները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։
«Մի շարք տոնավաճառներ ամբողջությամբ չեղարկվել են։ Պատճառները հաճախ գումարների հետ են կապված՝ դատարկ տեղական դրամարկղեր, ֆինանսավորման մասին ուշացած խոստումներ, անվտանգության նկատմամբ թանկարժեք պահանջներ, շինարարական աշխատանքներ…», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպես, օրինակ, Մյունխենի մոտ գտնվող Կիրխհայմ քաղաքում սուրբծննդյան շուկան չեղարկվել է հարկային եկամուտների կտրուկ անկման պատճառով, իսկ Գերմանիայի հյուսիսում գտնվող Գեստախտում քաղաքային իշխանությունները չափազանց ուշ են համաձայնեցրել սուբսիդիաների տրամադրումը, ինչի պատճառով կազմակերպիչները չեն հասցրել պատրաստել հարթակը։
Խոշոր քաղաքները ևս դժվարությունների են բախվել։ Բեռլինում այս տարի չի կայանա հայտնի Berliner Wintertraum տոնավաճառը գլխավոր կայարանի մոտ նոր հարթակի համաձայնեցման հետ կապված բյուրոկրատական դժվարությունների պատճառով։
Համբուրգի Դուլսբերգ շրջանում միջոցառումը չեղարկվել է ցածր մասնակցության պատճառով, իսկ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Հագեն-Հոհենլիմբուրգում չի հաջողվել կազմակերպիչ գտնել։
Նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Գերմանիայում սուրբծննդյան տանավաճառների և քաղաքային տոների ժամանակ անվտանգության ծախսերը միջինում աճել են 44%-ով։ Այժմ անվտանգության և ցանկապատերի տեղադրման համար ծախսվում է նման միջոցառումների ընդհանուր բյուջեի մոտ մեկ քառորդը։

