«Ես լավատես եմ, բայց ոչ նաիվ». Գևորգ Թամամյանի ուղերձը և ԱՀԿ-ն փոխելու ծրագիրը

«Բժի՛շկ, մի բան արեք, օգնե՛ք ինձ, ես չեմ ուզում մահանալ». այս խոսքերով է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու, հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը նոյեմբերի 18-ին սկսել ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների առջև իր ելույթը՝ ներկայացնելով կազմակերպության բարեփոխումների իր ծրագիրը։

Նա հիշել է մի աղջկա, որին չէր կարողացել ապահովել անհրաժեշտ բուժմամբ։ Աղջիկը մահացել էր՝ թողնելով մի հարց. արդյոք նրա ճակատագիրն այլ կլինե՞ր, եթե ծնված լիներ մեկ այլ երկրում։

«Այսօր ես առաջադրվել եմ այդ աղջկա համար։ Աշխարհագրությունը չպետք է որոշի՝ ով կապրի», — հայտարարել է Թամամյանը՝ ընդգծելով, որ պայքարում է նաև այն մարդկանց համար, որոնց կյանքերը հնարավոր էր փրկել, սակայն դա տեղի չի ունեցել անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով։

Նա հիշատակել է ամիսներով բուժման սպասող քաղցկեղով հիվանդներին, COVID-19-ի ընթացքում պատվաստանյութերի անհասանելիության հետևանքով մահացած բուժաշխատողներին և ռմբակոծությունների պայմաններում հիվանդներ տարհանող ԱՀԿ աշխատակիցներին՝ շեշտելով, որ կազմակերպության առաջնային առաքելությունը պետք է լինի մարդկային կյանքերի փրկությունը։

«Ես երբեք չեմ աշխատել ԱՀԿ-ում, երբեք նախարարություն չեմ ղեկավարել։ Շատերն ինձ անվանում են դրսից եկած թեկնածու», — ասել է Թամամյանը՝ ներկայացնելով սահմանափակ ռեսուրսներով առողջապահական համակարգեր զարգացնելու իր փորձը։

2015 թվականին Բոստոնից Հայաստան վերադառնալով՝ նա իր թիմի հետ զարգացրել է մանկական ուռուցքաբանական ծառայությունները, պատրաստել մասնագետների նոր սերունդ և ստեղծել հիմնադրամ, որն արդեն ինը տարի ապահովում է երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների ախտորոշման ու բուժման ծախսերը։ Նրա խոսքով՝ ԱՀԿ մասնագետները հայկական մանկական ուռուցքաբանական ծառայությունները գնահատել են հետխորհրդային տարածաշրջանի լավագույններից մեկը։

Թամամյանը պատմել է նաև 11-ամյա աղջկա մասին, որի բուժման ընդունված տարբերակներն այլևս արդյունք չէին տալիս։ Բժշկական թիմի համարձակ որոշումը հնարավորություն էր տվել երեխային չորս շաբաթ անց ինքնուրույն տուն վերադառնալ։

«Դա ռիսկ էր, բայց ոչինչ չանելն էլ որոշում էր»,- ասել է նա՝ կարևորելով ԱՀԿ-ի աջակցությունը դժվար որոշումներ կայացնող բուժաշխատողներին։

Անդրադառնալով իր համահիմնադրած OncoDaily միջազգային ուռուցքաբանական հարթակին, որը երեք տարում վերածվել է շուրջ 80 աշխատակից ունեցող կազմակերպության, նա շեշտել է երիտասարդ մասնագետներին վստահելու կարևորությունը՝ զգուշացնելով, որ երիտասարդներից հրաժարվող կազմակերպությունը վտանգում է սեփական ապագան։

Ելույթի ընթացքում Թամամյանն անդրադարձել է նաև Բոտսվանայի կողմից իր առաջադրմանը։ Նրա խոսքով՝ երբ առանց դիվանագիտական կապերի սկսել էր այլ երկրից առաջադրվելու հնարավորություններ փնտրել, արհեստական բանականությունը դրա հավանականությունը գնահատել էր զրո։

«Բայց ես, միևնույն է, գնացի։ Եվ այսօր այստեղ կանգնած եմ Բոտսվանայի կողմից առաջադրված՝ որպես այս ընտրապայքարի միակ միջտարածաշրջանային թեկնածու», — հայտարարել է նա՝ շնորհակալություն հայտնելով Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և նրա թիմին՝ ազգային պատկանելությունից վեր կանգնելու համար։

«Ես լավատես եմ՝ հստակ ծրագրով»,- ընդգծել է Թամամյանը՝ ներկայացնելով ԱՀԿ բարեփոխումների երեք ուղղությունները՝ «ԱՀԿ՝ մարդկանց համար», «ԱՀԿ՝ երկրների համար» և «ԱՀԿ՝ հաշվետու արդյունքների համար»։

Ծրագիրը ներառում է 12 չափելի պարտավորություն, իսկ Թամամյանը հայտարարել է, որ եթե առաջին պաշտոնավարման ընթացքում չիրականացնի դրանց առնվազն 80 տոկոսը, չի առաջադրվի երկրորդ ժամկետի համար։ Նա նաև հանդես է եկել ԱՀԿ-ն քաղաքական ազդեցություններից զերծ պահելու օգտին՝ կոչ անելով անդամ երկրներին թեկնածուներին գնահատել ըստ նրանց աշխատանքի, փորձի և ներկայացրած ծրագրերի, այլ ոչ թե քաղաքական պայմանավորվածությունների։

«Մարդասիրությունը գործնականում նշանակում է մեկ բան՝ կյանքեր փրկել։ Դա է ԱՀԿ-ի հիմնական առաքելությունը»,- ընդգծել է նա։

Ելույթի ավարտին Թամամյանը խոսել է նաև ընտանիքի մասին՝ կնոջ, որը զոհաբերել է բժշկի սեփական կարիերան՝ իրեն աջակցելու համար, և դուստրերի, որոնք հաճախ խնդրում են այլևս չճանապարհորդել։ Նրա խոսքով՝ հենց նրանց համար աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկությունն է իր առաջադրման շարժառիթներից մեկը։

Իր ելույթը Թամամյանն ավարտել է անկախության և մարդկությանը ծառայելու ուղերձով.

«Ես չեմ պատկանում ո՛չ որևէ մեծ, ո՛չ էլ որևէ փոքր տերության։ Ես առաջարկում եմ պատկանել ձեզանից յուրաքանչյուրին և յուրաքանչյուր մարդու»։

Գևորգ Թամամյանն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրվել է Բոտսվանայի Հանրապետության կողմից։ ԱՀԿ նոր գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսված է 2027 թվականի մայիսին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30