ՌԴ-ն ու Հայաստանը նախանշել են գիտակրթական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները

Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել են ռուս-հայկական գիտակրթական երկրորդ համաժողովին։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Միջոցառմանը մասնակցել են երկու երկրների 43 առաջատար համալսարանների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում առանձնացվել են գիտակրթական համագործակցության մի քանի հիմնական ուղղություններ։ Դրանց թվում են համատեղ գիտական հետազոտությունների զարգացումը, կրթական ծրագրերի ընդլայնումը, ուսանողների և դասախոսների փոխանակման խթանումը, ինչպես նաև Ռուս-հայկական համալսարանի ներուժի զարգացումը։

Վալերի Ֆալկովը նշել է, որ համատեղ հետազոտությունների համար լավ հիմք է Հայաստանի մասնակցությունը Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին։ Նա նաև հրավիրել է հայկական պատվիրակությանը այցելել Նովոսիբիրսկի մարզում գտնվող ՍԿԻՖ կայանքն ու Լենինգրադի մարզի ՊԻԿ ռեակտորը։

Նրա խոսքով՝ ռուսական մի շարք բուհերի կրթական ծրագրերը մեծ պահանջարկ ունեն Հայաստանի դիմորդների շրջանում։ 2025-2026 ուսումնական տարում երկու երկրների ավելի քան հազար ուսանող և դասախոս մասնակցել է փոխանակման ծրագրերին։

Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի համալսարանների ու գիտական կազմակերպությունների միջև կնքվել է համագործակցության 443 համաձայնագիր, որոնց շրջանակում իրականացվում է 159 նախագիծ։

Անդրադառնալով Ռուս-հայկական համալսարանին՝ Ֆալկովը նշել է, որ այնտեղ ներկայում սովորում է ավելի քան 6 հազար մարդ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել ամրապնդել համալսարանի ներուժը, ընդլայնել գիտական գործունեությունը և նոր հնարավորություններ ստեղծել ուսանողների ու դասախոսների համար։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է ռուս գործընկերների հետ մասնագիտական կապերի ընդլայնման, համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի և ակադեմիական փոխանակումների զարգացման կարևորությունը։

Համաժողովի ավարտին կողմերը ստորագրել են Ռուս-հայկական համալսարանի Կառավարման խորհրդի կանոնակարգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30