Կամարիս գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի
Կամարիս գյուղը Կոտայքի մարզի ոչ այդքան հարուստ գյուղերից է համարվում: Գյուղացիներն այստեղ զբաղվում են շինարարությամբ, արտագնա աշխատանքով, կաթ, մածուն կամ տնամերձ այգու պտուղներն են վաճառում Աբովյան քաղաքում:
Գյուղապետ Զարզանդ Երգորյանը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գյուղում ոռոգման ջրի միայն 30%-ն է լուծված: Գյուղացիները խմելու ջրով են իրենց հիմնական աշխատանքներն անում և հենց ոռոգման ջրի պատճառով չեն կարողանում մշակել հողերի մեծ մասը: «Այս տարի բերք չունեցանք: Ցրտահարվեց ու կարկտահարվեց ողջ բերքը: Անցյալ տարի գոհ էինք, այս տարի՝ ոչ»,- ասաց գյուղապետը:
Կամարիս գյուղի գլխավոր ճանապարհներն ասֆալտապատ են ու լուսավորված, սակայն գյուղամիջում ճանապարհներն անմիխիթար են: 168.am-ի հետ զրույցում գյուղապետը հավաստիացրեց, որ նոր ջրագծերն անցկացնելուց հետո գյուղամիջի ասֆալտապատումն էլ կիրականացվի: Առհասարակ, շատ աշխատանք կա անելու՝ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին վերականգնելու համար շուրջ 11 միլիոն դրամ է փոխանցվել, հանրապետության նախագահին ուղղված նամակի պատասխանն էլ սպասեցնել չի տվել. գյուղի դպրոցը, որը գրեթե վթարային վիճակում է գտնվում՝ վերանորոգվելու է, սպասում են:
Գյուղացիները, սակայն, մեղմ ասած, չեն հավատում դրական տեղաշարժերի: «Թոռս ուսանող է: Վերջացնի՝ նստելու է տանը, ոչ թիկունք ունենք, ոչ բարեկամ վերևներում, որ առաջ գնա»,- ասում է Կիմա տատիկը, ով օգնություն ստանալու հույս էլ չունի: Որդուն Ռուսաստանի Դաշնությունում սպանել են, երեք թոռները, հարսը ու նա մի կերպ են ապրում: Իսկ նրանց նման ընտանիքներ շատ կան այստեղ:
Կոտայք
Լուսանկարները՝ հեղինակի