Այս տարի ռուսական շուկա է ուղարկվել ավելի քան 615.000 լիտր վրացական գինի և կոնյակ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) հայտնել է, որ այս տարի վրացական գինու և կոնյակի վրա դրված բեռնարգելքի վերացումից հետո ռուսական շուկա է ներկրվել ավելի քան 600.000 լիտր վրացական գինի և կոնյակ:
Գերատեսչության տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելու իրավունք է ստացել վրացական ալկոհոլ արտադրող 27 ընկերություն և հանքային ջուր արտադրող 2 ընկերություն:
2013 թվականին ալկոհոլ արտադրող վրացական 6 ընկերություններ իրենց արտադրանքի 141 խմբաքանակ են ուղարկել Ռուսաստան: Խոսքը գնում է 617.077 լիտրի մասին: Միայն նախորդ շաբաթ Ռուսաստան է ուղարկվել 61 խմբաքանակ՝ 226.579 լիտր:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Վրաստանից Ռուսաստան էր ուղարկվել «Բորժոմի» հանքային ջրի չորս խմբաքանակ՝ 146.500 լիտր հանքային ջուր: