Կստեղծվի «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» նախաձեռնություն

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Աղվան Վարդանյանն այսօր հայտարարեց «Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին: Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ով սպանվեց հենց գյուղապետարանի առջև: «Հրաչ Մուրադյանը իսկական ազատամարտիկ էր, անցել էր Արցախյան պատերազմի բոլոր ճակատներով: Նա հանրային ծառայող էր ու իր կյանքով, ապրելակերպով երկրին, պետությանը, գյուղին նվիրված մարդ էր: Գործի բացահայտումը պետք է լինի պետական ու անկախ մարմինների աչքի առաջ ու պետք է սպանության իրական հեղինակները բացահայտվեն. մեզ պետք չէ անմեղ մարդկանց դատապարտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աղվան Վարդանյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք մեծ ցանկություն ունեն, որ մարդկանց մեջ հույս լինի արդարադատության հանդեպ. «Մեր ցավերից մեկն այն է, որ հասարակության զգալի շերտերը պետական ինստիտուտների, դատարանների, իրավապահ մարմինների հանդեպ անվստահություն ունեն: Թվում էր, թե որպես ընդդիմություն մեզ ձեռնտու է այս վիճակը, բայց ոչ՝ մեզ համար Հայաստանի արդարադատությունը բարձրագույն արժեք է»: ՀՅԴ պատգամավորը նշեց նաև, որ հասարակական այս շարժման ստեղծումը կուսակցական նախաձեռնություն չէ. իրենք պարզապես նպատակ ունեն, որ հասարակությունն ակտիվ մասնակցություն ունենա, պահանջներ դնի այս գործի շրջանակներում: «Մենք նպատակ ունենք այս շարժմամբ անընդհատ հետևողական լինել, պահանջել, որ գործը բացահայտվի: Նպատակ ունենք նաև, որ Հրաչ Մուրադյանի ու իր նմանների կերպարը ներկայացվի հասարակությանը»,- ասաց Ա. Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս