Բաժիններ՝

Դպրոցներում հիջաբի սահմանափակումը քննադատող ադրբեջանցի աստվածաբանը կալանավորվել է

Ադրբեջանցի աստվածաբան Աբգյուլ Սուլեյմանովը 30 օրով վարչական կալանքի է ենթարկվել։ Այս մասին Meydan TV-ին հայտնել էր նրա կինը՝ Զահրա Սուլեյմանովան.

«Աբգյուլն այսօր առավոտյան զանգեց։ Ասաց, որ երեկ իրեն տարել են Բաքվի քաղաքային ոստիկանության գլխավոր վարչություն։ Այսօր տեղափոխել են Բինագադի։ Հիմա փաստաբանը պետք է հանդիպի նրան։ Մեքենայի բանալիներն ու հեռախոսը վերցրել են»,- Meydan TV-ին ասել է նա։

Սուլեյմանովին, իհարկե, պաշտոնապես մեղադրել են ոստիկանության աշխատակցի պահանջին դիտավորյալ չենթարկվելու մեջ, սակայն ընտանիքը պնդում է, որ կալանքը կապված է սոցիալական ցանցերում՝ Facebook-ում նրա գրառումների հետ, որոնցում նա քննադատել էր դպրոցներում հիջաբ կրող աղջիկների նկատմամբ հնարավոր արգելքը։

«Եթե համարձակվեն հիջաբով դպրոց հաճախող աղջիկներին արգելել սովորել, ես կընտրեմ բանտն ու այնտեղ կմեռնեմ։ Ամեն դեպքում այս երկրում բոլորը բանտային կյանքով են ապրում»,-սեպտեմբերի 22-ին Facebook-ում գրել էր Սուլեյմանովը։

Հիշեցնենք, վերջերս Ադրբեջանը փոփոխություններ է մտցրել «Ընդհանուր կրթության մասին» օրենքում՝ հանրակրթական համակարգը աշխարհիկ դարձնելու համար։ Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս բազմիցս սահմանափակել են դպրոցներում հիջաբի կրումը, որը տեղի կրոնական գործիչների բողոքների պատճառ էր դարձել։

Բաքուն հրապարակավ չի հայտարարել, որ դպրոցներում հիջաբի արգելք է սահմանելու։ Ամիսներ առաջ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե որոշ դպրոցներում հիջաբ կրող աշակերտներին թույլ չեն տալիս մասնակցել դասերին՝ պատճառաբանելով հագուստի կանոնների խախտումը։

Նշենք, որ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ տարբեր տարիների և բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, բախումներ ուժայինների հետ: Սա նաև Սուլեյմանովի առաջին ձերբակալությունը չէ։ Դպրոցներում հիջաբի արգելքի դեմ նախորդ բողոքի ցույցերի ժամանակ՝ 2011-ի օգոստոսին, նրան մեղադրել էին անկարգություններ կազմակերպելու, հասարակական կարգը խախտելու փորձի և մարդկանց անհնազանդության դրդելու մեջ։ Ընդ որում, սկզբում նրան ձերբակալել էին թմրանյութ պահելու մեղադրանքով։ Ավելի ուշ Սուլեյմանովը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման և ազատ արձակվել 2022-ի սեպտեմբերին։

2026-ի հուլիսի 7-ին Ադրբեջանը փոփոխություններ մտցրեց «Ընդհանուր կրթության մասին» օրենքում, ըստ որի՝ երկրի հանրակրթական համակարգը աշխարհիկ է, աշակերտներն ու ուսուցիչները պարտավորվում են պահպանել հագուստի սահմանված պահանջները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930