Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը
Շվեյցարական Nestle-ի և ֆրանսիական Auchan-ի ռուսաստանյան ակտիվների ժամանակավոր կառավարման հանձնումը, որի մասին Կրեմլը հայտարարել էր հինգշաբթի երեկոյան, կդառնա ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում եվրոպական ընկերություններից բիզնեսի առգրավման ամենախոշոր դեպքերից մեկը։
Վլադիմիր Պուտինի նախագահական հրամանագրի համաձայն՝ միլիարդավոր եվրո արժողությամբ ակտիվները կանցնեն «Լ. Ե. Վ. Մենեջմենթ» ընկերությանը, որն ունի ընդամենը մեկ աշխատակից և 15 հազար ռուբլի կանոնադրական կապիտալ։
Ընկերությունը, որի ղեկավար է նշանակվել ՆԳՆ գեներալ-մայոր Անդրեյ Կրայուշկինը Պուտինի հրամանագրից մեկ շաբաթ առաջ, կստանա Nestle-ի վեց գործարան՝ 7 հազար աշխատակցով և տարեկան 2,5 միլիարդ դոլար հասույթով, ինչպես նաև «Աշան» սուպերմարկետների ցանցը, որը գործում է ավելի քան 20 տարի, ունի ավելի քան 200 առևտրային կետ և 30 հազար աշխատակից։
Bloomberg-ի հաշվարկներով՝ 1990-ականներից Ռուսաստանում գործող Nestle-ի և 2000-ականների սկզբին բիզնես բացած Auchan-ի ակտիվների առգրավումը եվրոպացի ներդրողների սեփականության ամենախոշոր բռնագրավումը կդառնա առնվազն 2024 թվականից ի վեր։ Այդ ժամանակ «ժամանակավոր կառավարման» էին փոխանցվել բելգիական AB InBev-ի և թուրքական Anadolu Efes-ի գարեջրի գործարանները։ Նույն թվականին Կրեմլը առգրավել և «Գազպրոմին» էր փոխանցել նաև Ariston և Bosch կենցաղային տեխնիկայի գործարանները, որտեղ մինչև պատերազմը արտադրվում էին սառնարաններ և լվացքի մեքենաներ՝ տարեկան շուրջ 50 միլիարդ ռուբլու վաճառքով։
2023 թվականի հուլիսին նմանատիպ ընթացակարգ կիրառվեց Danone Russia-ի՝ երկրում կաթնամթերքի խոշորագույն արտադրողի նկատմամբ։ Ի վերջո, մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ բիզնեսն անցավ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին մոտ կանգնած մարդկանց։ Այդ նույն ժամանակ առգրավվեցին նաև դանիական Carlsberg-ի , իսկ 2022 թվականին՝ ֆիննական Fortum-ի և գերմանական Uniper-ի ակտիվները, որոնք ռուսական էլեկտրաէներգետիկայի խոշորագույն արևմտյան ներդրողներից էին։
Nestle-ի և Auchan-ի նկատմամբ «ժամանակավոր կառավարման» մասին որոշումը կապված է այն բանի հետ, որ դրանք «եվրոպական, ոչ բարեկամական երկրների» ընկերություններ են, ուրբաթ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

