Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոք է ներկայացրել՝ ՌԴ-ի կողմից հայկական արտադրանքի սահմանափակումների պատճառով
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հարցը լուծելու համար ակտիվորեն օգտագործում է ԵԱՏՄ-ի շրջանակում գործող մեխանիզմները։
«Մենք բողոք ենք ներկայացրել և հույս ունենք, վստահ ենք, որ մեխանիզմները պետք է գործեն, որպեսզի խոչընդոտները վերացվեն»,- ասել է Գասպարյանը։
Նա նշել է, որ, հայկական կողմի գնահատմամբ, Ռուսաստանի կիրառած սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին և սկզբունքներին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մայիսի վերջից փուլային սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ՝ դրանք հիմնավորելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։
Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղիկները, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրերը, ինչպես նաև կենդանի ձուկը և ձկնամթերքը, կաթնամթերքը։
Սահմանափակումները ներառում են նաև հայկական ծագման արտադրանքի՝ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ տարանցման արգելքը։

