Տափակ գորտնուկը տարածել էին ամբողջ ճակատով․ Կոսմետոլոգնե՛ր, մաշկային գոյացություններից հեռո՛ւ մնացեք
Մաշկային բարորակ գոյացությունների առաջացման պատճառների, դրանցից ձերբազատվելու մասին զրուցել ենք վիրաբույժ Հրաչյա Ալեքսանյանի հետ։

– Մաշկային ո՞ր գոյացություններն են տարածված։
– Մաշկային բարորակ գոյացություններից տարածված են լիպոման, աթերոման, հեմանգիոման, պապիլոման, գորտնուկները և այլն։ Բարորակ գոյացությունները կարելի է հեռացնել, երբեք չարորակացման վտանգ չկա։
Օրինակ, աթերոման, որը ենթակա է վիրաբուժական հեռացման, իրենից ներկայացնում է ճարպագեղձի խցանում։ Առաջացման հիմնական պատճառները ճարպագեղձի ծորանային ապարատի խցանումն է՝ բորբոքման, տրավմայի, ճարպի որակի փոփոխության հետևանքով։ Արդյունքում առաջանում է պարկավորված գոյացություն, որը բարորակ է, և կտրվածքային հեռացումը կատարվում է տեղային անզգայացմամբ։
Իսկ լիպոման, ի տարբերություն աթերոմայի՝ ճարպագեղձի հետ ընդհանրապես կապ չունի։ Ճարպային բջիջների գերկուտակումն է՝ լինում է կապսուլավորված, ունի նաև փռված տարբերակը։ Լիպոման ճարպային բջիջների գերմեծացումն է։ Անձի քաշի ավելացմանը զուգահեռ՝ լիպոման կարող է մեծանալ։ Լիպոմայի հեռացումը նույնպես կատարվում է կտրվածքային մեթոդով։ Տեղակայված է ենթամաշկային ճարպաբջջանքում։ Լիպոման առաջանում է նաև տրավմաների հետևանքով. մարդիկ երբեմն նշում են, որ այդ հատվածում հարված են ստացել։
– Ինչպե՞ս տարբերել լիպոման և աթերոման։
– Լիպոմայի առավել հաճախ տեղակայումներն են իրանը՝ կրծքային և թիկունքային հատվածներում, վերջույթներում, նաև որովայնի առաջնային պատին են լինում։ Առաջացման հիմքում ժառանգական նախատրամադրվածությունն է, գոյություն ունի նաև հետտրավմատիկ առաջացման տեսությունը։ Լիպոմաները չեն բորբոքովում։ Նեղություն են պատճառում միայն մեծ չափերի պարագայում։
Աթերոմաները, ի տարբերություն լիպոմայի, տեղակայվում են այն զոնաներում, որոնք հարուստ են ճարպագեղձերով։ Շատ են տեղակայվում գլխամաշկի մազածածկ հատվածում, իրանի հատվածում, պարանոցին, հետականջային զոնայում։
Աթերոմաները մեծանում են։ Քանի ճարպագեղձը կենդանի է, թաղանթն «արտադրում» է ճարպ, և լիպոման դրան զուգահեռ՝ մեծանում է։ Կարող է ինֆեկցիա միանալ և աթերոման բորբոքվի, և այս դեպքում գործ ունենք ինֆեկցված աթերոմայի հետ։ Պետք է այն հեռացվի կապսուլայով՝ թաղանթով, որպեսզի հետագայում կրկնություն չլինի։
– Եթե մարդը հարբուխ է, օրգանիզմում կա բորբոքային պրոցես, աթերոման կարո՞ղ է մեծանալ։
– Ոչ, հարբուխն ընդհանրապես կապ չունի աթերոմայի հետ։ Աթերոմայի ինֆեկցիոն թափանցումը լինում է ծորանային ապարատից կամ աթերոմայի հարակից ճարպային բջջանիքի ինֆեկցիոն բորբոքումից։ Հիմնականում մաշկային հարուցիչներն են, որոնք նորմայում գոյություն ունեն մեր մաշկում. ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր և այս դեպքում թարախակալում է լինում ճարպագեղձի ներսում։ Չհետևելու, չհեռացնելու պարագայում բորբոքումն անցում կկատարի հարակից ճարպաբջջանք։
– Աթերոման ինքնուրույն կարո՞ղ է փոքրանալ։
– Տեսականորեն հնարավոր է փոքրանա, և դա պայմանավորված է ծորանի խցանման վերացմամբ։ Եթե աթերոմայի խցանված ծորանը բացվի, պարունակությունը դատարկվի՝ կփոքրանա, բայց դա հարցի լուծում չէ։ Կարող է բերել ինֆեկցիայի ներթափանցման։
Գոյություն ունեն մարդիկ, որոնք աթերոմաների հակում ունեն։ Վերջերս մոտ 80 տարեկան տատիկին թոռնուհին բերել էր, և նրա գլխին 10-յակ տարիներ աթերոմաներ կային՝ կալցիֆիկացված պատերով։ Կատարեցի հեռացում, նկատեցի, որ հարակից հյուսվածքները պինդ ու ամուր են։ Հյուսվածքները փոփոխված էին, որոշեցինք բիոպսիա կատարել ու հատակին երկրորդ աթերոմային հանդիպեցինք, որն իր խորությամբ հասնում էր մինչև գանգոսկր։ Այսինքն՝ աթերոմայի տակ ևս մեկ աթերոմա կար։
Պատահում է, որ ինքնուրույն են փորձում ազատվել աթերոմայից։ Սեղմում են, ծակում, վնասում և այդ պարագայում աթերոման վերածում են թարախակույտի՝ ինֆեկցիայի հետևանքով։
Նման խնդիր պապիլոմաների, ակրոխորդոնների, գորտնուկների ժամանակ է շատ դիտարկվում։ Փորձեր են կատարում նաև քիմիական նյութերով․ վառում են, վնասում։ Խորհուրդ եմ տալիս ինքնաբուժմամբ չզբաղվել, քանի որ ոչ բժիշկը չի հասկանում պապիլոմայի, գորտնուկի առաջացման պատճառը։

– Որո՞նք են գորտնուկների, ակրոխորդոնների առաջացման պատճառները։
– Իրականում ակրոխորդոններն այլ պատճառով են առաջանում, գորտնուկների, պապիլոմաների հիմքում պապիլոմավիրուսն է։ Սա վիրուս է, որն ախտահարում է մեր մաշկը։ Ակրոխորդոնը մաշկային ելուստ է։ Ոտիկի վրա կախված փափուկ գոյացություն է, ծագման հիմքում տարբեր գործոններ կան։ Մաշկի այն զոնաները, որոնք հաճախ շփվում են՝ այդտեղ է առաջանում, լինում է նյութափոխանակային խանգարումների ժամանակ, այդ թվում՝ ճարպակալման, շաքարային դիաբետի ժամանակ։ Հեռացվում է էլեկտրակլագուացիոն մեթոդով։
Շատ են լինում բուժառուներ, որ գալիս են՝ ակրոխորդոնը թելով կապված վիճակում։ Լինում է, որ մազն է փաթաթվում ակրոխորդոնին, պապիլոմային, բերում բորբոքման։ Կատարվում է հեռացում, բայց այս դեպքում մարդն այդ զոնայում ունենում է այտուց, կարմրություն, ցավ։
– Գորտնուկներն ավելի շատ հանդիպում են երիտասա՞րդ տարիքում։
– Վերջին տարիներին, ես կասեի, բոլոր տարիքի մարդկանց մոտ հանդիպում է։ Միգուցե առաջ էլ կար, ուղղակի դիմելիությունն էր ցածր։
Ցավոք, վերջին շրջանում շատացել են հարեղունգային պապիլոմաները, գորտնուկները, որոնք առավել դժվար է բուժել։ Կրկնությունները հաճախ են։
Օրերս եկավ բուժառու՝ դեմքի զոնայում տափակ գորտնուկներով, որ արտաքինից նույնիսկ հնարավոր չէ տարբերակել։ Կոսմետոլոգները երիտասարդ աղջկա ճակատին փորձել էին պիլինգներ, տարբեր պրոցեդուրաներ անել և այդ ընթացքում տափակ գորտնուկը հասցրել էին տարածել ամբողջ ճակատով։ Կհորդորեմ կոսմետոլոգներին՝ ուշադրություն դարձնել գորտնուկների առկայությանը, իրենց գործիքների ախտահարմանը։ Անհասկանալի գոյացությունների էլ եթե հանդիպեն՝ պիլինգի և այլ պրոցեդուրաների դեպքում՝ շրջանցեն։
– Գորտնուկներն ինքնուրույն կարո՞ղ են անցնել։
– Հազվադեպ, բայց հնարավոր է։ Օրգանիզմը կարող է հաղթահարել վիրուսին, լռեցնել, քնեցնել։ Նման բան լինում է նաև խալերի ժամանակ։ Մարդն ասում է՝ ունեի խալ՝ վերացավ։
– Մաշկային ինչպիսի՞ գոյացություններ են հեմանգիոմաները։
– Մաշկային բարորակ գոյացություն է, բարորակ անոթային ուռուցք։ Սիրում են տեղակայվել մաշկում, լինում են մասնավորապես լյարդում, ողնաշարի ոսկրերում, ինչի հետևանքով երբեմն ողնաշարի կոտրվածքներ են առաջանում։ Մաշկայինը հեռացվում է էլեկտրակոագուլացիայի մեթոդով. պրակտիկորեն աչքի առջև հեռանում է հեմանգիոման։ Ունի գենետիկ նախատրամադրվածություն։ Իրականում մեծ չափերն են վտանգավոր։
Լյարդի հեմանգիոմաները մինչև 5 սմ, հսկվում են, դրանից մեծն ու եզրային տեղակայման դեպքում ռիսկ ունի վնասվելու, արյունահոսելու։ Հեմանգիոմաների հիմնական ռիսկն արյունահոսությունն է։ Ասեմ ավելին, եղել են կոսմետոլոգներ, որոնք փորձել են հեռացնել հեմանգիոմա, ու բուժառուն կես ժամ հետո հայտնվել է մեզ մոտ։

Հեռացումն իրենից ենթադրում է անոթի խցանում։ Եթե սնուցող անոթի խցանում չկատարվեց՝ դա չի համարվում բուժում։ Պետք է հուսալիորեն խցանել սնուցող անոթը։ Ասել եմ, էլի եմ կրկնում՝ մաշկային գոյացություններից հեռո՛ւ մնացեք։ Նույնիսկ կայք կա, որ 100-ավոր կոսմետոլոգներ են գրանցված, որոնք իրար նկարներ են փոխանակում գոյացությունների, այդ թվում՝ չարորակ, ու միասին որոշում են՝ հեռացնե՞լ, թե՞ չհեռացնել։

