Ծառուկյանի լռության գինը
Քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության ու օֆշորային սկանդալի շուրջ բարձրացված աղմուկի ֆոնին, առանձնանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լռությունը: Իհարկե, որոշ ԲՀԿ-ականներ ստիպված ինչ-որ մեկնաբանություններ տալիս են մամուլին, սակայն ակնհայտ է, որ դա անում են՝ այլ ելք չունենալով, որպեսզի ավելի չընդգծեն խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող ուժի լռությունը երկրում կատարվող կարևոր գործընթացների վերաբերյալ:
Սակայն ԲՀԿ-ականների կցկտուր մեկնաբանություններն ավելի ակնհայտ են դարձնում, որ նրանց հրահանգված է լռել, անգամ ինչ-որ բան ասելու դեպքում՝ ասել հնարավորինս լղոզված, առանց որևէ որոշակիության: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ ընդամենը երկու-երեք ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանին երկրի կործանման մեջ մեղադրող, ընդհանրապես իր թիրախը դարձրած ԲՀԿ-ի ձայնը չի լսվում, երբ Վերահսկիչ պալատը խոշորածավալ չարաշահումների բացահայտումների մեջ մեղադրում է կառավարությանը, երբ օֆշորային սկանդալը կապվում է ուղիղ Տիգրան Սարգսյանի անվան հետ:
Մինչդեռ ԲՀԿ-ականները հիմա հայտարարում են, որ ցանկություն չունեն խոսել Տիգրան Սարգսյան անձի մասին, որ իրենք թշնամիներ չունեն, և պայքարում են ոչ թե անձերի, այլ երևույթների դեմ: Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարում էր, թե քաղաքական ուժերն իրավունք չունեն երկիրն այս վիճակում թողած՝ ամառային արձակուրդի մեկնել, որևէ բառ չի ասել նշված երկու կարևոր իրադարձությունների վերաբերյալ: Նա ընդհանրապես ոչինչ չի ասել Աբովյանում իր կառուցած եկեղեցու բացման ժամանակ հնչեցրած հայտարարությունից հետո: Իսկ հայտարարությունը, հիշեցնենք, այն մասին էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի և չի կարող դառնալ:
Թե ինչու է երկրում ներիշխանական հակասությունների, կոռուպցիոն սկանդալների այս փուլում ԲՀԿ-ն անցել «խոր լռության» ռեժիմի, կարող են մի շարք բացատրություններ լինել: Ամենահավանականը, սակայն, այն է, որ ԲՀԿ-ն այս փուլում որոշել է ռիսկի չգնալ, և հետևելով ներիշխանական առճակատմանը՝ հարմար պահի «վաճառել» իր լռությունը: Դեռևս շատ դժվար է ասել՝ ո՞վ կհաղթի Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան առճակատման մեջ, հատկապես, որ նախագահականում տեղի ունեցած հայտնի քննարկումից հետո Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ աջակցում է վարչապետին, որի պաշտոնը տարիներ շարունակ համարվում էր(է) ԲՀԿ-ի (Ռոբերտ Քոչարյանի) նպատակակետը: Այս պայմաններում ակտիվություն ցուցաբերելը կարող է ռիսկային համարվել ԲՀԿ-ի համար, հատկապես, որ խորհրդարանական-նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ չի վերականգնել վստահությունը Սերժ Սարգսյանի մոտ:
Եթե դա ռիսկային չհամարվեր, ԲՀԿ-ն այս դիմակայության մեջ գոնե ձևի համար կպաշտպաներ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին, հատկապես որ, վերջինս ՀՀԿ-ում ու Սերժ Սարգսյանի մոտ միշտ հանդես է եկել ԲՀԿ-ին պաշտպանողի դերում: Բայց ավելորդ ակտիվությունը, ինչպես նշեցինք, կարող էր այս անգամ չներվել, հետևաբար՝ Ծառուկյանը գերադասել է լռել՝ բառի ուղղակի և կուսակցական իմաստով:
Կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե տեսականորեն այս դիմակայության մեջ հաղթի Հովիկ Աբրահամյանը, ինչպե՞ս է իր լռությունը բացատրելու ԲՀԿ-ն: Սակայն այդ տարբերակը ևս, ըստ ամենայնի, հաշվարկված է:
ԲՀԿ-ի լռության ֆոնին, ի պաշտպանություն Վերահսկիչ պալատի ու ի քննադատություն Սերժ և Տիգրան Սարգսյանների, հանդես է եկել վաղուց ԲՀԿ-ի արբանյակ համարվող ՀԱԿ-ը: Վերջին գումարման խորհրդարանում սա առաջին դեպքը չէ, երբ այս ուժերը հանդես են գալիս «Լռում է ԲՀԿ-ն՝ խոսում է ՀԱԿ-ը» սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ-ի գործողությունները Ծառուկյանը կարող է ներկայացնել՝ որպես սեփական «լայն քաղաքական թիմի աշխատանք»՝ զուտ ԲՀԿ-ի լռությունը բացատրելով Հովիկ Աբրահամյանին չվնասելու ազնիվ մղումով:
Ինչ վերաբերում է գոնե այս փուլում ավելի հավանական թվացող հանգուցալուծմանը՝ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ Տիգրան Սարգսյանի հաղթանակին, ապա այս դեպքում ԲՀԿ-ն, ըստ ամենայնի, կգործի «Լռությունը գին ունի» սկզբունքով և աշնանը կփորձի վաճառել իր ամառային լռությունը, որը կարող է ունենալ ամենատարբեր դրսևորումներ, ընդհուպ՝ մինչև վերադարձ իշխող կոալիցիա: