«Նեուժե՞լի» մեր երկրում չկա մի հաստատություն, որտեղ էս էրեխեքով կզբաղվեն․ աուտիզմ ունեցող երեխայի մայրը՝ խնդրի հետ միայնակ
Այսօր 168․am-ի խմբագրություն է դիմել աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող անչափահաս երեխայի մայր՝ ցանկանալով դեռևս անանուն մնալ։
Նա ցավով արձանագրեց, որ այս խնդրի հետ մնացել է մեն-մենակ, քանի որ պետության «հոգածությունը», տարվա մեջ մի քանի անգամ տրամադրվող կես ժամանոց պարապմունքները ու դրա համար ձգվող հերթերը խնդրին լուծում չեն կարող տալ։
«Իմ տղան 4-տարեկան է, ունի աուտիստիկ սպեկտրի խանգարում։ Ես միայնակ մայր եմ, 2 անչափահաս երեխա ունեմ։ Փոքր տղայիս համար հարցուփորձ եմ անում, դիմում` որտե՞ղ կարող եմ ուղարկել, որ մի քիչ վերականգնվի, խոսքը բացվի, միջավայրին ընտելանա․ փնտրում եմ անվճար, պետպատվերով լոգոպեդ, հոգեբան, բայց հերթերն այնքան շատ են, որ ամիսներով սպասում ես, որ մի ինչ-որ տեղ կարողանամ տանեմ։
Մի խոսքով, զանգում եմ Առողջապահության նախարարության թեժ գիծ, ասում եմ՝ «նեուժե՞լի» մեր երկրում չկա մի հաստատություն, որտեղ էս էրեխեքով կզբաղվեն։ Պետպատվերի շրջանակներում հասնում է տարեկան 2 անգամ, 15 օրով պարապմունք․ 15 օրում էս էրեխեն ի՞նչ պետք է բուժվի, կամ ինչպե՞ս պետք ա վերականգնվի։ Իրեն ադապտիվ ֆիզկուլտուրա է պետք, վարքային թերապիա, ու դրանք շատ մեծ ծախսեր են։ Ես էդ գումարը չունեմ, ընդամենը 32000 նպաստ եմ ստանում, 49000 էլ երեխուն թոշակ են տալիս․ ես դրանով հագուստ առնեմ, սնունդ առնեմ, դեղ առնե՞մ, թե՞ պարապմունքների տանեմ։
Մանկապարտեզ եմ տանում, մանկապարտեզում էլ չի քնում, խանգարում է երեխեքին, դաստիարակը զանգում է, ստիպված գնում-բերում եմ։ Իրենց էլ չեմ մեղադրում, շատ լավ են իմ երեխու հետ զբաղվում, ուղղակի պետք են նման հաստատություններ, կոմպլեքս լինի ու մեր երեխաներին կարողանան ինտեգրել հասարակությանը»,- հուզմունքով պատմեց քաղաքացին։
Նա ցավով արձանագրեց, որ ԱՆ թեժ գծից խորհուրդ են տվել 1 շաբաթով Ջերմուկ գնալ՝ ստացիոնար բուժումների, սակայն չի կարող երկրորդ անչափահաս երեխային թողնել ինչ-որ մեկի մոտ։
«Ես չգիտեմ էլ՝ ում դիմեմ, հոգեկանս խանգարվում է․ լավ, ո՞վ պետք է զբաղվի էս ամեն ինչով, պետք է։ Ասում են՝ դիմեք բարերարների, ասում եմ` լավ, ո՞ր բարերարի դուռը գնամ խփեմ, կամ որ բարերարն ասի` գնա պետությունիցդ պահանջի:
Պետք է լինի հաստատություն, որ բոլորը միասին մի տեղում լինեն, տանես երեխուդ հետ զբաղվեն, որ դու էլ հասկանաս` գոնե էդ էրեխեն վաղը էս երկրին ինչ-որ մի բանով պետք կգա։ Հազար տարի չեմ ապրելու․ երեխեն պետք է իրենով գոնե սկսի ապրել։ Էլ չեմ ասում, որ, ասենք, դեղորայք են նշանակել, պետպատվերի շրջանակներում գնացել եմ, ասեմ` գրեք դեղերը, գնամ գոնե ստանամ, ասում է` էս դեղերը չկա ցանկում․ բա լավ, ո՞ր դեղերը կան»,- ասաց մեզ ահազանգած կինը։

