Հայաստանին Եվրոպա տանող ճանապարհը․ երկար ճանապարհ, բարձր գին և անորոշ վերջնակետ

Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթացը սկսելու մասին հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության պարզապես հերթական եվրոպամետ հայտարարությունը չէ։ Եթե գործընթացն իսկապես մեկնարկի, Երևանը թևակոխում է մի ճանապարհ, որի վերջնակետը ոչ միայն տարիներով հեռու է, այլև այս պահին երաշխավորված չէ։

Հայաստանը դեռ չունի ԵՄ թեկնածուի կարգավիճակ, իսկ անդամակցության հայտից հետո նախ պետք է անցնի Եվրահանձնաժողովի գնահատման և անդամ երկրների քաղաքական համաձայնության փուլերը։

ԵՄ-ի գործող կանոններով անդամակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկիրը համապատասխանում է քաղաքական, տնտեսական և իրավական չափանիշների, իսկ վերջնական որոշումները պահանջում են անդամ պետությունների համաձայնությունը։ Այսինքն՝ հայտ ներկայացնելը դեռևս ոչ թե անդամակցության սկիզբն է, այլ երկար գործընթացի միայն մեկնարկային կետը։

Վերջին տասնամյակներին Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի օրինակները ցույց են տալիս, թե որքան բարդ կարող է լինել այդ ճանապարհը։ Այս երկրներն անցան Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդ ճգնաժամով, բազմատեսակ կորուստներով, պատերազմներով՝ Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում, իսկ վերջինիս պարագայում այն շարունակվում է նաև այսօր, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այդ երկրները կդառնան ԵՄ անդամ:

Կարդացեք նաև

Մոլդովան անդամակցության հայտը ներկայացրել է 2022 թվականի մարտին, իսկ թեկնածուի կարգավիճակ ստացել նույն տարվա հունիսին։ Ուկրաինան ևս 2022-ին ստացավ թեկնածուի կարգավիճակ, սակայն անդամակցության բանակցությունների առաջին բանակցային կլաստերը բացեց միայն 2026 թվականի հունիսին։

Վրաստանի դեպքում եվրոպական ինտեգրման գործընթացը նույնպես բախվել է լուրջ քաղաքական խոչընդոտների։ Այս օրինակները կարևոր են Հայաստանի համար ոչ թե այն պատճառով, որ բոլոր երեք երկրների իրավիճակները նույնական են, այլ որովհետև ցույց են տալիս հիմնական իրողությունը․ նույնիսկ քաղաքականորեն ցանկալի և աշխարհաքաղաքականորեն կարևոր երկրները կարող են տարիներով մնալ անդամակցության ճանապարհին՝ բարեփոխումների, իրավական համապատասխանեցման, ներքաղաքական խնդիրների և հենց ԵՄ անդամ երկրների քաղաքական դիրքորոշումների պատճառով՝ այդ ճանապարհին բախվելով բազմաթիվ խնդիրների:

Միևնույն ժամանակ, կասկածելի է իսկապես ընդլայնվելու՝ ԵՄ-ի ցանկությունը: Քաղաքականապես սխալ կլինի ասել, թե Եվրամիությունն այսօր ընդհանրապես չի ցանկանում ընդլայնվել։ Հակառակը՝ վերջին տարիներին ընդլայնման քաղաքականությունը, ինչպես հայտարարվում է, նոր ռազմավարական նշանակություն է ստացել։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո ԵՄ-ում ընդլայնումը դիտարկվում է նաև որպես անվտանգության և աշխարհաքաղաքական գործիք։ Ուստի 2025 թվականի ընդլայնման փաթեթում Եվրահանձնաժողովը շարունակել է գնահատել Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Արևմտյան Բալկանների և Թուրքիայի առաջընթացը, իսկ 2026 թվականին ԵՄ պաշտոնական օրակարգում շարունակում են մնալ ընդլայնման գործընթացն ու թեկնածու երկրների հետ բանակցությունները։

Այսինքն՝ ընդլայնման օրակարգը ԵՄ-ի համար, այդ թվում՝ Հայաստանի դեպքում, ունի բացառապես աշխարհաքաղաքական նպատակ: Այստեղ էական տարբերություն կա «ԵՄ-ն ընդլայնում է ուզում» և «ԵՄ-ն պատրաստ է արագ ընդունել նոր անդամներին» ձևակերպումների միջև։

Առաջինը ճիշտ է, երկրորդը՝ ոչ։ ԵՄ-ն ընդլայնումը կապում է խորը ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների հետ, իսկ անդամակցության ճանապարհը և արդյունքը մնում է խիստ պայմանական:

Հայաստանի դեպքում խնդիրն առավել բարդ է մեկ այլ պատճառով՝ Հայաստանը դեռևս Ռուսաստանի հետ կապված է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական և ենթակառուցվածքային բազմաթիվ կապերով։ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Ռուսաստանը, վերջին տվյալներով, Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ մոտ 35 տոկոս մասնաբաժնով։

Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը կամ նույնիսկ կտրուկ սահմանափակումը հետևաբար չի կարող լինել միայն աշխարհաքաղաքական որոշում․ այն ունի կոնկրետ տնտեսական արժեք, որը զգալի է հենց վերջին ամիսներին, երբ Ռուսաստանը տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ և կոչ անում ԵԱՏՄ ու ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել Հայաստանում:

Հայաստանյան արտահանողներն արդեն իսկ զգացել են ռուսական շուկայի նկատմամբ կախվածության ռիսկերը, երբ ռուսական սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղատնտեսական և այլ ապրանքների վրա։ Մյուս կողմից՝ ԵՄ-ն սկսել է ընդլայնել Հայաստանի տնտեսական աջակցությունը՝ հայտարարելով նոր ֆինանսական աջակցության մասին։

Այս իրավիճակում իրական հարցը ոչ թե «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզ ընտրությունն է, այլ այն, թե արդյո՞ք Հայաստանը կարող է ռուսական շուկայի և տնտեսական համակարգի կորուստները փոխհատուցել եվրոպական շուկայով, և որքան ժամանակ ու ռեսուրս կպահանջվի այդ անցման համար։

Հայաստանի եվրոպական հեռանկարի շուրջ գլխավոր հարցը պետք է լինի՝ ի՞նչ գնով, ի՞նչ ժամկետում և ի՞նչ երաշխիքներով է Հայաստանը գնում այդ ուղղությամբ։ ԵՄ-ն այսօր ընդլայնման քաղաքականությունը չի փակել․ ընդհակառակը, այն դիտարկում է որպես իր անվտանգության և աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդման կարևոր գործիք։ Բայց Հայաստանի համար այդ գործընթացի վերջնական արդյունքը որևէ մեկը չի կարող այսօր երաշխավորել։

Կարող են անցնել տարիներ մինչև թեկնածուի կարգավիճակից բանակցությունների և վերջնական անդամակցության հասնելը, իսկ այդ ընթացքում Հայաստանը կարող է կրել Ռուսաստանի հետ տնտեսական կապերի թուլացման ծախսերը՝ դեռևս չունենալով ԵՄ լիարժեք անդամակցության առավելությունները։

Ուստի պրագմատիկ մոտեցումը պահանջում է հաշվարկել դրա տնտեսական գինը, փոխարինման շուկաները, էներգետիկ և ենթակառուցվածքային ռիսկերը և, ամենակարևորը, այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք Հայաստանի համար ընդունելի է տարիներով շարունակվող անցումային շրջանը, որի վերջում անդամակցությունը դեռևս կախված է լինելու ոչ միայն Երևանի բարեփոխումներից, այլև Եվրամիության 27 անդամների քաղաքական որոշումից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31