Ինչպես կարելի էր ստեղծել ապահով Հայաստան

Վերահսկիչ պալատի 2012 թ. տարեկան հաշվետվության մեջ ընդգրկված յուրացումները, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հավաստմամբ, միակ յուրացումները չեն երկրի բյուջեից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Զուրաբյանը նշեց, որ ՎՊ զեկույցներում արձանագրվածն այն փողերի մասին է, որոնք մտել են պետական բյուջե, ուղղվել որոշակի ծախսերի, բայց դրանց մի մասը գողացվել է օղակների կողմից:

«Բայց արդյո՞ք այդ գողացված գումարներն այդքանն են: Ոչ: Ի՞նչ կասեք այն գումարների մասին, որոնք պետական բյուջե չեն մտնում ու գողացվում են մինչ մտնելը: Դրանք այն գումարներն են, որոնցից երկրի ամենաբարձր պաշտոնյաներն ու իրենց հարազատներն են օգտվում: ՀԱԿ տնտեսական հանձնաժողովը շուտով հանդես կգա լուրջ զեկույցով՝ սրա հետ կապված: Հայաստանի ժողովրդից տարեկան 3 մլրդ դրվում է ավազակապետերի փողերին: Սա այն գումարն է, որով ալտերնատիվ էներգետիկա կստեղծեինք: Տասը տարվա մեջ սա 30 մլրդ է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ի՞նչ գումար է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այդ գումարներով կարելի էր իսկապես ապահով Հայաստան ստեղծել:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում, Լ. Զուրաբյանն ասաց, թե իրենք շատ հետաքրքրված են, ապա ավելացրեց, որ այդ հաշվետվություններն այսբերգի միայն մի փոքր գագաթն են հայտնաբերել: Իսկ նախագահն այս ամենի պարագայում, ՀԱԿ պատգամավորի հավաստմամբ, պետք է հրաժարական տար՝ ճնշում գործադրելու փոխարեն.

«Էլ ի՞նչ պետք է անի մի նախագահ, որի օրոք ամեն օր ութ հարյուր մարդ է գնում: Հրաժարականն իր համար ամենալավ ելքն է: Գլխից բռնելու մոտիվ Սերժ Սարգսյանն այլևս չունի՝ ինքն իրա գլխից հո չի՞ բռնելու»:

Նա շեշտեց, որ ներիշխանական պառակտումները գնալով աճելու են, որովհետև սկսել է պայքար լիդերության համար:

168.am-ը հետաքրքրվեց, թե ե՞րբ է գալու պառակտման ժամանակը՝ արդյո՞ք խոսքը 2018 թ. նախագահական ընտրությունների մասին է, և կոնկրետ ի՞նչ չեն կարողանում կիսել հանրապետականները, որ գնում են պառակտման: Ի պատասխան՝ նա նշեց. «Չեն կարողանում կիսել լիդերության միասնական պատկերացումները: Նույն մարդուն չեն կարողանում պատկերացնել որպես լիդեր: Եթե Սերժ Սարգսյանը պետք է գնա, պետք է իշխող կուսակցությունն ունենա նոր լիդեր: Այո, եթե գործը 2018-ի ընտրություններին հասնի, եթե, իհարկե, վստահ չեն, որ իրենց կեղծարարությամբ կպահեն իրավիճակը մինչև 2018 թիվը»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քննադատություններ էր հնչեցրել ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ՝ նրանց որակելով «լափողներ ու թալանչիներ»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱԺ նախագահը ընդդիմության շարքերն անցնի, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ ընդդիմության գործերն այնքան լավ են, որ Հովիկ Աբրահամյանն անցնի ընդդիմության շարքերը: Բայց ճգնաժամի խորացումը կարող է բերել այնպիսի գործընթացների, որ, եթե ոչ Հովիկ Աբրահամյանը, բայց ՀՀԿ ներսում ինչ-որ ուժեր հրաժեշտ տան խորտակվող նավին»:

Տեսանյութեր

Լրահոս