Yeni Parti․ Կհաջողվի՞ Օզգյուր Օզելին շրջել թուրքական քաղաքականության «շախմատային տախտակը»

Հուլիսի 21-ին թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Օզգյուր Օզելը հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին այն բանից հետո, երբ դատարանը նրան հեռացրել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավարի պաշտոնից, ինչը ճանապարհ է հարթել նրա վերջնական պառակտման համար:

Նոր կուսակցությունը կստեղծվի Yeni Parti (նոր կուսակցություն) դրոշի ներքո՝ դառնալով արդեն նման անվանումով առնվազն երրորդ կազմակերպությունը Թուրքիայի նորագույն պատմության մեջ։

Օզելի հայտարարությունը հաջորդել է ԺՀԿ-ի դեմ ամիսներ տևած դատական հետապնդումներին՝ մի շարք հետաքննությունների շրջանակներում, որոնք հանգեցրել են կոռուպցիայի մեղադրանքով 26 ընդդիմադիր քաղաքապետերի, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը: Առանձին գործով պնդվում էր, որ Օզելն իբր ընտրվել է կուսակցության նախագահ կաշառքի և ապօրինի լոբբինգի միջոցով։ Հետագայում դատարանը չեղյալ է հայտարարել կուսակցության համագումարը, որը նրան իշխանության էր բերել՝ վերականգնելով նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին ժամանակավոր առաջնորդի պաշտոնում մինչև բողոքարկման քննարկումը:

Չնայած մի շարք այժմ արդեն նախկին զինակիցների բազմաթիվ կոչերին` երբեմնի «թուրքական Գանդին» հրաժարվել է արտահերթ համագումար հրավիրել՝ փոխարենը բոլոր ջանքերն ուղղելով ԺՀԿ-ն Օզելի և Իմամօղլուի կողմնակիցներից «մաքրելու» համար։

Կարդացեք նաև

Ավելի վաղ շատ գործիչներ՝ «նոր» Թուրքիայի արշալույսին, Քյազըմ Կարաբեքիրից մինչև 21-րդ դարի սահմանագծին Մուհարեմ Ինջեն, փորձեր են ձեռնարկել «քեմալիստների» հենքի վրա նոր կազմակերպություններ ստեղծելու, որոնք մեծ մասամբ այնքան էլ հաջողված չեն եղել։

Էրդողանի ժամանակաշրջանում ԺՀԿ-ի նկատմամբ ճնշումներն ուժեղացան այն բանից հետո, երբ այն հաղթանակ տարավ Թուրքիայի խոշոր քաղաքներում 2024 թվականի տեղական ընտրություններում և դարձավ երկրի ամենամեծ կուսակցությունը հավաքած ձայների քանակով։ Դատական արշավը թուլացրեց ընդդիմությանը և ուժեղացրեց ներքին հակասությունները: Ըստ տարածված տեսակետի՝ Քըլըչդարօղլուի վերադարձն անուղղակիորեն (և նույնիսկ միանգամայն հստակ) աջակցվեց կառավարության կողմից՝ ընդդիմության պառակտման ջանքերի շրջանակներում:

Դատական հետապնդումների պատճառով ԺՀԿ-ից մի քանի քաղաքապետներ անցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմը: Վերջերս տված հարցազրույցում Քըլըչդարօղլուի խորհրդականներից Բյուլենթ Քուշօղլուն պատմել է, որ նոր քաղաքական կարգի ձևավորման հիմքում, որը կտևի նաև 72-ամյա նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարման հորիզոնից այն կողմ, ընկած են «պետական շահերը», և ԺՀԿ-ում պառակտումը, հնարավոր է, այդ ավելի մեծ գործընթացի մի մասն է:

Ըստ առկա տվյալների՝ ԺՀԿ-ի 135 պատգամավորներից 94-ը և կուսակցության գավառական բաժանմունքների 81 ղեկավարներից 74-ը կմիանան Օզելի նոր շարժմանը՝ դրանով իսկ թուլացնելով Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունը: Սակայն չի բացառվում, որ Օզելին հավատարիմ որոշ օրենսդիրներ և պաշտոնյաներ մնան ԺՀԿ-ում, որպեսզի Քըլըչդարօղլուին թույլ չտան լիակատար վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ։

Էրդողանի համար նոր ընդդիմադիր կուսակցության ի հայտ գալը ոչ միայն հնարավորություններ, այլև ռիսկեր է պարունակում։ Կարճաժամկետ հեռանկարում ԺՀԿ-ի մասնատումը կարող է ամրապնդել նրա դիրքերը 2028 թվականի նախագահական ընտրություններից առաջ (հնարավոր է՝ դրանք փորձեն տեղափոխել մեկ տարի շուտ)։ Ընդդիմությունը որոշ չափով ուժասպառ է եղել վարչա-ոստիկանական երկարատև ճնշումներից, իսկ ԺՀԿ-ի պառակտումը հանգեցրել է Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ուժի բաժանմանը պատերազմող ճամբարների։

Ակնկալվում է, որ կառավարական քաղտեխնոլոգները կշահեն, եթե ընդդիմությունը նախագահի մի քանի թեկնածու առաջադրի, ինչը հնարավոր է՝ թույլ տա Էրդողանին, որն ակնհայտորեն չի պատրաստվում սուպերնախագահական Հանրապետությունում իշխանության ղեկն արձակել, հաղթանակ տանել առաջին փուլում: Եթե հավատանք որոշ ինսայդերների՝ ԱԶԿ-ում կնախընտրեր պետության գործող ղեկավարի մրցակից տեսնել հենց Օզելին, որն իբր ի վիճակի չէ հաղթել պետության գործող ղեկավարին: Քըլըչդարօղլուի կողմնակիցների կողմից իրենց թեկնածուի առաջադրումը կնպաստի ընդդիմադիր ճամբարի էլ ավելի պառակտմանը։

Շատ բան կախված կլինի այն գծից, որը կընտրի Անկարայի բավականին սիրված քաղաքապետ Մանսուր Յավաշը՝ ընդդիմության կողմից նախագահի պոտենցիալ ամենաուժեղ թեկնածուն, որը կիսում է աջ ազգայնական հայացքներ: Ճիշտ է, առաջադրվելու դեպքում նրան, ինչպես Իմամօղլուին, կարող են սպառնալ կոռուպցիոն գործերով հետաքննություն, ինչի մեջ իշխանությունները մեղադրել են։ Դա լիովին ցույց են տվել Ստամբուլում և տասնյակ մունիցիպալիտետներում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ղեկավարները ձերբակալվել են և հետագայում պաշտոնանկ արվել 2024 թվականի աշնանից։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա որոշ հարցումների համաձայն՝ ԺՀԿ ընտրողների միայն 5-10%-ն է դրան աջակցելու Քըլըչդարօղլուի օրոք, մինչդեռ Օզելի «Նոր կուսակցությունը» կարող է հավաքել ձայների ավելի քան 30%-ը՝ առաջ անցնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:

2024 թվականի տեղական ընտրություններում ԺՀԿ-ն հավաքել է ձայների 37 տոկոսը։ Այս հանգամանքն ի սկզբանե հաշվարկվել է ԱԶԿ-ի ստրատեգների կողմից, և նրանց անկասկած հաջողությունը պետք է համարել Էրդողանի նախաձեռնած և 2024 թվականի հոկտեմբերին ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի կողմից հայտարարված խաղաղ գործընթացի հերթական փուլի շրջանակներում «քրդամետ» Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ընդդիմադիր ճամբարից հեռանալը։

Չնայած տնտեսության մեջ ընթացող ոչ միանշանակ գործընթացներին՝ քաղտեխնոլոգիական հնարքների միջոցով Էրդողանի վստահության վարկանիշը կարելի է հասցնել մինչև 50 տոկոսի և ավելիի, ինչպես դա արդեն եղել է նրա ավելի քան քառորդդարյա կառավարման ընթացքում։

Սակայն Middle East Eye-ն գրում է՝ նոր կուսակցության ստեղծումը կարող է տհաճություններ ստեղծել նախագահի համար, որը երկար տարիներ պայքարել է ԺՀԿ-ի դեմ՝ «այն կապելով հարցերի հետ, որոնք արձագանք են գտել պահպանողական ընտրողների մոտ՝ համալսարաններում հիջաբ կրելու արգելքից մինչև Այա Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելը»: Իշխանամետ քարոզիչները ԺՀԿ-ն ներկայացնում էին որպես շարքային ընտրողներից կտրված կաստա, որն ի վիճակի չէր արդյունավետ կառավարել երկիրը, ինչը լավ էր գործում գյուղական բնակավայրերի և փոքր քաղաքների պահպանողական և կրոնական մոտիվացված ընտրողների վրա:

Հավանաբար, չնայած գաղափարախոսական հարթակի որոշակի մշուշոտությանը, Օզելի նոր կուսակցությունը ծանրաբեռնված չի լինի բացասական բեքգրաունդով։ Եթե նրան հաջողվի ստեղծել լայն ձախկենտրոնամետ շարժում, որը կվայելի Թուրքիայի ողջ քաղաքական սպեկտրի աջակցությունը և ընդունակ կլինի առաջ քաշել կառուցողական փոփոխությունների իրական ծրագիր, ապա քարացած Ժողովրդահանրապետական կուսակցության դիրքերն էլ ավելի կսասանվեն։

Վերջին հարցումներից մեկի համաձայն՝ հարցվածների գրեթե 60 տոկոսը հավատում է «Նոր կուսակցության» հաջողությանը, ընդ որում՝ հատկապես բարձր է ընդդիմության կողմնակիցների լավատեսությունը: Միևնույն ժամանակ, ԱԶԿ-ի և ԱԶԿ-ի ընտրողների շրջանում քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ Օզելի կուսակցությունը կարող է հասնել ամբողջական կամ մասնակի հաջողության: Դիտորդները նշում են՝ Արևմտյան Մանիսա նահանգի բնիկ այս դեղագործին հաջողվել է շատ առումներով վերակենդանացնել ձախ դիսկուրսը, որը գործնականում անհետացել էր թուրքական մեյնսթրիմից 1980-ականների վերջից՝ նկարագրելով քաղաքական պայքարը դասակարգային դիմակայության մարքսիստական տերմիններով:

Նշելով Էրդողանի կառավարման օրոք արհմիությունների գործունեության սահմանափակումը՝ Օզելը թուրք բանվոր դասակարգին խոստանում է «նոր ոսկե դար»։

Թերևս, սա ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմ, որը համապատասխանում է աճող հանրային սպասումներին։ Անկարայի AREA սոցիոլոգիական ընկերության հուլիսյան հարցման համաձայն՝ ընտրողների 35,8% ը դեմ չէր լինի «Նոր կուսակցության» ձախ կենտրոնամետ կողմնորոշմանը, մինչդեռ 30,7%-ը կարծում է, որ այն պետք է կենտրոնամետ լինի, և միայն 9,4%-ն է կողմ արտահայտվել «աջ թեքությանը»:

Ըստ World Inequality Lab-ի՝ 2023 թվականին երկրի ամենահարուստ քաղաքացիների 10%-ը 2023 թվականին ստացել է ազգային եկամտի 55,5%-ը, մինչդեռ ամենաաղքատ կեսը ստացել է ընդամենը 14%: Պետք է ենթադրել, որ անցած մի քանի տարիների ընթացքում շերտավորումն էլ ավելի է մեծացել՝ ավելի լայն հեռանկարներ բացելով ձախ քաղաքականության համար, եթե, իհարկե, Օզելն ու նրա մարդիկ հետևողականորեն շարժվեն այդ ուղղությամբ։

Անդրեյ Արեշև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31