Ընտրությունների արդյունքները և Հայաստանի ճակատագիրը՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ

Հայաստանի խորհրդարանը նոր քաղաքական կազմով աշխատանքի անցավ օգոստոսի 2-ին՝ ընտրություններից գրեթե 2 ամիս անց: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ամփոփել և բաշխել է Ազգային ժողովի մանդատները՝ այդպիսով ավարտելով ընտրական գործընթացը: Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետի պաշտոնում:

Ընդ որում, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները հրապարակային շնորհավորական ուղերձներ չեն հղել Նիկոլ Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդին, ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ, թեև 2018 և 2021 թվականներին նման շնորհավորանքներ ուղարկվել են: Սովորաբար նման մակարդակի շնորհավորանքները դիտարկվում են ոչ միայն՝ որպես արարողակարգային անհրաժեշտություն, այլև որպես քաղաքական ազդակ՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում: Լռությունը, ըստ երևույթին, պետք է հասկանալ որպես դիվանագիտական ժեստ, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Չինաստանի դերը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Հայաստանի այս գումարման Ազգային ժողովի աշխատանքներն ընթացան նաև առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Հայաստանում ընտրություններից անմիջապես հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զգուշացրել էր, որ Մոսկվան դրանց նկատմամբ իր վերաբերմունքը կարտահայտի վերջնական արդյունքների հայտարարումից հետո: «Առայժմ մենք մանրակրկիտ արձանագրում ենք բոլոր այն հաղորդագրությունները, որոնք հայտնվում են այս ընտրությունների շուրջ: Այդ թվում՝ մենք արձանագրում ենք նաև այն բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները, որոնք տեղի են ունեցել այս ընտրությունների ընթացքում»,- հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի կոշտ է արտահայտվել ՌԴ նախկին նախագահ, իսկ ներկայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մրցակիցներին վերացնելու փորձերը քվեարկությունը դարձնում են ոչ լեգիտիմ»:

Կարդացեք նաև

Սպասվում էր, որ Հայաստանում ընտրություններից հետո կրքերի շիկացումը կթուլանա:  Սակայն իրավիճակը, ընդհակառակը, սրվել է: Ի պատասխան ընդդիմադիր ուժերի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու, կառավարությունը սանձազերծեց քաղաքական բռնաճնշումների լայնածավալ արշավ։ Ընտրություններից հետո անցած ժամանակահատվածում Հայաստանի ԿԸՀ-ն բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ հանրապետության Ազգային ժողով անցած (12 մանդատ) «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական գործ հարուցելու (նախաձեռնելու) մասին։ Նրա երկրից մեկնումն արգելափակել են։

Քննության տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը նույնպես անցել է խորհրդարան (29 մանդատ), հայտնել է, որ տարբեր պատրվակներով հետապնդումների է ենթարկվել իր քաղաքական կազմակերպության ընդհանուր առմամբ 760 անդամ։

Ձերբակալվել են «ՀայաՔվե» հասարակական շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստանն» ընտրություններին մասնակցելու համար միավորվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է խորհրդարանական ընտրությունների ավարտից արդեն երկու օր անց՝ հունիսի 9-ին, երբ նա հայտարարեց, որ իր կուսակցության ձայները «սխալ են հաշվարկել» (խաբել են)՝ խորհրդարանում «գրպանային» ընդդիմության դեր խաղալուց իր հրաժարվելու պատճառով։ Բանն այն է, որ ԿԸՀ-ն, Ծառուկյանի հրաժարվելուց հետո, կուսակցության ստացած ձայների քանակը ճշգրտել է (փոխել է) այնպես, որ այն չկարողանա հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4%-ի պատնեշը։

Հուլիսի 6-ի առավոտյան, «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպելու նպատակով Եկատերինբուրգ կատարելիք իր այցի օրը, Նիկոլ Փաշինյանը կարգադրություն է արձակել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերությունների, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի գործունեությունը կասեցնելու մասին, որի սեփականատերը Ծառուկյանն է։ Այս կոնցեռնի ընկերություններում, ինչպես նաև դրանց տնօրենների բնակարաններում և հենց Ծառուկյանի տանն իրականացվել են մասշտաբային խուզարկություններ։ Հանրապետության քննչական կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ միաժամանակ կատարվում են Ծառուկյանի և նրա ընկերությունների հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Նրա «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները դուրս են եկել փողոց։ Նրանք բացատրություն էին պահանջում, թե ինչու են կնքված արտադրամասերն ու պատրաստի արտադրանքի պահեստները՝ հայտարարելով, որ իրենք ոչինչ չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար և կերակրելու երեխաներին։ Ինքը՝ Ծառուկյանը, գտնվելով քննչական մեկուսարանում, իշխանություններին մեղադրել է տնտեսությանը հարված հասցնելու մեջ։

Հազիվ թե Փաշինյանի՝ ՌԴ այցի օրը Ծառուկյանի դեմ գործողությունները կարելի է համարել զուգադիպություն։ Հայ վերլուծաբանների կարծիքով՝ վարչապետն այդպես հույս ուներ «բարելավել իր բանակցային դիրքերը»: Նրանց կարծիքով՝ «Փաշինյանը որոշել է Ծառուկյանին պատանդ վերցնել ՌԴ-ի հետ սակարկելու համար», օրինակ՝ հայկական արտադրանքի համար ռուսական շուկա բացելու դիմաց:

Շանտաժի մեկ այլ առարկա Հայաստանի վարչապետը վերջերս ընտրել է  «Հարավկովկասյան երկաթուղին», որի ենթակառուցվածքը կոնցեսիոն պայմանագրով մինչև 2038 թվականը կառավարման է հանձնվել Ռուսական երկաթուղիների 100-տոկոսանոց դստերը, և սպառնացել է Ռուսաստանից պահանջել 2 մլրդ դոլար՝ այդ կոնցեսիայի համար։

Քաղաքագետները համակարծիք են, որ Մոսկվան չափազանց շատ ռեսուրսներ է ներդրել հայկական տնտեսության մեջ, որպեսզի ուղղակի աչք փակի համատեղ ձեռնարկությունների ազգայնացման փորձերի վրա: Խոսքը երկաթուղիների, առևտրային նախագծերի և Հյուսիս-Հարավ ռազմավարական տրանսպորտային միջանցքի մասին է: Ռուսաստանը լիովին իրավունք ունի պաշտպանել իր ներդրումները: Եթե Երևանը որոշի վերջնականապես խզել հարաբերությունները, ստիպված կլինի բարձրացնել փոխհատուցման հարցը։ Հայկական ղեկավարությունը, ցուցաբերելով հավատարմություն Արևմուտքին, վտանգում է կորցնել այն արտոնությունները, որոնք ստանում էր գրեթե անվճար:

Հայաստանի վարչապետն առաջին անգամ չէ, որ երկակի խաղ է խաղում: Ըստ երևույթին, նա ցանկանում էր կրկնել համադրությունը, երբ մայիսի սկզբին Երևանում կազմակերպեց եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը և գրեթե միաժամանակ ժամանեց Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման: Սակայն այս անգամ Կրեմլը նրան չի արժանացրել բարձր մակարդակի հանդիպման, որը խոստացել էր իր ընտրողներին ընտրություններից անմիջապես հետո:  Ստիպված էր հասնել վարչապետ Միշուստինի հետ հանդիպման, ինչը նա հրապարակավ խոստովանեց:

Հայաստանի վարչապետը հաշտվել է բանակցությունների կարգավիճակի իջեցման հետ:  Բանն այն է, որ Հայաստանում վարչապետը փաստացի պետության գլուխն է, իսկ Ռուսաստանում պետության ղեկավարը նախագահն է: Վ. Վ. Պուտինը բավականին հաճախ է հանդիպել Ն.Վ. Փաշինյանի հետ: 2018 թվականից ի վեր Հայաստանի վարչապետը Ռուսաստան է այցելել 32 անգամ՝ ՌԴ նախագահի հետ երկկողմ բանակցությունների, ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ գագաթաժողովներին, ինչպես նաև միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով: Միայն 2024-2026 թվականներին նա յոթ անգամ ժամանել է Ռուսաստան, որտեղ քննարկվել են տնտեսական և ինտեգրացիոն փոխգործակցությունը, էներգետիկան, տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում, Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը, տարածաշրջանային օրակարգը և ռազմատեխնիկական համագործակցությունը: Գրեթե միշտ նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այժմ, հատկապես ռուսամետ ընդդիմադիր քաղաքական գործիչների և գործարարների հետապնդումները շարունակելուց հետո, նրա հետ շփումները, հավանաբար, կպահպանվեն պրագմատիկ հիմքի վրա, քանի որ երկու պետությունների տնտեսական կապերը չափազանց խորն են, որպեսզի դրանք հնարավոր լինի խզել մեկ որոշմամբ:

Ընդ որում, Մոսկվան հրաժարվել է շնորհավորանքներից և իջեցրել ներկայացուցչության մակարդակը (օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է ՌԴ ԱԳՆ Պետական արարողակարգի դեպարտամենտի ղեկավարի տեղակալը)՝ ցուցադրելով իր վերաբերմունքը Երևանի ներկայիս քաղաքականության նկատմամբ:

Սակայն Փաշինյանն, այնուամենայնիվ, որոշեց ընտրություններից հետո առաջին պաշտոնական այցը հենց Ռուսաստան կատարել, քանի որ այցի գործնական նշանակությունը Երևանի համար ավելի կարևոր էր, քան դիվանագիտական էթիկետը:

Փորձագետներն այս այցի մեջ տեսնում են եվրոպական խոստումների և իրական տնտեսական կորուստների միջև հավասարակշռություն գտնելու Հայաստանի փորձը:  Հայաստանի վարչապետի գլխավոր խնդիրը, հավանաբար, հայկական կապիտալը ռուսական շուկա վերադարձնելն ու լիարժեք առևտուրը վերականգնելն էր: Նման շտապողականությունը, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ Եվրամիության կողմից ֆինանսական աջակցության հույսերն իրենց չեն արդարացրել: Վարչապետ Միշուստինը Փաշինյանին որևէ կոնկրետ երաշխիք չի տվել, քանի որ Մոսկվան ցանկանում է հետևել Երևանի հետագա գործնական քայլերին: Փաստորեն, սա թույլ է տալիս խոսել Եկատերինբուրգ Փաշինյանի առաքելության ձախողման մասին: Հայաստանն այդ ուղղությամբ մնում է անորոշ վիճակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ հաջորդել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ վերջերս Երևանում կայացած բանակցություններին, որը խոստացել էր շատ ավելի քիչ, քան սպասվում էր և պահանջվում էր Երևանի կողմից: Եվրոպական Միությունը հրաժարվում է տրամադրել իրավաբանորեն պարտավորեցնող որևէ երաշխիք, հատկապես՝ առևտրի ոլորտում, սահմանափակվելով փոքր դրամական տրանշներով և հայկական արտադրանքի ներմուծման ոլորտում մեղմացումներով: Այցի ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. հնչել են միայն համագործակցության հեռանկարների մասին հայտարարություններ, ինչը քիչ կապ ունի հայ ֆերմերների և այլ արտադրողների իրական և արդիական խնդիրների հետ: Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները՝ օրինակ բերելով Ուկրաինան և Մոլդովան:  Եվրոպական երկրները, չնայած պատժամիջոցների մասին բարձրաձայն հայտարարություններին, առաջվա պես ռուսական էներգակիրներ են գնում երրորդ երկրների միջոցով: Ըստ էության, Հայաստանին առաջարկում են եռակի գնել նույնը, բայց «ոչ ռուսական» նշումով, որպեսզի ձևականորեն համապատասխանի հակառուսական հռետորաբանությանը:

Բացի այդ, Հայկական ԱԷԿ-ն աշխատում է ռուսական տեխնոլոգիաներով, օգտագործում է ռուսական միջուկային վառելիք, և այն սպասարկում են ռուս մասնագետների մասնակցությամբ: Նման համակարգը հնարավոր չէ փոխել մեկ քաղաքական որոշմամբ. դրա համար կպահանջվեն տարիներ և բազմամիլիարդանոց ներդրումներ:

Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է բարդ իրավիճակում: Մայիսից մինչև հուլիսի վերջ Ռուսաստանը փուլ առ փուլ արգելքներ և սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գրեթե ամբողջ գյուղմթերքի՝ ծաղիկներից և թարմ բանջարեղենից՝ մինչև ձուկ և կաթնամթերք ներմուծման վրա, սահմանափակումների տակ է հայտնվել Հայաստանի գրեթե ողջ պարենային արտահանումը դեպի ՌԴ: Քանի որ հայկական մրգի և բանջարեղենի, ծաղիկների ու ձկան արտահանման մինչև 90-94%-ը բաժին էր ընկնում ռուսական շուկային, հարվածը բավականին զգալի եղավ. Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ 2026 թվականի հունիսին ագրարային արտադրանքի արտահանումը Ռուսաստան կտրուկ նվազել (փլուզվել) է 74,5%-ով՝ 2025 թվականի հունիսի համեմատ։ Փորձագետները ՌԴ-ի հետ ինտեգրացիոն կապերի խզումից Հայաստանի պոտենցիալ կորուստները գնահատում են մինչև ՀՆԱ-ի 14%-ը։ Ընդ որում, Ռուսաստանի համար դժվարություն չի ներկայացնի փոխարինել հայկական արտադրանքը. համախառն ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0,9%-ը, իսկ ԵԱՏՄ մնացած երկրների համար հայկական մատակարարումների ցուցանիշն էլ ավելի ցածր է, հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ռեշետնիկովը։

Առաջին հայացքից Հայաստանից ներմուծման սահմանափակումները կրում են քաղաքական ենթատեքստ, սակայն փորձագետները միաժամանակ նշում են Հայաստանում համակարգային կառավարչական ճգնաժամը. 2019 թվականին Փաշինյանի հրահանգով գյուղնախարարության լուծարումից հետո պետական վերահսկողության համակարգը խաթարվել է: Այժմ շուկա են մտնում հարյուրավոր փոքր ընկերություններ, որոնց արտադրանքը հաճախ «անհայտ ծագում» ունի: Այսպես, բացահայտվել են վերաարտահանման սխեմաներ, երբ երրորդ երկրներից ապրանքներն առանց բուսասանիտարական հսկողության ներմուծվում են Հայաստան, վերափաթեթավորվում և ուղարկվում ՌԴ՝ արդեն որպես «հայկական»: Ռուսաստանը պնդում է ռուսական «Մերկուրիի» տիպի հետագծելիության թվային համակարգի ներդրման վրա («Մերկուրի» հետագծելիության թվային համակարգը Դաշնային պետական տեղեկատվական համակարգ) է, որը ստեղծվել է «Ռոսսելխոզնադզոր»-ի (Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության) կողմից՝ կենդանական ծագման արտադրանքի շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Այն թույլ է տալիս հետևել ապրանքի ճանապարհին արտադրողից մինչև վերջնական սպառող՝ ապահովելով անասնաբուժական անվտանգությունն ու հետագծելիությունը), որին Երևանը դեռևս պատրաստ չէ տեխնիկապես:

Այս առումով պետք է խոսել ոչ թե սահմանափակումների քաղաքական ենթատեքստի, այլ Հայաստանից ներմուծման որակի նկատմամբ նախկին անարդարացի թողտվության մասին: Սրա հետ համաձայն է նաև Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ «Ես համաձայն չեմ այն փորձագետների հետ, ովքեր ամեն ինչում քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Շատ դեպքերում «Ռոսսելխոզնադզոր»-ի ստուգումներն ու գնահատականները լիովին հավաստի են։ Մենք իսկապես խնդիրներ ունենք»։

Հայկական ղեկավարությունը փորձեց հանրությանը վաճառել արագ շրջադարձի պատրանքը։ Ընտրությունների նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայ ֆերմերներին խոստանում էր քվեարկությունից անմիջապես հետո լուծել տարբեր գյուղմթերքների՝ դեպի ՌԴ մատակարարումների հարցերը։ Նա ասում էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը ժամանակավոր բնույթ է կրում, և հենց իրեն վերընտրեն, առևտուրը կվերականգնվի։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ռուսական շուկան չբացվեց, իսկ այն հնարավոր չէ փոխարինել մեկ մրցաշրջանում։ Դրամական փոխանցումները հնարավոր չէ փոխարինել հռչակագրերով։ Ընդունելի գնով գազը հնարավոր չէ փոխարինել քաղաքական ծափահարություններով։ Փաշինյանը քաղաքացիներին համոզում էր, որ եվրոպական շուկաներ դուրս գալը կփոխհատուցի Ռուսաստանի հետ խզման վնասները:  Այնուամենայնիվ, մինչ այժմ այդ խոստումները չեն ապահովվում իրական պայմանագրերով կամ ֆինանսներով: Ի տարբերություն ԵԱՏՄ-ի, Եվրամիությունն առաջարկում է աջակցության բարդ և բյուրոկրատացված սխեմաներ, իսկ Եվրասիական միությունում կանոններն ավելի թափանցիկ են, և գործընկերների շուկաներ մուտք գործելն արդեն առաջին տարին չէ, որ կոնկրետ օգուտներ է բերում հայ արտադրողներին:

Մենք բազմիցս նախազգուշացրել ենք, որ, եթե նույնիսկ Բրյուսելն իրականում մի փոքր բացի իր հարթակները հայ արտադրողների համար, ապա որպեսզի հայկական արտադրանքն իսկապես հայտնվի եվրոպական վաճառասեղաններին, անհրաժեշտ է անցնել սերտիֆիկացում, համապատասխանել որակի խիստ չափանիշներին, գտնել կոնտրագենտներ, կնքել երկարաժամկետ պայմանագրեր և ապահովել կայուն լոգիստիկա:  Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ այս բոլոր ընթացակարգերն անցնեն, եվրոպացի ֆերմերները կստիպեն իրենց երկրների կառավարություններին դադարեցնել մրցակիցների մուտքը, ինչպես դա տեղի ունեցավ ուկրաինական արտադրանքի հետ:

2026 թվականի հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց ինքնավար առևտրային միջոցառումների ներդրման մասին, որոնք կազատեն ԵՄ հայկական արտահանման մինչև 80%-ը (թարմ մրգեր, բանջարեղեն, խմիչքներ և ալկոհոլ) մաքսատուրքերից: Հայտարարվեց նաև 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի և հավաստագրմանն օժանդակող փորձագետների տեղակայման մասին: Այնուամենայնիվ, 2026 թվականի հուլիսի 23-ին Politico-ն հաղորդեց, որ ԵՄ-ն փաստացի մերժել է հայկական լոլիկները. մատակարարումները երբեք չեն սկսվել՝ ԵՄ չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Հոդվածի հեղինակների խոսքով՝ խոստումները նախընտրական բնույթի էին և տրվել են խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի հաղթանակն ապահովելու համար:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել ձկների հետ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ձկան արտահանման կարգը դեպի ԵՄ, սակայն գործնականում սերտիֆիկացումը և լոգիստիկան պատրաստ չեն եղել, իսկ եվրոպական շուկան հետաքրքրություն չի ցուցաբերել: Ձկնաբուծական տնտեսությունների հայաստանյան ներկայացուցիչները ստիպված են եղել բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արտահանման լուրջ խնդիրների պատճառով ոլորտին պետական աջակցության իրական և գործուն մեխանիզմներ մշակել: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պահեստներում արդեն կուտակվել է մոտ 15 հազար տոննա ձկնամթերք, որը նրանք չեն կարող ուղարկել արտաքին շուկաներ ռուսական ապրանքների փակումից հետո:

Հայ ֆերմերները ևս բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Երևան-Երասխ միջազգային ավտոճանապարհը, որը տանում է դեպի Իրանի հետ սահման: Ցուցարարները պահանջում են լուծել բերքի իրացման խնդիրները: Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստացած 52 միլիոն եվրո օգնությունը և կառավարության սեփական փոխհատուցումը (22 միլիոն դոլար) կամ չեն հասել արտադրողներին, կամ չեն փոխհատուցում հիմնական շուկայի կորուստը:

Այսօր հիմնական հարցը ոչ թե այն է, թե արդյո՞ք ԵՄ շուկան իրավաբանորեն բաց է, այլ այն, թե որքանո՞վ է այն գործնականում հասանելի: Եթե արտադրողները ստիպված են դուրս գալ բողոքի ակցիաների, ուրեմն պաշտոնական հայտարարությունների և իրական իրավիճակի միջև լուրջ անջրպետ կա։

Փորձագետների տվյալներով՝ «Եվրոպայի շատ երկրներ արդեն ահազանգել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար՝ ի վնաս ազգային արտադրողների»:

Իհարկե, որպես քարոզչական ակցիաներ՝ ԵՄ-ն ցուցադրական գնումներ է կազմակերպելու, ինչպես, օրինակ, նույն 10 000 վարդերը, որոնք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից ուղարկել է Լատվիա: Այնուամենայնիվ, այդ մատակարարումների ծավալները ԵՄ-ին անհամեմատելի կլինեն դեպի ՌԴ արտահանման նախկին ծավալի հետ: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ մնացել է իրացման հիմնական շուկան՝ շնորհիվ արդեն գոյություն ունեցող լոգիստիկ երթուղիների, ԵԱՏՄ միասնական տեխնիկական պահանջների և կայուն գործարար կապերի: Կարճ ժամանակում անհնար է նման համակարգ վերակառուցել:

Սկզբունքորեն կարևոր է նշել, որ ֆոն դեր Լայենի հուլիսյան այցը Հայաստան տեղի է ունեցել անցած ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման նախօրեին: Բազմաթիվ խախտումների պատճառով դատարանը կարող էր նշանակել երկրորդ փուլ: Դիտորդները կարծում են, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Երևան գալը և նրա խոստումները նման սցենարը բացառելու և ստատուս-քվոն ամրագրելու ակցիա էր:

Իսկապես, հուլիսի 4-ին ՍԴ-ն մերժեց ընդդիմության բոլոր բողոքները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը: Ի պատասխան՝ հինգ ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում դատարանի որոշումը քաղաքական դիմադրության նոր փուլի սկիզբ են անվանել: Գլխավոր նպատակ է հայտարարվել գործող ղեկավարության հեռացումն իշխանությունից՝ որպես սահմանադրական կարգի վերականգնման միակ պայման: Խորհրդարան անցած ընդդիմադիր դաշինքները որոշել են պատգամավորական մանդատներ ստանալ՝ դրանք դիտարկելով որպես իշխանություններին հակազդելու քաղաքական լծակ:Սակայն դիմադրության ռազմավարությունը ներառում է նաև փողոցային ցույցեր, համակարգային ինստիտուցիոնալ կառուցվածքի ստեղծում և բնակչության հետ աշխատանք՝ փոփոխությունների հանրային պահանջ ձևավորելու համար:

Այս խորապատկերին ոչ Մոսկվան, ոչ ԵԱՏՄ մյուս անդամները չեն պատրաստվում հովանավորել Հայաստանի շարժումը դեպի Եվրոպա: Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարության հետ համատեղ հայտարարություն է համաձայնեցվել: Դրանում նրանք մտահոգություն են հայտնել «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման, ինչպես նաև Միության անդամ պետություններին դրա հետ կապված վնասները կանխելու անհրաժեշտության կապակցությամբ»: Այդ կապակցությամբ նրանք Հայաստանի ղեկավարությունից պահանջել են կողմնորոշվել ինտեգրման հետագա ուղղության հարցում՝ «Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս սեղմ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե Եվրամիությանն անդամակցելու կամ հետագայում ԵԱՏՄ կազմում գտնվելու վերաբերյալ»: Որոշվել է նաև, որ մինչև 2026 թվականի դեկտեմբեր Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՏՄ մարմին, որը բաղկացած է մասնակից երկրների վարչապետներից) անդամները կգնահատեն միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման ռիսկերը:

Այլ կերպ ասած՝ ԵԱՏՄ անդամները պնդում են, որ պատմական ընտրությունը, որը կորոշի Հայաստանի ապագա ճակատագիրը, պետք է կատարի ոչ թե ներկայիս ղեկավարությունը, որը վայելում է բնակչության միայն կեսից պակասի աջակցությունը, այլ նրա բոլոր քաղաքացիները՝ հրապարակային և ժողովրդավարական ճանապարհով: Այդ դեպքում դա կլինի ժողովրդի սեփական ընտրությունը և սեփական պատասխանատվությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում (զրույցը տեղի է ունեցել Երևանի նախաձեռնությամբ) հաստատել է իր հավատարմությունը ԵԱՏՄ անդամների համատեղ հայտարարությանը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի խնդրանքին՝ միջոցներ ձեռնարկել հայկական ապրանքների ներմուծման հետ կապված իրավիճակը կարգավորելու համար, որոնք մտցվել են քաղաքական ճգնաժամի համապատկերին:

Դատելով ամենից՝ հայկական ղեկավարությունը ստիպված կլինի փոխզիջում փնտրել արևմտյան գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից հայկական տնտեսության օբյեկտիվ կախվածության միջև: Այս առումով Փաշինյանի կառավարությունը չի կարողանա անվերջ խուսանավել Եվրոպայի միջև, ուր ձգտում է գաղափարական մակարդակով, և Ռուսաստանի միջև, որից կախված է գործնականում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՆԱՆԵՎ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31