Փաշինյանն Ալիևին տված խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել․ ՀՀ-ին սպասում են ծանր զարգացումներ. Իշխան Սաղաթելյան

Առաջիկա աշունը Հայաստանի համար ծանր քաղաքական զարգացումների շրջան է լինելու, իսկ ընդդիմությունը պետք է արդեն հիմա պատրաստվի դրանց։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա` իրադարձությունները կապված կլինեն ՀՀ սահմանադրական փոփոխությունների հետ, որը կառավարող ուժը խորհրդարանի իր ձայներով չի կարող իրականացնել։ Նա հայտարարեց, որ ընդդիմությունը չի աջակցի Սահմանադրության փոփոխության նախաձեռնությանը, եթե այն ներկայացվի խորհրդարան։

«Մեր մասով բացառում եմ, որ որևէ մեկը միանա այդ նախաձեռնությանը»,– ասաց Սաղաթելյանը։

Նշենք, որ ներկայիս Ազգային ժողովը 105 պատգամավոր ունի, հետևաբար անհրաժեշտ է 70 «կողմ» քվե Սահմանադրության փոփոխության համար։ Ըստ ԿԸՀ վերջնական բաշխման՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, այսինքն՝ պակասում է 6 քվե, որպեսզի կարողանա գնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի։

Սաղաթելյանի գնահատմամբ՝ իշխանությունները տարբեր հայտարարություններով հասարակությանը տրամադրում են ընդդիմության դեմ, որպեսզի հետագայում ճնշումների, շանտաժի և բռնաճնշումների պայմաններում կարողանան կատարել Ադրբեջանի պահանջները։

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն տվել են այդ գործընթացի մեկնարկը։ Ով չի աջակցում Ադրբեջանի պահանջների կատարմանը, ներկայացվելու է որպես հակապետական ուժ»,– նշեց պատգամավորը։

Սաղաթելյանը պնդեց, որ վարչապետը բավարար խորհրդարանական ձայներ չի ստացել իր խոստումները կատարելու համար և կարող է փորձել հասնել դրան այլ մեթոդներով։

«Փորձելու են շանտաժի, սպառնալիքների, ձերբակալությունների ու կալանավորումների միջոցով կոտրել դիմադրությունը, որպեսզի կարողանան բավարարել Ադրբեջանի պահանջները»,– ավելացրեց պատգամավորը։

Նրա համոզմամբ՝ ընդդիմությունը չի կարող սահմանափակվել միայն խորհրդարանական գործունեությամբ։

«Մեր ուժը խորհրդարանում բավարար չէ փոփոխությունների հասնելու համար։ Դրան պետք է ավելանա ժողովրդի ուժը Հայաստանի Հանրապետության հրապարակներում»,– ընդգծեց Սաղաթելյանը։

Նա կրկնեց նաև նախկինում հնչեցրած առաջարկը՝ ստեղծել «ՈՉ»-ի ճակատ, որը կհամախմբի խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Հայաստանին պարտադրվող օրակարգին։ Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ պատրաստվում են նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին։

«Այս աշնանը Հայաստանի համար ակնհայտորեն սպասվում են ծանր զարգացումներ, և ընդդիմության գլխավոր օրակարգը պետք է լինի դրանց հակազդելը։ Նիկոլ Փաշինյանը ևս պատրաստ չէ այս «բագաժով», այս ստացած քվեով, այս ընտրություններով, ակնհայտ գողացված մանդատներով այս օրակարգը սպասարկել, այդ պատճառով նրա համար բավականին դժվար է լինելու»,– եզրափակեց Սաղաթելյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31