Տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստը

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ,  խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, մինչեւ օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն  հայտնեց  խորհրդում ընդգրկված  բոլոր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` վերջին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանն իր դիրքերը բարելավել է  ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին  զեկույցում` տեղ գտնելով երկրների առաջին խմբում:

«Կարեւոր է, որ իրականացված աշխատանքը գնահատվում է, բայց այդ գնահատականը մեզ չպետք է հանգստացնի. սա վկայում է այն մասին, որ խնդիրը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է,  բայց անելիքներ դեռ կան, եւ միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության,  համապատասխան մարմինների աջակցությամբ առկա խնդիրները եւս պետք է իրենց լուծումներն ստանան»,- նշեց Ա. Գեւորգյանը:

Նիստում խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի  ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրեց թրաֆիքինգի ենթարկված անձանց համար փոխհատուցման համակարգի ստեղծման եւ  Ազգային ուղղորդման կարգի  վերանայման  ուղղությամբ  կատարված աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվում են  Ազգային ուղղորդման կարգի  փոփոխություններ, որոնք ուղղված են լինելու  զոհերի նույնականացման ընթացակարգերի պարզեցմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում  քննարկվում է զոհերի աջակցության հիմնադրամի ձեւավորման միջոցով փոխհատուցման համակարգի ստեղծման հարցը:  Համապատասխան փաստաթղթերի նախագծերը խորհրդին կից աշխատանքային խմբին  կներկայացվեն մինչեւ սեպտեմբեր: Վ. Կաժոյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծերը միջազգային փորձագիտական կարծիքի ներկայացնելու վերաբերյալ:

Ա. Գեւորգյանն առաջարկեց  անհրաժեշտ  նախագծերը  եւ օրենսդրական փաթեթները պատրաստել նախանշված ժամկետներում`  ԱԺ աշնանային նստաշրջանում ներկայացնելու  եւ արդեն 2014թ-ից դրանց կիրառությունն ապահովելու համար: Նա նաեւ կարեւորեց նախագծերի քննարկումներին ոլորտային  ՀԿ-ների մասնակցությունը:

Վ. Կաժոյանը  խորհրդի անդամներին ներկայացրեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում  ներկայացված առաջարկները` միաժամանակ նշելով, որ դրանց  մեծ մասն արդեն իսկ ընդգրկված է  «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ.  մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)  դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրում»,  մի մասն աշխատանքային խմբի կողմից քննարկման փուլում է, որից հետո կներկայացվի համապատասխան գերատեսչություններին` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Ա. Գեւորգյանը մասնավորապես  անդրադառնալով  հարկադիր աշխատանքի հնարավոր զոհերի հայտնաբերման  ոլորտին վերաբերող առաջարկներին` կարեւորեց  աշխատանքային տեսուչների ուսուցումների կազմակերպումը: Նա նաեւ  հանձնարարեց համապատասխան մարմինների հետ քննարկել ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկները` նման դեպքերի բացահայտման համար անսպասելի տեսչական ստուգումների իրականացման հնարավորության, նաեւ ճամփորդական գործակալությունների ոլորտում հնարավոր ռիսկերի կանխման նպատակով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Նիստում քննարկվեց նաեւ 2014 թ.  թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման  համար անհրաժեշտ  ֆինանսական  միջոցների հատկացման հարցը:  Տեղեկացվեց, որ  ՀՀ աշխատանքի  եւ  սոցիալական հարցերի, սպորտի  եւ  երիտասարդության, առողջապահության նախարարությունների կողմից  արդեն համապատասխան հայտերը ներկայացվել են` Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում եւ 2014թ. բյուջեի նախագծում հաշվի առնելու համար:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս