Իրանի ներքին գործերի նախարարը ժամանել է Պակիստան

Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իսլամաբադ՝ իր պակիստանցի գործընկեր Սայեդ Մոհսին Նաքվիի հրավերով՝ քննարկելու առևտրի, սահմանային անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները, հայտնում է IRNA գործակալությունը:

«Նուր Խան» ավիաբազա ժամանելուն պես Մոմենիին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են Նաքվին և Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ներքին գործերի, արտաքին գործերի, ճանապարհների և քաղաքաշինության, գյուղատնտեսության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Իրանի իրավապահ մարմինների հրամանատարության և Մաքսային վարչության ներկայացուցիչներ:

Իրանի ՆԳՆ տվյալներով՝ պատվիրակության կազմում են նաև նավթի, արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Սիստան և Բելուջիստան նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ սահմանային համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական, տարանցիկ և գյուղատնտեսական կապերի ընդլայնումը:

Այս ուղևորությունն իրականացվում է ի կատարումն նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանձնարարականի՝ Իրանի և Պակիստանի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը երեք միլիարդ դոլարից տասը միլիարդ դոլարի հասցնելու վերաբերյալ:

Այցի ընթացքում Մոմենին նախատեսում է հանդիպումներ ունենալ նաև պակիստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031