«Խոշոր տերությունների համար Հայաստանը սարքել են պոլիգոն, ո՞վ է երաշխիք տալու, այսօրվա Կառավարությո՞ւնը». Աշոտ Սևյան
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ, խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ-ն և Միացյալ Նահանգները հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը, որը ՀՀ տարածքի տարբեր գոտիներում կկարողանա առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ։
«TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը նախնական կգործի 49 տարով։ Այս ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ` Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանի Հանրապետությանը՝ բաժնեմասերի 26 տոկոսը։ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա երկարացնելու գործակցությունը ևս 50 տարով, և այդ դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,- նշեց Արարատ Միրզոյանը և հավելեց, որ նախագիծը կնպաստի տարածաշրջանային ու գլոբալ առևտրի զարգացմանն ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։
Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանի խոսքով՝ Հայաստանում որևէ նախագիծ չի կարող խաղաղության երաշխիք հանդիսանալ, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ը։
«Սա տարածաշրջանային վտանգ է, իշխանությունը սրանով Հայաստանին ներքաշում է ԱՄՆ-Իրան-Ռուսաստան և այլ գերհզոր տերությունների բախման մեջ, խոշոր տերությունների համար Հայաստանը սարքել են պոլիգոն։ Հաջորդ պատերազմն էլ սրա համար է լինելու։ Դուք տեսեք, թե Իրանը որտեղից որտեղ է հարվածում, եթե զգա՝ իրեն վտանգ է սպառնում, Հայաստանի ուղղությամբ չի՞ հարվածելու։ Ո՞վ է «գարանտ» տալու, այսօրվա Կառավարությո՞ւնը, այդ կառավարությունն իսկի մեր անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուր մնաց՝ միջազգային հարցերում կարողանա ինչ-որ բան անել։ Կրկնում եմ՝ Հայաստանը ներքաշում են Իրան-Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան պատերազմի մեջ՝ դարձնում են ֆորպոստ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։
Ըստ նրա, Միացյալ Նահանգներն առհասարակ ցանկություն չունի լինելու Հայաստանի համար անվտանգության երաշխավոր, քանի որ այսօր բոլորին ձեռնտու է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, որին համարում են հաղթող կողմ։
«Հայաստանի հարցերով քննարկումներ են անում Ադրբեջանի հետ, Հայաստանի անվտանգության երաշխավորը որևէ երկիր չէ, մեր միակ երաշխավորը միայն բանակն է, որն այս իշխանությունը քանդում է։ Առհասարակ ցանկացած երկրի անվտանգության երաշխավորը բանակն է, որևէ մեկը Հայաստանի համար այս պահին պատասխանատվություն չի կրելու։ Վաղը-մյուս օրը Միացյալ Նահանգները կարող է այդ 74 տոկոսը վերավաճառի ցանկացած այլ պետության և հեռանա։ Այդ դեպքում Հայաստանի իշխանությունն ի՞նչ է ասելու, ասելու է՝ չէ, չենք ուզո՞ւմ։ Օրինակ, կարող է Պակիստանին վաճառել, որը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի անկախությունը, հնարավոր չէ՞, ասում եմ՝ չէ, «գարանտիա» չկա, Հայաստանը վերածում են թատերաբեմի»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Շարունակելով՝ ազատամարտիկն ասաց՝ Արարատ Միրզոյանն այսօր պաշտոնի է, վաղը պաշտոնի չի լինելու, նույնը ԱՄՆ նախագահ Թրամփը, որը կարող է վաղը հայտարարել, որ ԹՐԻՓՓ-ը սխալ նախագիծ է, ուստի որոշել է չիրականացնել։
«Մի մոռացեք Աֆղանստանին. 20 տարի կոտորեցին, վերջում էլ Ռուսաստանի հետ ասացին՝ սխալ նախագիծ է, մենք գնացինք, բայց արդյունքում այդ երկիրն ավերեցին, նոր գնացին։ Նույնն էլ մեզ է սպասվում, ուղղակի սրանք այնքան գիտակից պետք է լինեին, որ այդպես մեծ աշխարհաքաղաքական խաղերի մեջ չմտնեին, բայց հանուն իրենց աթոռի՝ մտան ու երկիրը ներքաշեցին այնտեղ»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Ազատամարտիկը վստահ է՝ եթե նույնիսկ վաղն Ադրբեջանի հետ Հայաստանը խաղաղության մասին թուղթ ստորագրի, հարկ եղած դեպքում այդ թուղթը որևէ դեր չի խաղալու։ Ալիևի համար դժվար չէ այդ թուղթը մոռացության տալ, նույնիսկ, եթե Հայաստանի իշխանությունը երկրի Սահմանադրությունը փոխի, մեկ է՝ Ադրբեջանն այլ պահանջ է առաջ քաշելու, որպեսզի Հայաստանին մշտապես պահի ճնշման տակ։
«Վստահ եմ՝ որևէ պայմանագիր չի լինելու, Ադրբեջանը բռնել է այս մարդկանց թույլ կողմը և մինչև վերջ ուզում է գնալ՝ հետևողականորեն, ծրագրած ու պլանով։
Այս համատեքստում վտանգված է ոչ միայն Սյունիքը, այլև ամբողջ Հայաստանը, այստեղ միայն Սյունիքի խնդիրը չէ, Սյունիքն այլ տերություններին պետք է, որպեսզի Իրան ոտքով զորք մտցնեն։ Թրամփը, տեսեք, ինչպես է «խաղում» Իրանի հետ, մի օր ասում է՝ պայմանագիր ենք ստորագրում, հաջորդ օրը՝ չեղարկում է։ Ամեն կողմից «բամփելու» են Հայաստանի գլխին, պետք է այնպիսի դաշնակից ունենանք, որ կարողանանք մեզ պաշտպանել։ Սրանք բոլորի հետ իրենց հարաբերությունները փչացրել են»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։

