Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում
Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։
Գործադիրը հիշեցրել է, որ Հայաստանը թեփուկավոր ձուկ և դրանից ստացված արտադրանք ԵՄ արտահանելու պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից։ Սակայն գործող օրենսդրությամբ մինչ այժմ սահմանված չեն եղել արտահանող ընկերությունների գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգերը։
Նախագծի համաձայն՝ ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող տնտեսավարողը նախ պետք է դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը կստուգի` արդյոք արտադրությունը համապատասխանում է Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա ընկերության տվյալները կներկայացնի TRACES համակարգում գրանցելու համար։
«Եվրոպական հանձնաժողովի համար լիազոր մարմնի տեղեկատվությունը երաշխիք է հանդիսանում համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման հաստատման համար»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Կարգով կսահմանվեն նաև գրանցումը դադարեցնելու հիմքերը և արտահանվող ապրանքի համար առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից, բազմազանեցնել արտահանման ուղղությունները և արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

