Ընդդիմության միակ անելիքը նոր ստատուս-քվոյում

Ընդդիմությունը հայտարարեց պատգամավորական մանդատները վերցնելու ու Ազգային ժողով գնալու մասին։ Հնչեցին ինչպես դատապարտող, այնպես էլ՝ արդարացնող գնահատականներ։

Բայց էմոցիաներից դուրս, դա այլևս իրողություն է, քաղաքական նոր ստատուս-քվո։ Ընդդիմադիր երկու ուժերը՝ առանձին-առանձին և հավաքականորեն, այլևս մեկ գերագույն խնդիր ունեն՝ հանրությանն ապացուցել մանդատները վերցնելու իրենց որոշման ճշմարտացիությունն ու արդարացվածությունը։ Իսկ դա շատ ավելի բարդ խնդիր է, քան ընտրություններին մասնակցելն ու ձայներ ստանալը։

Դա պահանջում է բազմապատիկ ավելի մեծ, բազմաշերտ ինտելեկտուալ աշխատանք, ռազմավարական մտածողություն ու պլանավորում։

Պայմանական բնորոշմամբ, եթե նախընտրական շրջանում բոլորը՝ ընդունելով իշխանության թելադրած խաղի կանոնը, առաջնորդվում էին միայն սուր հռետորաբանությամբ, լեզվի ճկունությամբ, ապա հիմա միայն ու բացառապես խելքի ու դրա հիման վրա՝ քաղաքական մտքի գեներացման ժամանակն է։

Կարդացեք նաև

Վերջին շաբաթներին այդքան հաճախ հնչող փողոցի ու մանդատների համատեղման հայտարարությունները հռետորաբանությունից դուրս պահանջում են գրագետ, հաշվարկված քաղաքական աշխատանք, որն այս իրավիճակը փոխելու գրեթե տեսական, այդուհանդերձ, միակ հնարավորությունն է։

Բայց որպեսզի դա տեղի ունենա, ընդդիմությունը պետք է կարողանա դուրս գալ պայմանական ասած սովորականության, ստանդարտության ռեժիմից, որում գտնվում էր ողջ նախընտրական շրջանում, և ինչն էլ նպաստեց գործող իշխանության վերարտադրությանը։

Այլ կերպ ասած, եթե ընդդիմադիր պատգամավորները նոր Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու են ստանդարտ գործիքներով՝ հայտարարություններ, սուր հարցեր հարցուպատասխանների ժամանակ, ի սկզբանե դատապարտված, ընդամենն ականջահաճո նախագծերի մշակում ու տապալում․․․ ապա նրանք ակամայից նպաստելու են իշխանության ամրապնդմանն ու այլասերմանը, որն, ի դեպ, արտահայտվելու է նաև նույն ընդդիմադիրների դեմ պայքարում։

Հակառակը, այս պահին միակ հնարավոր ճանապարհը նախ պետք է սկսվի մտածողության փոփոխությունից, իրավիճակն ու իրականությունը ստանդարտ, միջին վիճակագրական չափումներից դուրս տեղափոխելուց և դրան համապատասխան գործողությունների մշակումից։

Ընդ որում, խոսքը շատ երկարաժամկետ ընթացքի մասին չէ։ Եթե ԱԺ-ի աշխատանքի հենց սկզբից ընդդիմադիր պատգամավորներն իրենց գործունեությամբ հանրությանը չկարողանան ազդակ հղել, որ Ազգային ժողով են գնացել ոչ թե՝ ևս հինգ տարի իշխանության մասին խրոխտ ելույթներ ունենալու, այլ՝ իսկապես փողոցի ու խորհրդարանի զուգակցման միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար, հանրությունը շատ արագ և արդեն անդառնալիորեն հիասթափվելու է բոլորից։

Պատգամավորական մանդատը գործիք է՝ փողոցի քաղաքական օրակարգն արդյունքի վերածելու համար։ Մինչ այս պահը, ընդդիմությունը ոչ ուղղակի, սակայն ակնարկում է, որ որպես գործիքի է վերաբերվում փողոցին։

Սա հայեցակարգային խզում է, որն արդեն խորհրդարանի աշխատանքի սկսվելուց հետո շարունակվելու դեպքում՝ արժանանալու է հանրության համարժեք վերաբերմունքին՝ Հայաստանին ապահովելով ընդամենն իշխանության և ընդդիմության գզվռտոցների դիտարժան տեսարաններ, որոնք արդեն դադարել են անգամ սպորտային հետաքրքրություն ներկայացնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031