Եթե Նիկոլ Փաշինյանը մի օր Գագիկ Ծառուկյանի առյուծի նման քնի ու չարթնանա, ո՞ւմ են վարչապետ առաջադրելու. Նարեկ Մալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, վաղուց հրապարակային նախազգուշացված իրադարձություններ են: Ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենում: Բազմաթիվ գործիչներ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության գնալն այս հետևանքն է ունենալու: Սա նախկին խորհրդարանական ընդդիմության տոտալ անգործության արդյունքն է:
- Դանիել Իոաննիսյանը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը ելնում է քաղաքական նպատակահարմարությունից, և այստեղ ոչ մի իրավական հարց չկա:
- Էմոցիոնալ ֆոնով առաջին ձերբակալումը երջանկահիշատակ գեներալ Մանվել Գրիգորյանինն էր, երբ իրավականին զուգահեռ՝ տեղի ունեցավ իրավական, բարոյական ու վարկաբեկող մեծ արշավ նրա դեմ: ՔՊ-ի քաղաքական թիմի ձեռքով մոնտաժվեց «տուշոնկա շոուն», որն այն ժամանակ աշխատեց և որպես գործիք կիրառվեց Մանվել Գրիգորյանի դեմ (Գեներալ Մանվելի դեմ «տուշոնկա շոուն» մոնտաժել էր ՔՊ-ական, Լոռու ներկայիս մարզպետ Արեն Մկրտչյանը): Հիմա Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը հակառակ ուղղությամբ է աշխատում: Բոլորին են գետնին տապալել, այդ թվում՝ ինձ: Ինձ տապալողների թվում էր մի ոստիկան, ում ժամանակին ես էի աշխատանքի ընդունել:

Որևէ նպատակահարմարություն չկար 70 տարեկան մարդուն՝ Գագիկ Ծառուկյանին իր տան մեջ գետնին տապալելու: Ձեռնաշղթան հատուկ միջոց է, այն կիրառում են օրենքով նախատեսված դեպքերում: Գագիկ Ծառուկյանի պարագայում դրա անհրաժեշտությունը չկար, ձեռնաշղթան ձևական էր անցկացված նրա ձեռքին: Իսկ առյուծներին ինչի՞ տարան: Ես թութակ եմ պահում… Որ գան ինձ ձերբակալեն, թութակիս էլ ե՞ն տանելու:
- Ընտրարշավի 2-րդ հատվածում ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը Գագիկ Ծառուկյանն էր, չգիտեմ՝ ինչու: Դա կարող էր լինել տարբեր պատճառներով: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նրա սևեռվածությունն ուրիշ էր: Եվ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարի. արդյունքում՝ գողացան ձայները, որպեսզի չմտնի խարհրդարան: Իշխանությունը ձայներ է կեղծել իր օգտին, պակասեցվել են ձայներ ընդդիմադիր կուսակցություններից և կեղծվել են ձայներն այն ուժերի օգտին, որոնք միգուցե կուզեին, որ անցնեին: ԲՀԿ-ն մինչև վերջին օրը, ըստ տարբեր սոցհարցումների, մոտ 7%-ի ձայն է ունեցել: Իսկ թե ինչ է իրականում տեղի ունեցել, այդ թվում՝ ինչպես են գողացել ձայները, այս ամենի պատկերը մենք կունենանք իշխանափոխությունից հետո:
- Ներկայացնեմ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանությունը ձայներ է կեղծել նաև «Հայաստան» դաշինքի օգտին: Այն երկու ընտրատեղամասերում, ուր չեղարկվեցին ընտրությունների արդյունքները, հանձնաժողովի նախագահը ՔՊ-ական է եղել, քարտուղարը՝ «Հայաստան» դաշինքից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ առանց նախագահի ու քարտուղարի ստորագրության՝ հնարավոր չէ արդյունքներ հրապարակել: Նրանց երկուսի ստորագրություններն էլ եղել են: Բացարձակ չեմ բացառում նաև այն հանգամանքը, որ երկու տեղամասերի քարտուղարներն իրենց նախաձեռնությամբ են դա արել, բայց այդ դեպքում «Հայաստան» դաշինքը, որը գործ է ունեցել Գեղամ Նազարյան երևույթի հետ, հայտարարություն պիտի աներ:
- Այս ընտրությունները հետաքրքիր էին նրանով, որ բոլորն ամեն ինչ հասկանում էին: Բոլորը գիտեին՝ ինչ է լինելու, եթե «Հայաստան» դաշինքի հանճարեղ ծրագրով 5 տարի սպասեն ընտրություններին: Սահմանադրական դատարան դիմելը միանշանակ ճիշտ քայլ էր, սակայն հանրության ակնկալիքները նաև ինչ-որ այլ զուգահեռ պրոցեսներ գեներացնելուն են վերաբերում՝ մանդատներ վերցնել և ի՞նչ անել, չվերցնել և ի՞նչ անել:

- Ես հեռու եմ ընդդիմությանը խորհուրդ տալու մտքից, որովհետև ցանկացած որոշման դեպքում պատասխանատվությունն իրենցն է, բայց եթե իմ կարծիքն է հետաքրքիր, ես խորհուրդ կտամ վերցնել այդ մանդատները, որովհետև դրանք ռացիոնալության տեսանկյունից կարևոր են լինելու: «Ուժեղ Հայաստան» դաշինքը հիմա ստիպված է պատասխան տալ «Հայաստան» դաշինքի նախորդ 5 տարվա անգործության համար: Ի դեպ, բացի Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էին ասում, որ Պառլամենտ անցնելու դեպքում բոլորը վարչապետ են ընտրելու Ռոբերտ Քոչարյանին:
- Եթե Նիկոլ Փաշինյանը մի օր Գագիկ Ծառուկյանի առյուծի նման քնի ու չարթնանա, ո՞ւմ են վարչապետ առաջադրելու՝ Ռուբեն Ռուբինյանի՞ն, եթե Խորհրդարանում ընդդիմություն չլինի: Այնպես որ, պետք է մանդատները վերցնել:
- Նիկոլ Փաշինյանի պահվածքը հաղթողի կեցվածք չէ: Նա դեռևս դուրս չի եկել քարոզարշավի տրամաբանությունից, մինչ օրս քարոզարշավ է անում: Նա ապացուցելու բան ունի:
- Ընտրություններից հետո Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց՝ եթե հրավեր լինի, գնալու եմ Բաքու: Միգուցե դա է՞լ էր ադրբեջանական պահանջ, որ անպայման նման հայտարարություն լինի:
- Հաջորդ ընտրությունը 5 տարի հետո է, բայց Նիկոլ Փաշինյանն ընտրություններից անմիջապես հետո արտահերթ նիստով «Ընտրական օրենսգիրք» է փոխում, այլ օրենքների փոփոխություններ է արագ կարգով անում: Ո՞րն է պատճառը: Ակնհայտ է, որ նա ինչ-որ բանի է պատրաստվում, որովհետև դժգոհ է ընտրությունների արդյունքներից:
- Պղտոր ջրում ձուկ բռնողների պակաս Հայաստանում երբեք չի եղել: Իրենց մոտիվացիան պարզ է: Հանրությանը պետք է դարձնել քաղաքական գործընթացների մասնակից:

- Ես հատուկ ուղիղ եթերով գնացի Ազգային ժողով՝ հանդիպելու այն պատգամավորների հետ, ում հետ մեզ նույնացնում էին: Բայց պարզվեց՝ ընդդիմադիր պատգամավորներն այն դիրքորոշումն էին ընդունել, թե՝ եկեք, խոնարհվեք, կստորագրենք Իմպիչմենտի թուղթը: 6 ամսվա ընթացքում Էդգար Ղազարյանի հետ ընդամենը 2 ընդդիմադիր պատգամավոր հանդիպեց: Ընդդիմությանը մենք ենք շփացրել, որովհետև ընդդիմադիրներին քննադատելը, անհարմար հարցեր տալը համարել ենք տաբու:
- ՍԴ-ի դիմաց ցույց տեղի ունեցավ. ինչքա՞ն մարդ մասնակցեց… Շատ քիչ: Եկել էր այնքան մարդ, որի կրկնակին ԱԺ-ի մոտ եկել էր «Արթուն ենք» շարժման կազմակերպած հավաքի ժամանակ:
- Ունենք ինքնահռչակված ընդդիմադիրներ, որոնք բազմաթիվ անգամներ օգտագործվել են իշխանության կողմից, հիմա էլ հանգրվանել են ընդդիմադիր ինչ-որ թևի մոտ: Եթե ես ուզում եմ իմանալ՝ ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը, ես լսում եմ Էդմոն Մարուքյանին: Էդմոն Մարուքյանն, ի դեպ, իբրև ջոկեր՝ մտավ Իմպիչմենտի գործընթացի մեջ՝ գործընթացն անլրջացնելու համար՝ հենց Ռոբերտ Քոչարյանի պահանջով:
- Իմպիչմենտի օրակարգը միավորող օրակարգ է, ի տարբերություն ընտրությունների գործընթացի: Ռոբերտ Քոչարյանի նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այլ իշխանության գալը: Նրա պատկերացրած իշխանափոխության միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանին փոխարինելն էր: Դավիթ Համբարձումյանն էդ լուծը վերցրեց իր ուսերին, որովհետև ոչ ոք չէր ուզում վերցնել: Ի՞նչ տեղի ունեցավ՝ տեսաք, հետապնդումներ սկսվեցին Դավիթի դեմ, կալանավորվեց, պաշտոնից հրաժարվեց, նստեց… Դավիթն անձամբ է Ռոբերտ Քոչարյանին խնդրել, որ ինքը լինի ընդդիմության միասնական թեկնածուն, նա հրաժարվել է, որովհետև իմպիչմենտը ենթադրում էր նաև փողոց, իսկ Ռոբերտ Քոչարյանի անտիռեյտինգը նրան թույլ չէր տալիս փողոց գեներացնել: Մինչև ընտրություն 3 տարբեր իմպիչմենտի գործընթաց կարող էր լինել 3 տարբեր թեկնածուներով, բայց Ռոբերտ Քոչարյանը վիժեցրեց դա:
- Այո՛, ես ասել եմ, որ իմպիչմենտի գործընթացի ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որովհետև ես ընտրությունների չեմ գնալու, ռեյտինգի կորստից չեմ վախենում: Բայց ես պատգամավոր չեմ, որ բանակցեմ ՔՊ-ի հետ: Այսինքն՝ ես ՔՊ-ի հետ պիտի բանակցեի, ձայներ բերեի, իրենք նստեին իրենց պատգամավորական աթոռների՞ն:

- Ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները և ազնվորեն խոստովանի, որ փողոցում այլևս իշխանություն չունի: Պետք է թողնեն, որ փողոցն այլ դերակատարներով, այլ առաջնորդներով տեղի ունենա:
- Նախ ես կասկածում եմ, որ Հայաստանում սոցիալական բունտ կլինի, բայց եթե անգամ լինի, նախ այդ հարյուր-հազարավոր մարդիկ սրբելու են անգործ ընդդիմությանը, հետո նոր՝ Նիկոլ Փաշինյանին:
- Ռոբերտ Քոչարյանին քննադատում եմ ոչ թե ինչ-որ բան անելու համար, այլ ոչինչ չանելու համար: Ընդդիմադիր լիդերը միայն Էգեյան ծովում հանգստանալ չէ, այլ պատասխանատվություն:
- Տղամարդը, իմ իմանալով, եթե ինչ-որ բան է ասում, այն էլ՝ մի քանի անգամ, պիտի անի իր ասածը: Հիմա կտեսնենք՝ մարդիկ, ովքեր ասում էին՝ եթե Նիկոլը մնա իշխանության, ես մանդատ չեմ վերցնի, կվերցնի՞, թե՞ չէ…
- Մամիկոն Ասլանյանը կհաստատի: Ես շատ երկար պայքարեցի, որ ՔԿՀ աշխատակիցը, որ դուռը բացում, ասում է՝ Ձեզ մոտ պատգամավոր է եկել, ինձ ասի՝ ով է եկել: Այնպես որ, իրենց այցելություններն իրենց անգործության պատճառով քաղբանտարկյալ դարձած մարդկանց վրա թող չծախեն: Դեպք է եղել, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկը գնացել է «Արմավիր» ՔԿՀ՝ քաղբանտարկյալի տեսակցության, վերջինս ասել է՝ ես զբաղված եմ, չեմ կարող ընդունել:
- Իմ նկատմամբ գործադրվել է իշխանական բռնությունների ողջ պալիտրան: Ես թիրախավորվել եմ և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, երբ սկսել եմ մարդկանց ասել ճշմարտությունը:
- Եթե դու ոչինչ չես անում, ու քեզ անընդհատ ծեծում են, ուրեմն քեզ այլ կերպ անվանել, քան «բոքսի տանձիկ», չի կարելի:
- Իմ հորը ոչ մեկն այնքան անձնական ցավ չի պատճառել, որքան Նիկոլ Փաշինյանը: Իմ հայրն իմ նստելը շատ ծանր է տարել: Հայրս սուրբ Հովահաննեսում պատարագիչն է եղել: Հայրս արդեն բեմում է եղել, երբ եկել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց նախապես պրոտոկոլային հայտարարության: Հայրս երեք անգամ տվել է Կաթողիկոսի անունը, հետո հաղորդություն է տվել Նիկոլ Փաշինյանին: Եթե Բագրատ սրբազանն էլ լիներ, չէր կարող չտալ հաղորդություն, որովհետև կանոնական խախտում է դա, կարգալույծ կլիներ, եթե հաղորդություն չտար: Հորս մեջ մի կողմից անձնական ցավն է եղել՝ իրեն այդ ցավը պատճառող մարդու դիմաց կանգնած, մյուս կողմից՝ հոգևորականը:

- Հանրությանը պետք է թողնել իշխանության և ընդդիմության հետ: Հանրությանը բացատրելու բան չկա:
- Եկեղեցու դեմ նոր հարձակում լինելու է Ծառուկյանի թեման փակելուց անմիջապես հետո:
Մանրամասները՝ տեսանյութում:

