Ո՞ր օրենքի շրջանակում է՝ մի քանի տասնյակ ԱԱԾ-ականներ բաց թողնել մարդու վրա, թիրախավորել կենդանիներին. Գլխավոր դատախազի մասնագիտական արժանապատվությունը չի՞ խոցվում. Ժաննա Ալեքսանյան
ԱԱԾ տարբեր ստորաբաժանումներից դիմակավորված ծառայողների բազմություն, սեփական տան մեջ գետնին տապալված 70-ամյա ՀՀ քաղաքացի, ու այս ամենը՝ ֆիլմի սաունդթրեքով․ նախօրեին հենց այսկերպ էին բերման ենթարկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
168.am-ը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ սա իրավակա՞ն պրոցես է, ինչպես պնդում են իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները:
«Ոչ, սա ուղղակի Փաշինյանի նախընտրական հայտարարությունների, թե «բոմժ» է սարքելու, լեզուն շատ է երկարել և այլն, շարունակությունն է։ Ես չեմ տեսնում, որ այս ամեն ինչն արվում էր օրենքին համապատասխան,- արձանագրեց իրավապաշտպանը, ապա անդրադառնալով դիմակավորված ուժայինների շքերթին՝ շեշտեց,- Ի՞նչն էր օրինական, որ փաստաբաններին ներս չէի՞ն թողնում»։
Ժաննա Ալեքսանյանն արձանագրեց՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից հետո արդեն հասկանալի է, որ սա վրեժխնդրություն, հաշվեհարդար է։
«Ես միայն մեկ բան չեմ հասկանում`գլխավոր դատախազի մասնագիտական արժանապատվությունը չի՞ խոցվում, որ իր փոխարեն հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, գործողություններն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը` իր ուժային կառույցների միջոցով և ամենանողկալի ձևով` նսեմացնելով մարդուն։ Դա ո՞ր օրենքի շրջանակում է` նսեմացնել մարդուն, մի քանի տասնյակ ԱԱԾ-ականներ բաց թողնել մարդու վրա, թիրախավորել կենդանիներին։ Ամենաահավորը սա է, ամենասարսափելին։ Ծառուկյանը, վստահ եմ, դուրս կգա էդ վիճակից, բայց այս սադիզմը, հանրության աչքի առաջ կենդանուն այդպես նսեմացնելը, տանելը, քնեցնելը, սպանելը. չգիտեմ՝ որը ասեմ»,- ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը։
Դատարանը նախօրեին բավարարեց իրավապահների միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 2 ամսով։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։
Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։
Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև քնեցրել և տեղափոխել են են 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկն անկել է կենդանաբանական այգում։
Հիշեցնենք նաև՝ Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։

