Սալոնիկի մերձակայքում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ հրկիզման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Հունաստանում ձերբակալվել է մի տղամարդ, որին կասկածում են Սալոնիկի՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի մերձակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի պատճառ դառնալու մեջ, հաղորդում է Associated Press-ը։

Հունաստանի հրշեջ ծառայության տվյալներով, արագ տարածվող հրդեհը սկսվել է շաբաթ երեկոյան Օրեոկաստրո արվարձանի շրջանում։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտ 20:30-ին՝ լեռնային տեղանքում գտնվող ձորակում, և արագ տարածվել է սկզբում լանջերով, ապա նաև հարթավայրային հատվածներով՝ հիմնականում ոչնչացնելով թփային բուսականությունը։

Թեև բնակելի տները չեն տուժել, կրակը վնասել է մի քանի առևտրային օբյեկտներ։ Իշխանությունները Անտուպոլի, Ֆիլոթեա և Գալինի բնակավայրերի բնակիչներին ուղարկել են արտակարգ SMS հաղորդագրություններ՝ տարհանման կոչով։

Տարհանվել է նաև սոցիալական հաստատություն, որտեղ գտնվում էին հատուկ կարիքներ ունեցող 157 մարդ։ Մոտ 120 մարդ, որոնք կարող էին ինքնուրույն տեղաշարժվել, տեղավորվել են մարզադահլիճում, իսկ մնացածները՝ հոգեբուժական հիվանդանոցում։

Ավելի ուշ հրշեջ ծառայությունը հայտնել է 76-ամյա տղամարդու ձերբակալության մասին, որին կասկածում են հրկիզման մեջ։ Գերատեսչության տվյալներով, նա գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում։

Քննությունը պարզել է, որ հրդեհը կարող էր սկսվել նրա ավտոմեքենայից, որը շարժման ընթացքում կայծեր էր արձակել և բոցավառել էր չոր բուսականությունը։ Փորձաքննությունները հաստատել են ձերբակալվածի արյան մեջ ալկոհոլի առկայությունը։

Սալոնիկի բնակիչները կարող էին տեսնել բոցերը և լսել պայթյուններ․ առևտրային շենքերում այրվում էին դյուրավառ նյութեր։ Քաղաքի և արվարձանների վրա բարձրացել էր խիտ ծուխ։

Հրդեհի մարմանը մասնակցել են շուրջ 115 հրշեջ, 38 միավոր տեխնիկա, ինչպես նաև կամավորներ։ Մթի պատճառով ավիացիան չէր կարող ներգրավվել։ Իշխանությունները զգուշացնում են, որ քամու ուժգնացման դեպքում կրակը կարող է տարածվել ավելի խիտ բնակեցված շրջաններ, այդ թվում՝ Նեա Էֆկարպիա, ինչպես նաև հենց քաղաք։

Չոր և շոգ ամռան ֆոնին հրդեհները շարունակում են մնալ Հունաստանի համար մշտական խնդիր, որտեղ արդեն արձանագրվել են հրդեհի նոր օջախներ երկրի այլ շրջաններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031