Ուկրաինան այլևս Taurus թևավոր հրթիռների կարիքը չունի. Գերմանիայի ՊՆ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան այլևս Taurus թևավոր հրթիռների «կարիք չունի»։
Ըստ նախարարի, ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելու ուկրաինական մարտավարությունը արդյունավետ է եղել։
«Այժմ իրավիճակն ավելի լավ է թվում, քան երբևէ։ Ռազմի դաշտում շարժը քիչ է՝ երբեմն մի քանի կիլոմետր առաջխաղացում այս կամ այն ուղղությամբ, փոխարենը՝ ռուսաստանյան զինված ուժերի անհավանական կորուստներով», — հայտարարել է Պիստորիուսը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինային գնալով ավելի հաճախ է հաջողվում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ նավթավերամշակման և ռազմական լոգիստիկայի օբյեկտներին, ինչն, ըստ նրա, նվազեցնում է ռուսաստանյան զորքերի ապահովման հնարավորությունները։
Պիստորիուսը հավելել է, որ ճակատային գծում իրավիճակը ընդհանուր առմամբ մնում է ստատիկ՝ չնայած մարտական գործողությունների բարձր ինտենսիվությանը։

