Ուկրաինան պարզեցրել է զենքի արտահանման ընթացակարգը գործընկեր երկրներ
Ուկրաինայի կառավարությունը գործընկեր պետություններ հայրենական զինատեսակների և ռազմական տեխնոլոգիաների արտահանման նոր մեխանիզմ է հաստատել։ Նոր համակարգը, որը ստացել է Fast Track անվանումը, նախատեսում է արտադրողների հայտերի դիտարկման ժամկետի կրճատում՝ 90-ից հասցնելով 30 օրվա։
Դրա մասին հայտնել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն և պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը, հաղորդում է РБК-Украина-ն։
Ըստ ընդունված որոշման՝ պարզեցված ընթացակարգը տարածվելու է այն երկրներ մատակարարումների վրա, որոնց հետ Ուկրաինան համաձայնագրեր է կնքել Drone Deal ձևաչափով։ Դեպքերի մեծ մասում հայտերը կդիտարկվեն առանց Միջգերատեսչական հանձնաժողովի պարտադիր քննարկմանը ներկայացնելու։
Ումերովը նշել է, որ ընթացակարգերի արագացումը չի նշանակում պետական վերահսկողության թուլացում։
«Մենք կրճատում ենք ժամկետները, բայց չենք նվազեցնում վերահսկողությունը։ Այդ որոշումը ուկրաինացի արտադրողներին հնարավորություն կտա աշխատել ավելի արագ, իսկ պետությանը՝ պահպանել ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր ապահովագրական մեխանիզմները»,- հայտարարել է նա։
Նոր մեխանիզմը գործելու է ռազմական դրության ժամանակաշրջանում և տարածվելու է 15 միլիոն գրիվնայից բարձր արժեք ունեցող զենքի արտահանման վրա։ Կոմպլեկտավորող բաղադրիչների համար այս շեմը չի կիրառվելու։
Այն երկրների ցանկը, որոնց վրա տարածվելու է պարզեցված ռեժիմը, կձևավորի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։ Իր հերթին, Պաշտպանության նախարարությունը եռամսյակային կտրվածքով թարմացնելու է այն արտադրանքի ցանկը, որի արտահանումը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պարզեցված ընթացակարգում չի ներառվի։
Կառավարությունը նախատեսել է նաև ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աջակցության մեխանիզմ։ Սվիրիդենկոն նշել է, որ պատրաստի արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումից ստացված միջոցների 20%-ը, ինչպես նաև կոմպլեկտավորող մասերի արտահանման եկամուտների 30%-ն ուղղվելու են պետական բյուջեի հատուկ հիմնադրամ՝ ի նպաստ պաշտպանական արդյունաբերության զարգացման։
Բացի դրանից, ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները կպահպանվեն մշակողների մոտ։ Արտադրանքի վերաարտահանումը երրորդ երկրներ հնարավոր կլինի միայն Ուկրաինայի գրավոր համաձայնությամբ։ Եթե ուկրաինական տեխնոլոգիաներով արտադրված արտադրանքը վերավաճառվի, դրա արժեքի 20%-ը կփոխանցվի Ուկրաինայի բյուջե։
Իշխանություններն ընդգծում են, որ առաջնահերթություն է մնում Ուկրաինայի զինված ուժերի կարիքների ապահովումը։ Արտադրողները կկարողանան արտահանել արտադրանքը միայն այն պայմանով, եթե ի վիճակի են միաժամանակ կատարել պետական պաշտպանական պատվերները և արտահանման պայմանագրերը։ Եթե պետությունը ծրագրում է տվյալ արտադրանքը գնել բանակի համար, դրա արտահանման թույլտվություն չի տրվի։
Ֆյոդորովը նշել է, որ նոր կանոնները պետք է ուկրաինացի արտադրողներին օգնեն ընդլայնել արտադրությունը, դուրս գալ նոր շուկաներ և ներգրավել միջազգային ներդրումներ՝ առանց բանակի ապահովմանը վնաս հասցնելու։
Drone Deal ձևաչափը նախատեսում է համագործակցություն օտարերկրյա գործընկերների հետ ոչ միայն անօդաչու թռչող սարքերի մատակարարման, այլև տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ մշակումների, մասնագետների պատրաստման և ներդրումների ներգրավման ոլորտներում։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ նման համաձայնագրերի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել արդեն շուրջ 20 պետություն։ Առաջին եվրոպական երկիրը, որն Ուկրաինայի հետ նմանատիպ համաձայնագիր է ձևակերպել, դարձել է Լիտվան, ավելի ուշ նախաձեռնությանը միացել է նաև Լատվիան։

