Մերձավոր Արևելք. Թուրքիայում «քրդական հարցը» սառել է վտանգավոր դադարի փուլում

Արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ Թուրքիայի նոր խաղաղ նախաձեռնությունը «սառեցվել է», ապրիլի վերջին հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդներից Մուրատ Քարայըլանը: Աբդուլլահ Օջալանի հետ շփումները կասեցված են։ Քարայըլանի խոսքով՝ PKKի անդամները չեն կարող զենքը վայր դնել առանց իրավական երաշխիքների:

Անկարան պնդում է՝ PKK-ն պետք է վերիֆիկացվող քայլեր ձեռնարկի իր զինված գործունեությունը դադարեցնելու համար, նախքան ավելի լայն իրավական և քաղաքական միջոցներ ձեռնարկվեն: Քուրդ քաղաքական գործիչները հայտարարում են՝ Օջալանի կոչին և ՔԱԿ-ի՝ զինված արշավը դադարեցնելու որոշմանը պետք է հետևեն օրենքներ, որոնք կերաշխավորեն հետապնդումների բացակայությունը նրանց, ովքեր կորոշեն վայր դնել զենքը:

Ըստ կառավարամետ Turkiye Gazetesi-ի՝ ապրիլի վերջին թուրքական հետախուզության ղեկավարն իշխող ԱԶԿ-ին զեկույց է ներկայացրել, որը ցույց է տալիս, որ ՔԱԿ-ը զինաթափման հետագա քայլեր չի ձեռնարկել, բացի անցյալ ամռանը զենքի այրման խորհրդանշական արարողությունից, ինչը հետաձգել է խաղաղ գործընթացը:

Թե Ռեջեփ Էրդողանի կառավարությունը, թե քուրդ առաջնորդները չեն ցանկանում որևէ քայլ ձեռնարկել, որը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, հատկապես Իրանի դեմ ամերիկաիսրայելական ագրեսիայի խորապատկերին տարածաշրջանի ապակայունացման պայմաններում:

Նախագահը հայտարարում է «շարունակվող խաղաղ գործընթացի» դրական մթնոլորտի մասին, սակայն որոշ շահագրգիռ կողմեր հիասթափված են «քրդական բարեփոխումների» ճանապարհին որևէ հստակ օրենսդրական քայլերի բացակայությունից:

Հունիսի սկզբին մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել էր 2016 թվականին ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված հայտնի քուրդ քաղաքական գործիչներ Գյուլթան Քըշանաքի և Սեբահաթ Թունսելի իրավունքները թուրքական պետության կողմից ոտնահարելու փաստերը: Nordic Monitor-ը գրում է՝ այս որոշման նշանակությունը դուրս է գալիս դատարանի եզրակացությունների շրջանակներից։

Կանանց ձերբակալել են կառավարության կողմից զանգվածային բռնաճնշումների արշավի շրջանակներում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ խաղաղ բանակցությունների ձախողումից հետո, որը Թուրքիան և նրա արևմտյան դաշնակիցները համարում են ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Յուրաքանչյուր կնոջ պետք է վճարել 16 000 եվրո (18 300 ԱՄՆ դոլար)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Քըշանաքն ու Թունսելը բանտից ազատ են արձակվել 2024 թվականի մայիսին՝ «Քոբանիի գործով» մի քանի տարվա բանտարկությունից հետո, որը տասնյակ քուրդ քաղաքական գործիչների մասնակցությամբ խոշոր դատավարություն էր, որոնք մեղադրվում էին բողոքի ակցիաներին մասնակցելու մեջ, որոնք հրահրվել էին 2014 թվականին Սիրիայի Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետության» զինյալների հարձակմամբ։

Միաձայն որոշմամբ Ստրասբուրգի դատարանի երեք դատավորներից կազմված կոլեգիան վճռել է, որ քուրդ քաղաքական գործիչների ձերբակալությունն առանց բավարար հիմքերի խախտել է նրանց ազատության և խոսքի ազատությանը միջամտելու իրավունքը: Դատարանը նաև եզրակացրել է, որ Թունսելի ձերբակալությամբ իշխանությունները փորձել են սահմանափակել քաղաքական բազմակարծությունն ու քաղաքական բանավեճը:

ՄԻԵԴ վճիռը վկայում է այն մասին, որ Ստրասբուրգի դատարանը գնալով ավելի հաճախ է դիտարկում ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով սահմանափակումները՝ ոչ թե որպես մեկուսացված դեպքեր, այլ՝ որպես իր նախադեպային իրավունքում արդեն ամրագրված համակարգի մաս:

Քըշանաքը՝ խաղաղության և ժողովրդավարության կուսակցության (ԽԺԿ) նախկին համանախագահը, երկու անգամ ընտրվել է խորհրդարան՝ նախքան Դիարբեքիրի՝ թուրքական Քրդստանի կենտրոնի քաղաքապետ դառնալը: Թունսելը նաև երկու անգամ ընտրվել է խորհրդարան, այնուհետև դարձել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) և «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (ԺՀԿ)՝ երկրում երկու հիմնական «քրդամետ» քաղաքական շարժումների համանախագահը:

Թուրքական դատախազությունը նրանց մեղադրել է զինված ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ՝ վկայակոչելով հանրային միջոցառումներին նրանց ելույթները, ժողովրդավարական հասարակության՝ Կոնգրեսին մասնակցությունը, ՔԱԿ-ի զոհված ակտիվիստների ցույցերն ու հուղարկավորությունները:

Դատարանի որոշումը հակասում է մեղադրանքի փաստարկներին, որոնց էությունը հանգում էր այն բանին, որ կուսակցական աշխատանքին մասնակցելը կարող է հիմք հանդիսանալ ահաբեկչության մեղադրանքների համար: Իշխանությունները չեն տրամադրել բավարար կոնկրետ ապացույցներ այն մասին, որ ԺՀԿ-ն անօրինական կազմակերպություն է կամ զբաղվում է հանցավոր գործունեությամբ:

Դատարանը նաև նշել է, որ դատախազության կողմից վկայակոչված բազմաթիվ հայտարարությունները քաղաքական ելույթներ են, որոնք պետք է դիտարկվեն խոսքի ազատության իրավունքների համատեքստում: Դատարանի կարծիքով՝ տեղական իշխանությունները հիմնականում կազմել են ժողովների, ցույցերի և ելույթների ցուցակներ, որոնց ներկա են եղել այս կամ այն դիմողները՝ չբացատրելով, թե ինչպես են այդ միջոցառումներն ապացուցում ահաբեկչությանն իրենց մասնակցությունը: Քննելով ճառերը՝ դատավորները պարզել են, որ դրանք չեն կարող դիտարկվել՝ որպես բռնության կոչեր։

Քըշանաքին ուղղված մեղադրանքը մասամբ հիմնված էր ՔԱԿ-ի զոհված անդամների հուղարկավորության, Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ հիշատակի միջոցառումների և այդ միջոցառումների համար մունիցիպալ ռեսուրսների օգտագործման տվյալների վրա։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ իշխանությունները չեն կարողացել ապացուցել Քըշանաքի անձնական ներգրավվածությունը միջոցառումների կազմակերպման կամ ղեկավարման գործում:

Դատախազությունն իրականում համայնքապետարանում տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է Քըշանաքի վրա, քանի որ նա քաղաքապետ էր՝ առանց նշելու կոնկրետ որոշումներ, ցուցումներ կամ գործողություններ, որոնք անձամբ նրան կապում էին ենթադրյալ հանցավոր գործողությունների հետ: Դատարանը նաև քննադատել է իշխանությունների գործողությունները մունիցիպալ շենքերից և Քըշանաքի տնից առգրավված փաստաթղթերի վերաբերյալ:

Դատարանի կարծիքով՝ իշխանություններն այդ նյութերը համարել են ահաբեկչությանը նպաստող՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու: Դատավորները եզրակացրել են, որ ոչ ձերբակալման նախնական օրդերները, ոչ էլ հետագա նախնական եզրակացությունը չեն հաստատել կասկածների վավերականությունը, որոնք պահանջվում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն:

Միևնույն ժամանակ, թուրքական դատարանները բավարար հիմքեր չեն տրամադրել երկու կանանց երկար տարիներ կալանքի տակ պահելու համար՝ սպասելով դատավարությանը:

Դատարանի կարծիքով՝ Թունսելի ձերբակալությունը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 18-րդ հոդվածը, որն արգելում է կառավարություններին սահմանափակել իրավունքները պայմանագրով չնախատեսված նպատակներով:

Քուրդ քաղաքական գործչի կալանավորումը նպատակ ուներ «ճնշել բազմակարծությունը և սահմանափակել քաղաքական բանավեճերի ազատությունը», և այս որոշումը դարձավ այն քչերից մեկը, որտեղ Ստրասբուրգի դատարանը որոշեց, որ իրավական միջոցներն օգտագործվել են քաղաքական նպատակներով:

Դատավորները Թունսելի ձերբակալությունը կապեցին 2016-ի վերջին ԺԴԿ-ի պատգամավորների, քաղաքապետերի և կուսակցական պաշտոնյաների ձերբակալությունների մի ամբողջ շարքի հետ: Որոշման մեջ ուղղակիորեն ասվում է, որ նրա գործը կապված է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի և քուրդ քաղաքական գործիչ Այսել Թուղլուքի նկատմամբ ավելի վաղ կայացրած դատական որոշումների հետ:

Այսպիսով, քուրդ առաջատար քաղաքական գործիչների դատական հետապնդումներն ու ձերբակալությունները տեղավորվում են ավելի լայն քաղաքական համատեքստում: 18-րդ հոդվածի հիման վրա վճիռներ համեմատաբար հազվադեպ են կայացվում, քանի որ դատարանից պահանջում են պարզել, որ իշխանությունները հետապնդել են թաքնված քաղաքական նպատակ, այլ ոչ թե օրինական իրավական հիմքեր:

Նման գործերը հաճախ քննվում են յոթ դատավորներից բաղկացած պալատների կամ, հատկապես կարևոր դեպքերում, 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատի կողմից, նշում է Nordic Monitor-ը: Քըշանաքի և Թունսելի դեմ առաջադրված մեղադրանքները որպես նոր հարցեր դիտարկելու փոխարեն՝ դատավորները հիմնվել են քուրդ քաղաքական գործիչների և ընդդիմադիրների մասնակցությամբ նախորդ գործերի քննության ընթացքում ձևավորված հաստատված դատական պրակտիկայի վրա:

Թուրքիայի համար այս որոշումը հերթական լրացումն էր այն որոշումների աճող թվի, որոնց համաձայն՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքները կիրառվում էին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի հետ անհամատեղելի եղանակներով: Միջազգային հանրության համար այս որոշումը դարձավ ավելի ակնառու օրինակ այն բանի, թե ինչպես է մարդու իրավունքների եվրոպական բարձրագույն դատարանը քննում նմանատիպ գործերը։ Ստրասբուրգի դատարանը ոչ միայն վճռել է, որ Քըշանաքի և Թունսելի ձերբակալության ժամանակ խախտումներ են թույլ տրվել։ Չնայած «քրդական հարցում» առանձին մեղմացումներին՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով սահմանափակումների վերաբերյալ մեղադրանքներն այնքան տարածված են դարձել, որ դատարանն այժմ դրանք դիտարկում է՝ որպես հաստատված և կրկնվող պրակտիկայի մաս:

Ստանիսլավ Կոտյոլկին

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930