Ինձ մտահոգում է երկու բան. Արման Գրիգորյան
ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը գրում է. «Բոլորը և նրանց հորաքրոջ տղաներն արդեն արտահայտվել են Իսրայելի կառավարության կողմից Քնեսեթին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու որոշման մասին։
Առաձնապես նոր բան չունեմ ասվածին ավելացնելու։ Հստակ է, որ սա Իսրայելի կողմից օգտագործվում է որպես գործիք Թուրքիայի հետ իրենց հակամարտության կոնտեքստում, բայց իհարկե պետք է նշել, որ Իսրայելը միակ երկիրը չի, որ հենց նման մոտիվով է դա արել։ Հստակ է նաև, որ յուրահատուկ ամբարտավանություն է Իսրայելի կողմից նման օրինագիծ քննարկելը, երբ նրանք Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն են եղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ու մեծ դերակատարություն են ունեցել հայերի դեմ Ադրբեջանի հաղթական պատերազմի ու Արցախի հայաթափման մեջ։
Հստակ է, վերջապես, որ Իսրայելի կողմից նման օրինագծի քննարկումը շատերի մոտ դառը քմծիծաղից բացի ոչինչ չի հարուցում, քանի որ Իսրայելն ինքը հենց հիմա իրականացնում է մի բան պաղեստինցիների դեմ, ինչի համար պատրաստվում է դատապարտել Թուրքիային։
Բայց ես կարծում եմ, որ դա ի վերջո Իսրայելի գործն է։ Ինչ ուզում են անեն։ Թող Թուրքիայի հետ կռվեն, հետո իրար սիրեն, հետո ծովում խեղդվեն, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում։ Մեր գործը չի։ Ինձ մտահոգում է երկու բան։
Առաջին, կարող ենք հեշտությամբ կանխատեսել, որ Հայաստանում ու հայկական աշխարհում կգտնվեն մարդիկ, որոնք սրանից կարող են շատ արագ ոգևորվել ու փաստարկներ բերել Իսրայելի հետ թուրքերի դեմ կոալիցիա կազմելու օգտին։ Ես կարծում եմ մենք այդ փաստարկներին շատ մեծ հոռետեսությամբ պիտի վերաբերվենք։ Երկրորդ, չնայած կարծես թե առայժմ մարդկանց մեծ մասի արձագանքը միանգամայն ադեկվատ է, հաստատ գտնվելու են գավառական թերարժեքությամբ տառապող կերպարներ, որոնք հուզվելու են Իսրայելի պես հզոր երկրի կողմից իրենց հատկացված ուշադրությունից ու սկսելու են երախտագիտության դիֆիրամբներ ձոնել Նեթանյահուի մարդակեր կառավարությանը։
Նման բան անողները պիտի անհապաղ արժանանան անգութ ծաղրուծանակի ու օստրակիզմի։
Մեկնաբանության մեջ դնում եմ իմ մի հոդվածի հայերեն տարբերակը, որ 2010 թվականին եմ գրել (բնագիրն անգլերենով էր ու հրատարակվել էր Armenian Reporter թերթում, ինչպես նաև վերատպվել Counterpunch կայքում, բայց համացանցում բնագիրը գտնել չհաջողվեց), երբ առաջին անգամ լուրջ ճգնաժամ էր ծայր առել իսրայելա-թուրքական հարաբերություններում։ Շատ բան չէի փոխի իմ փաստարկների մեջ»:

