Պուտինը ստորագրել է Ռուսաստանում IMEI-ների միասնական բազա ստեղծելու մասին օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանում բջջային սարքերի նույնականացնող համարների (IMEI) միասնական տվյալների բազա ստեղծելու մասին օրենք:
Риа новости-ի փոխանցմամբ՝ օրենքի համաձայն, այս համակարգը կպարունակի տեղեկատվություն Ռուսաստանում օգտագործման համար թույլատրված և արգելված IMEI կոդերի մասին:
Օրերս Հայաստանի կառավարությունը ևս հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների IMEI-ների վերահսկման մեխանիզմներ:
Տեղեկատվական անվտանգության փորձագետների շրջանում կան մտահոգություններ: Cyberhub.am-ի համահիմնադիր Արթուր Պապյանը գրում է․ «Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը: Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»։
Նախագծի առաջին ընթերցումը սեպտեմբերին է, այն առայժմ միայն կառավարության հավանությունն է ստացել։

