Մեծ Բրիտանիայի որևէ միապետ այլևս չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Չնայած հարկատուների միջոցներով իրականացվող 369 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերանորոգմանը՝ Բուքինգհեմյան պալատում այլևս երբեք բրիտանական որևէ միապետ չի բնակվի․ գրում է Daily Mail-ը։
Թագավոր Չարլզն ու թագուհի Կամիլան չեն տեղափոխվի այնտեղ նույնիսկ, երբ հաջորդ տարի ավարտվի միապետի լոնդոնյան պաշտոնական նստավայրի տասնամյա վերանորոգումը։ Փոխարենը նրանք մշտապես կապրեն Կլարենս Հաուսում։
Արքայազն Ուիլյամն, իր հերթին, հայտարարել է, որ ինքը և Ուելսի արքայադուստրը մտադիր են շարունակել բնակվել իրենց մասնավոր տանը Վինձորում՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա ապագայում գահ բարձրանա։ Սա նշանակում է, որ երկրի հաջորդ միապետը չի բնակվի նույնիսկ մայրաքաղաքում։
Նշվում է, որ պատմական արքայական նստավայրը, որն առաջին անգամ օգտագործվել է Վիկտորյա թագուհու կողմից 1837 թվականին, փոխարենը տարեցտարի ավելի հաճախ կբացի իր դռները հանրության առաջ՝ նպատակ ունենալով եկամուտ ապահովել և նվազեցնել հարկատուների վրա ընկնող բեռը։
Իր կառավարման վերջին շրջանում Եղիսաբեթ II թագուհին Բուքինգհեմյան պալատում մնում էր շաբաթը միայն մեկ-երկու անգամ՝ նախընտրելով Վինձորի ամրոցը, որը նա պաշտում էր։
Թագավորի գանձապահ Ջեյմս Չալմերսը նշել է, որ Բուքինգհեմյան պալատը կմնա արարողակարգային և պաշտոնական միջոցառումների իրականացման, այդ թվում՝ արտասահմանյան բարձրաստիճան հյուրերի ընդունման հիմնական վայր։







