Աղվան Վարդանյանը՝ Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ Կճոյանի մասին. Ես լավ չեմ հասկանում, խաչքավորները մի՞շտ է, որ իրար հետ ճամփորդում են
«Հասարակությունը նահանջի մեջ է: Քաղաքական ուժերն էլ միատարր չեն: Վերցրեք Հանրապետական կուսակցությունը ու կտեսնեք, որ այնքան ծայրահեղություններ կան, որ չեն կարող միատարր լինել: Վերջերս հին հանրապետականներից մեկը մի միջոցառման է եղել ու զարմացել է, թե հանրապետականների մեջ էս ի՞նչ մի նոր շերտ է մտել՝ սև շոր հագածներ, կոշիկներով, նշանները՝ դոշներին, ինչ-որ խմբավորված… Այսինքն՝ իրենց մեջ էլ աննորմալ վիճակ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին պատմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած օֆշորային սկանդալին, Աղվան Վարդանյանն ասաց, թե ինքը դատավոր չէ, բայց այսօրվա պետական կառավարման համակարգի պարագայում ակնկալել, որ զուտ իրավապահ մարմինների միջոցով խնդիրը կպարզաբանվի, ու բոլորը դրան կհավատան՝ անհնար է:
«Տարօրինակ բաներ են կատարվում. ի վերջո, այս բացահայտումը, մամուլի հրապարակումը չի եղել միմյանց հետ կապ չունեցող մարդանց վերաբերյալ: Աշոտ Սուքիասյանը Սբ. Սարգիս եկեղեցու խաչքավորն է, ինչպես Կճոյանն էր ասել՝ բազմաթիվ անգամ ճամփորդում են: Ես պարզապես լավ չեմ հասկանում, խաչքավորները մի՞շտ է, որ իրար հետ ճամփորդում են: Վարչապետը և Սրբազանը, որքան տեղյակ եմ՝ ևս հարաբերություններ ունեն՝ վարչապետի երեխաների քավորն է նա: Կառուցվել է շղթա, որոնք առնչություններ ունեն: Նույնիսկ այս իրավիճակում, երբ որևէ մեկը դատավոր լինել չի կարող, պարզություն չկա, կարծում եմ՝ եկեղեցին, կաթողիկոսը, իր հստակ դիրքորոշումն այս հարցում պետք է արտահայտի, որ Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը, կաթողիկոսը որոշումով պետք է կողքի քաշվի: Հնարավոր ելք եմ տեսնում նաև վարչապետի հնարավոր ժամանակավոր արձակուրդ մեկնելը՝ մինչև հարցի պարզաբանումը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե այն տեսակետները, թե արտաքին ուժերն այս հարցում ևս ներգրավված են՝ իրատեսական է, կարող է լինել ական՝ ազգային անվտանգության համար:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ սա հարմար տարբերակ է վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու համար, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Այս իմաստով դատողություններ անել չէի ցանկանա: Այլ կարգի երկրներում՝ ժողովրդավարական, որտեղ հասարակությունը դերակատար է, սրա մեկ տասներորդական մասն էլ բավարար էր, որ… բայց մինչև այս՝ մենք մեծ ճանապարհ ունենք, դրա համար իրատեսական չեմ համարում»:
Լուսանկարը` PanArmenian.Photo-ի