Ցավը մեղմող, բայց չբուժող օգնություն. ի՞նչ իրականության է բախվում Հայաստանի եվրոպական ապագան

Մինչ հայաստանյան իշխանությունները սպասում են հունիսի 7-ի ընտրություններից հետո բարձրաստիճան շնորհավորանքի ու հրավերքի Մոսկվայից, Եվրոպական միությունը չի հապաղում, և հուլիսի 5-ին սպասվում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստանի Հանրապետություն։

Հունիսի 7-ի ընտրությունների ավարտից հետո՝ առաջին իսկ ժամերին, երբ ընդդիմությունը դեռ փորձում էր սեփական նախնական հաշվարկներն իրականացնել հետագա քայլերը պլանավորելու համար, իսկ Ռուսաստանը հայտարարում էր ընտրությունների ընթացքում գրանցված աննախադեպ ռեպրեսիաների մասին, Եվրամիությունն արդեն հանդես եկավ հայտարարությամբ։ ԵՄ-ն քաղաքական բոլոր դերակատարներին կոչ արեց հարգել քվեարկության արդյունքներն ու ժողովրդավարական ընթացակարգերը, իսկ ընտրական բողոքները հասցեագրել բացառապես իրավական մեխանիզմների միջոցով։

Հունիսի 14-15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվեց Լյուքսեմբուրգում։

Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը մասնակցեց ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման։ Սա ըստ էության ընտրություններից հետո Միրզոյանի առաջին այցն էր։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ:

Կարդացեք նաև

«ԵՄ գործընկերները շնորհավորել են նախարար Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընդգծվել է ԵՄ և անդամ երկրների աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջմղման գործում քաղաքական հանձնառությունը»,- ասված էր հաղորդագրությունում։ Լյուքսեմբուրգում Միրզոյանը հանդիպել էր Գերմանիայի, Սլովենիայի, Նիդերլանդների, Շվեդիայի ԱԳ նախարարների հետ։ Կայացել էր նաև նրա հանդիպումը Մարթա Կոսի հետ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին հայտնել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը:

«Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ փորձելով իր ազդեցությունն օգտագործել՝ երկիրը շեղելու վերջին ընտրություններում ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությունից։ Ես հանդիպեցի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ վաղվա Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ, որի ժամանակ անդամ երկրների հետ կքննարկենք Հայաստանին հետագա աջակցությունը՝ ի ցույց դնելով մեր համերաշխությունը։ Մենք կտրամադրենք ֆինանսական օգնություն և կօգնենք Հայաստանին ավելի պարզեցնելու առևտուրը հարևանների ու Եվրոպայի հետ»,- գրել է Մարթա Կոսն X-ի իր էջում:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ծրագրել է Երևան այցելել հուլիսի 5-ին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար։ Մինչ Ռուսաստանը շարունակում է նախընտրական շրջանում ՀՀ-ի դեմ սանձազերծած տնտեսական «պատժամիջոցները» առևտրային սահմանափակումների տեսքով, ԵՄ-ն անհապաղ փորձում է քայլեր ձեռնարկել և ցույց տալ, թե ԵՄ-ն մեղմելու է իր քայլերով Ռուսաստանի նախաձեռնած «պատժամիջոցները», ուստի ՀՀ եվրոպական վեկտորը պետք է անշրջելի լինի։

ՀՀ իշխանությունները հետընտրական փուլում հայտնվել են՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական բարդ իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական կենտրոններն արդեն կոնկրետ քայլերի ու որոշումների են սպասում։

Մինչ Բրյուսելը փորձում է գործել առանց ժամանակ կորցնելու, ամեն հարցում անվերապահ աջակցելով ՀՀ իշխանություններին, Ռուսաստանը նախընտրական շրջանից սկսած աննախադեպ կոշտ քաղաքական բառամթերք է կիրառում ու կոշտ տնտեսական սահմանափակումների մասին որոշումներ կայացնում, այս ֆոնին ՀՀ իշխանությունները սպասում են Ռուսաստան այցին, որը, ըստ նախնական պատկերացումների, պետք է կայանար ընտրություններից հետո։

Փաշինյանն ակնհայտորեն ընտրություններից հետո սպասում է ազդակի Մոսկվայից, որը կֆիքսի հետընտրական նոր իրողությունների ընդունումը Կրեմլի կողմից, որն էլ հնարավորություն կտա քննարկել Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական տարաձայնությունների պատճառով ստեղծված լուրջ տնտեսական խնդիրները։ Սակայն ռուսական կողմի ընդգծված դադարը, նախընտրական շրջանից մեկնարկած կոշտ հռետորաբանությունը շարունակվում են, որոնք հուշում են, որ Մոսկվայում դեռ չեն շտապում լեգիտիմացնել անցկացված ընտրությունները։

Ավելին՝ Ռուսաստանի կիրառած տնտեսական «պատժամիջոցները» սկսել են ցավոտ հարվածներ հասցնել հայաստանյան արտադրողին, թեև զուգահեռաբար ներկայացվում է, որ հայկական արտադրանքն արտահանվում է այլ ուղղություններով, սակայն ակնհայտ է նաև այն, որ կարճ ժամանակահատվածում անհնար է կազմակերպել Ռուսաստան չընդունվող մթերքի արագ վերաարտահանումը կամ բավարար փոխհատուցումը Կառավարության կողմից։

Այս ամենով էլ կարծես պայմանավորված է Եվրոպական կողմի շտապողականությունը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի սպասվող այցով ու ֆինանսական արագ օգնության խոստումներն ամենևին պատահական չեն, ԵՄ-ում հստակ հասկանում են, որ եթե Երևանին չցուցաբերեն արագ աջակցություն, ապա Մոսկվայի տնտեսական «պատերազմի» մարտավարությունը կարող է անդրադառնալ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական դիրքավորման վրա։

Չնայած ՀՀ իշխանությունները պնդում են, թե «ՀՀ անկախությունը ելակի դիմաց չեն զիջելու», բարդ է հաշված օրերի ընթացքում փոխել տասնամյակներով ձևավորված տնտեսական ու էներգետիկ կախվածությունը, որն այսօր Մոսկվան օգտագործում է՝ որպես քաղաքական մտրակ։

Այս ամենի համատեքստում Մարթա Կոսի սպասվող այցն ու ֆինանսական արագ օգնության մասին հայտարարություններն ունենալու են ցավը մեղմացնող, բայց ոչ այն վերացնող նշանակություն։ Բրյուսելի կողմից առաջարկվող «անվտանգության բարձիկները» կարող են ժամանակավորապես սառեցնել իրավիճակը, սակայն դրանք ի զորու չեն վերացնել խորքային համակարգային խնդիրները, կախվածությունները, որոնք վերջին տարիներին չէր թուլացրել ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձի պատրաստվող իշխանությունը։ Ֆինանսական այս «առաջին օգնությունը» չի կարող փոխարինել հայկական արտադրանքի իրական սպառման շուկաներին կամ մեկ օրում փոխել էներգետիկ համակարգի աշխարհագրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930