Բեկում Ալցհայմերի հիվանդության բուժման մեջ. Բիլ Գեյթսը լավատեսության հիմքեր ունի

Աշխարհահռչակ միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը վստահ է, որ բժշկությունը կանգնած է մարդկության ամենածանր հիվանդություններից մեկի՝ Ալցհայմերի հաղթահարման շեմին։ Իր վերջին հոդվածում նա ներկայացնում է այն գիտական ու տեխնոլոգիական հեղափոխությունը, որն արմատապես փոխում է այս հիվանդության դեմ պայքարի ընթացքը։

«Մենք ապրում ենք Ալցհայմերի հիվանդության հետազոտությունների ոսկե դարում, և ես չափազանց ոգևորված եմ։ Տասնամյակներ տևած անհաջողություններից հետո հորիզոնում վերջապես նշմարվում են այնպիսի բեկումնային հայտնագործություններ, որոնք ընդունակ են փոխել այս հիվանդության զարգացման ընթացքը։

Այսօր արդեն հնարավոր է Ալցհայմերն ախտորոշել արյան պարզ թեստերի միջոցով, կլինիկական փորձարկումների տեմպերն արագանում են, իսկ FDA-ը (ԱՄՆ սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը) հաստատել է առաջին երկու դեղամիջոցները։ Ապացուցված է, որ դրանք դանդաղեցնում են հիվանդության առաջխաղացումը, հատկապես երբ կիրառվում են վաղ փուլում։

Իմ լավատեսությունը սնուցող մեկ այլ կարևոր գործոն է արհեստական բանականությունը (AI), որն աննախադեպ արագացնում է նորարարությունները։ Թույլ տալով հետազոտողներին վայրկյանների ընթացքում մշակել հսկայական քանակությամբ կենսաբանական և կլինիկական տվյալներ՝ այս տեխնոլոգիան օգնում է գտնել այն նշանակալի օրինաչափությունները, որոնք հեղաշրջելու են մեր մոտեցումն այս հիվանդությանը։

Մենք նմանատիպ տրանսֆորմացիայի ականատեսն արդեն եղել ենք։ Ոչ վաղ անցյալում մի ժամանակաշրջան կար, երբ ՄԻԱՎ-ի (HIV) ախտորոշումը հավասարազոր էր մահապատժի։ Սակայն հենց գիտնականներին հաջողվեց հասկանալ հիվանդության կենսաբանական մեխանիզմը, նորարարությունները թռիչքաձև աճեցին, և արդյունքները կտրուկ փոխվեցին։

Ես լավատես եմ և հավատում եմ, որ մի օր մենք Ալցհայմերի մասին կխոսենք հենց նույն կերպ»,-գրել է Բիլ Գեյթսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930