Եթե որակի վերահսկողությունն իմ ձեռքում լիներ, շատերը «դանակի տակ» կընկնեին. Արաքսյա Մուշեղյան

Երգչուհի, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը վստահ է՝ արվեստագետի գլխավոր առաքելությունը ոչ թե լսարանի պահանջարկին կուրորեն հետևելն է, այլ այդ լսարանին նոր որակ ու ճաշակ առաջարկելը։

168TV«Ռանդևու» հաղորդման ընթացքում նա խոսեց մանկության երաժշտական առաջին փորձերի, Արթուր Գրիգորյանի հետ ընկերության, հայկական շոու-բիզնեսի խնդիրների, Ազգային երաժշտական ակադեմիայի շուրջ քննադատությունների ու իր անձնական ընտրությունների մասին։

Երաժշտական ուղին՝ 2.5 տարեկանից

Կարդացեք նաև

Արաքսյա Մուշեղյանը պատմում է, որ երաժշտությունն իր կյանքում հայտնվել է դեռ մանկուց՝ 2.5 տարեկանից.

«2.5 տարեկան էի, երբ առաջին անգամ մոտեցա դաշնամուրին ու նվագեցի։ Ես դա չեմ հիշում, մայրիկս է պատմել։ Այդ պահին արդեն պարզ էր, որ երաժշտությունն իմ ճանապարհն է»։

Նա սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում, իսկ իր կյանքի ամենակարևոր ուսուցիչներից մեկը համարում է դաշնակահարուհի Ամալյա Բայբուրթյանին, որը դեռ 10 տարեկանից խրախուսել է նրան երաժշտություն գրել։

«Բոլորն ասում էին՝ մի՛ երգիր, դու դաշնակահարուհի պիտի դառնաս։ Բայց ես միշտ գիտեի, որ միայն դաշնամուր նվագելով չեմ սահմանափակվելու»,- ասում է նա։

Արթուր Գրիգորյանի ազդեցությունը

Արաքսյա Մուշեղյանի խոսքով՝ իր փոփ երաժշտական կայացման վրա հսկայական ազդեցություն է ունեցել Արթուր Գրիգորյանը. «Նա ոչ միայն ընկեր էր, այլ նաև մարդ, որը ձևավորեց մի ամբողջ սերունդ։ Այդ տարիներին Երևանում առաջին ջազ ակումբի բացումն ու նոր բեմերի ստեղծումն իսկական հեղափոխություն էին»։

«Այսօր բոլորը երգում են, բայց ոչ բոլորը երաժշտություն են տալիս»

Հաղորդման ընթացքում մանրամասն անդրադարձ եղավ հայկական շոու-բիզնեսի ներկա վիճակին։ Արաքսյա Մուշեղյանը շեշտում է. «Այսօր բոլորը բեմում են, բոլորը հոլովակներ են նկարում, բայց միշտ չէ, որ հասկանում են՝ ինչ են տալիս և ինչու են տալիս»։

Նրա կարծիքով՝ արվեստագետի գերխնդիրը հանդիսատեսին «բարձրացնելն» է դեպի իրեն, ոչ թե իջնել լսարանի ակնթարթային պահանջարկին։

«Եթե տարիներով մարդուն ցածրորակ երաժշտություն ես մատուցում, նրա ճաշակն այդպես էլ ձևավորվում է։ Արվեստագետը պատասխանատվություն ունի»,- վստահեցնում է նա։

Ռաբիսը, դահլիճներն ու «կարգավորված համակարգի» բացակայությունը

Արաքսյա Մուշեղյանը նշում է, որ խնդիրը ժանրը չէ, այլ սահմանների կորուստը։

«Ռաբիս երաժշտությունը միշտ եղել է և ունի իր իրավունքը։ Բայց այն ստեղծված չէ մեծ ակադեմիական բեմերի համար։ Յուրաքանչյուր ժանր պետք է իր տեղն ունենա»,- ասում է նա։

Նա հիշեցնում է, որ նախկինում գոյություն ունեին գեղխորհուրդներ, ֆիլհարմոնիայի կարգավորող մեխանիզմներ և հեղինակային իրավունքի գործուն համակարգ, որոնք փլուզվեցին ԽՍՀՄ-ի հետ միասին.

«Այսօր ամեն ինչ խառնվել է, որովհետև կանոնակարգված մեխանիզմներ չկան»։

Ազգային երաժշտական ակադեմիան ու «Խազեր»-ի շուրջ վեճերը

Արաքսյա Մուշեղյանն Ազգային երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամ է և ընդունում է, որ կառույցը դեռ ձևավորման փուլում է.

«Մենք երկու տարվա կառույց ենք։ Շատ հարցերի պատասխաններ միայն աշխատանքի ընթացքում են ի հայտ գալիս։ Հեշտ չէ միանգամից ամբողջ ոլորտը համակարգել»։

Նա կողմ է «Խազեր» մրցանակաբաշխությանը՝ այն համարելով որակյալ շոու և կարևոր նախաձեռնություն, բայց նաև համաձայնեց, որ համակարգում դեռ շտկման ենթակա հարցեր կան։

«Մրցանակաբաշխությունը պետք է ընկալվի՝ որպես առողջ մրցակցություն։ Չստանալ մրցանակը՝ չի նշանակում արժեզրկվել որպես արտիստ»,- ասում է նա։

Անձնական կյանքի մասին լռությունը

Մուշեղյանը հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին, և հաղորդման ընթացքում բացատրեց՝ դա ոչ թե գաղտնիք պահելու, այլ գիտակցված ընտրության հետևանք է.

«Ես մաքսիմալիստ եմ։ Եթե ընտանիք ունենայի, ամբողջությամբ կնվիրվեի դրան։ Բայց իմ ներքին պահանջը ստեղծագործելն է, ազատ աշխատելը։ Այդ պատճառով նման ընտրություն եմ արել և երբեք չեմ ափսոսել»։

Նա նաև խոստովանեց, որ սիրում է մենությունը և երկար տարիներ միայնակ ապրել է Մոսկվայում՝ առանց երբևէ մենակության զգացում ունենալու.

«Մենակ մնալն իմ ամենաերջանիկ պահերից է։ Այդ ժամանակ է, որ մտքերը, երաժշտությունը, գաղափարները գալիս են»։

«Ես մարդկանց չէի ջնջի, այլ՝ անորակությունը»

Հարցին՝ արդյոք կցանկանա՞ր որևէ արտիստի «ջնջել» հայկական երգարվեստից, Մուշեղյանը հրաժարվեց անուններ տալ, բայց հստակեցրեց իր մոտեցումը.

«Ես մարդկանց չէի ջնջի։ Ես կվերահսկեի որակը։ Շատ վատ երգեր կան, որոնք կատարում են լավ արտիստներ, և՝ հակառակը։ Խնդիրը հաճախ նյութն է, ոչ թե մարդը»։

Կյանքի գլխավոր արժեքը

Հաղորդման վերջում նա հիշեց հոր խոսքերը, որոնք դարձել են նրա կյանքի ուղեցույց.

«Պետք է հասարակության համար պիտանի մարդ լինեք։ Եթե ամեն մեկը մտածի՝ ինչ փոքր բան կարող է անել օգտակար լինելու համար, կյանքը շատ ավելի լավը կլինի»։

Արաքսյա Մուշեղյանի համոզմամբ՝ այսօր աշխարհը հաճախ «արժևորում է իրերը և արժեզրկում մարդուն», մինչդեռ իրական հարստությունը մարդն է ու նրա ստեղծած արժեքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930