Եթե մարդը տուն չունի, իր պրոբլեմն է՝ պետք է աշխատի, վարկեր ունի, պետք է աշխատի ու փակի. Փաշինյան
Անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի։ Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, Ընտանիքի անապահովության համակարգի կարգավորումները Կառավարության որոշմամբ փոփոխելու հարցի քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Այս բարեփոխումը ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն, որովհետև մենք պետք է ընդհանրապես հստակ համաձայնության հասնենք ՀՀ-ում կյանքի միջին վիճակագրական մոդելի հետ։ Կյանքի միջին վիճակագրական մոդելն է՝ կրթություն, աշխատանք, բարեկեցություն։ Սա է այն առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի ցանկացած մարդու կյանքը, որովհետև բազմաթիվ հանգամանքների բերումով երբեմն ընկալումներն այս առանցքից էականորեն շեղված են, և մենք պետք է հստակ այս ուղերձը տանք, որ այս կյանքի միջին վիճակագրական մոդելը հենց մարդու անձնական պատասխանատվությունն է դա իրագործելու»,- նշել է Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշել է, որ այս նոր համակարգն ավելի շատ միտված է ոչ թե մարդկանց համակարգում պահելուն, այլ համակարգից դուրս բերելուն աշխատանքի, կրթության և այլ գործիքների միջոցով։
«Մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձարցման։ Որպեսզի թվերով ներկայացնեմ, 2017 թվականի տվյալներով մենք ունեցել ենք մոտ 100 հազար ընտանիք այդ «Փարոս» համակարգում, և 2026 թ. հունիսի 1-ի դրությամբ, այսինքն՝ մոտավորապես հիմա, մենք ունենք 46 հազար ընտանիք, այսինքն՝ անկումը և՛ հին համակարգով, և՛ այս նոր համակարգով, որը Կոտայքը և Սյունիքն է, 54.1 տոկոսով պակասել է։ Սա նաև ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք տեսնում ենք նաև մեր գործընկերների՝ Վիճագրական ծառայության հրապարակած թվերով»,- նշել է Թորոսյանը։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցմամբ՝ մարդու թիվ 1 պատասխանատվությունը հանրության և պետության առաջ ինքն իր կարիքները հոգալն է։
«Մենք համոզված ենք, որ մարդուն ուժեղացնելու այլ ձև, քան կրթությունն է, գոյություն չունի, այսինքն եթե ուզում ես մարդուն ուժեղացնել, պետք է նրան աջակցես կրթության հարցում։ Ընդ որում, ես երեխաների մասին եմ խոսում, բայց այս մոդելը վերաբերում է ցանկացած տարիքի մարդուն։ Մարդը պետք է հասկանա՝ եթե ինքը չունի տուն, ի՞նչ պետք է ինքը անի։ Ինքը պետք է աշխատի և վաստակի տուն ունենալու համար անհրաժեշտ եկամուտներ։ Եթե չունի մեքենա, ունի վարկ, ի՞նչ պետք է անի՝ պետք է աշխատի և վաստակի իր վարկային պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ եկամուտներ, որովհետև այս վարկային պատմություններն էլ՝ սոցիալ-հոգեբանական մակարդակում շատ կարևոր բան կա. մարդիկ անընդհատ ասում են.
«Ես վարկ ունեմ, ինչո՞վ կարաք օգնեք»։ Ընդհանուր առմամբ, երբեմն հասկանում ես, որ մարդ շատ մեծ տարբերություն է դնում՝ բանկից է այդ փողը վերցրել, թե հարևանից, որոհվետև ոչ ոք չի գալիս՝ ասի. «Հարևանիս պարտք եմ, չեմ կարում պարտքը տամ, կարո՞ղ ա՝ դուք փակեք էդ պարտքը»։ Համարում է, որ եթե բանկից է վերցրել, պետական փող է։ Էլի եմ ասում՝ մարդու անձնական պարտավորություն կատարելը մարդու անձնական պարտավորությունն ա։
Սա շատ կարևոր բան ա։ Չի կարելի թույլ տալ, որ զարգանա էդ հոգեբանությունը, որ հա, դե պարտք եմ՝ մի քիչ էս մեկը կտա, մի քիչ էն մեկը կտա, տենց արանքում յոլա կգնանք։ Դա շատ վատ միտում է էդ մարդու համար։ Ես չեմ ուզում թաքցնեմ՝ մարդիկ կան, որ ինձ նամակ են գրում, եղել է՝ ամեն օր նամակ են գրել, ասել են. «Ես էսօր ինքնասպանություն եմ գործելու, եթե էսօր իմ վարկը չփակեք»։ Եվ կան մարդիկ, որ արդեն մի տարի էդ նամակը գրում են ամեն օր»,- հավելել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

