Ի՞նչ է «գաղտնի տվյալներ պարունակող» ցուցակը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։
Ըստ այդմ՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվ է նշվել 2503981, քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1237, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1178, Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 410, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2507216, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1477736
Հունիսի 6-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտարարել են, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա՝ հունիսի 6-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 485 հազար 851։
Նախօրեից խոսվում է «գաղտնի ցուցակների» մասին, որոնց ներառմամբ է, ըստ ԿԸՀ-ի, փոխվել ընտրողների՝ նախկին հրապարակված 2 միլիոն 485 հազար 851 մարդ ցուցանիշը։
Թե ինչ «գաղտնի տվյալներ պարունակող ցուցակ» կա, արդյո՞ք դրանք զինծառայողներին կամ այլ փակ համակարգերի ծառայողներին ընդգրկող անվանացանկեր են՝ 168․am-ը հետաքրքրվեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանից։
«Մեր ցուցակներում ներառվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտրական իրավունք։ Եթե գաղտնի ցուցակ է, նշանակում է՝ հրապարակման ենթակա չէ․ այդ ցուցակներում կա նաև այնպիսի տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա չէ, դրա համար չեմ կարող մանրամասնել, թե ովքեր են և ինչ թիվ կա։
Բոլոր ընտրություններին է սա վերաբերում․ երբևէ ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի ցուցակները չեն համապատասխանում»,- պարզաբանեց Սեդա Ղուկասյանը։

