Իսրայելական բանակը հարված է հասցրել Իրանի Բենդեր Մահշեհրում գտնվող նավթաքիմիական համալիրին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի Բենդեր Մահշեհր քաղաքի նավթաքիմիական համալիրի մի քանի թիրախների հարվածելու մասին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածեցին Բենդեր Մահշեհր քաղաքի նավթաքիմիական համալիրի մի քանի թիրախների», – ասվում է բանակի տարածած հաղորդագրության մեջ։
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ Թեհրանը կարձագանքի Բեյրութի արվարձանին հասցված իսրայելական բանակի վերջին հարվածին: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում գտնվող ռազմական թիրախներին։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ իսրայելական բանակը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին՝ ի պատասխան «Հզբոլլահի» կողմից իրականացված հրետակոծության։ Լիբանանի ազգային գործակալության (NNA) տվյալներով՝ իսրայելական բանակը հարվածել է բնակելի շենքերի երկու բնակարանի, ինչի հետևանքով տուժածներ կան։

