Ժամը 02:00-ի դրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում միայն տվյալները մուտքագրող համակարգչային օպերատորներն էին
2026 թվականի Ազգային ժողովի համապետական ընտրությունների ավարտից ժամեր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է արդյունքների ամփոփման գործընթացը, սակայն, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ հանրությանը գրեթե չեն ներկայացվում ուղիղ միացումներ կամ օպերատիվ պարզաբանումներ։ ԿԸՀ կայքէջի ուղիղ հեռարձակումը կարճ ժամանակ անց խափանվեց և հանրությունը չկարողացավ ուղիղ հետևել արդյունքների ամփոփմանը: ԿԸՀ-ն սահմանափակվում է պաշտոնական կայքում ինֆոգրաֆիկաների հրապարակմամբ։
168.am-ը փորձեց տեղում ծանոթանալ իրավիճակին, սակայն ժամը 02:00-ի դրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեզ տեղեկացրեցին, որ աշխատակիցների մեծ մասն արդեն ավարտել է աշխատանքը և հեռացել, իսկ շենքում շարունակում են աշխատել միայն տվյալների մուտքագրումն իրականացնող համակարգչային օպերատորները։
Հիշեցնենք, պաշտոնական տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 503 հազար 976։ Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 476 հազար 597 քաղաքացի, կամ՝ ընտրողների 58,97 տոկոսը։
Մինչդեռ արդյունքների ամփոփման գործընթացը շարունակում է ընթանալ դանդաղ տեմպերով։
Ժամը 02:40-ի դրությամբ ԿԸՀ-ն ամփոփել էր ընդամենը 512 ընտրատեղամասերի տվյալներ, ինչը կազմում է ընդհանուր տեղամասերի համեմատաբար փոքր հատվածը։ Ավելին, այդ պահին դեռևս բացակայում էին Երևանի մի շարք ընտրատեղամասերի արդյունքները։
Սակայն հենց այս ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում արդեն անցկացվում էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Նա հայտարարեց, որ ՔՊ-ն հաղթել է ընտրություններում և պատրաստվում է ձևավորել միանձնյա կառավարություն. և սա այն դեպքում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ պահի դրությամբ ամփոփել էր դեռևա ձայների 10 տոկոսը. «Մենք մեր սեփական հաշվարկներն ենք անում»,-ասաց նա:
Փաստացի, մինչ ընտրությունների պաշտոնական արդյունքների զգալի մասը դեռևս անհայտ էր, իշխանությունը արդեն արձանագրում էր իր հաղթանակը՝ հենվելով սեփական գնահատականների և ներքին հաշվարկների վրա։ Սա, բնականաբար, հարցեր է առաջացնում ոչ միայն արդյունքների հրապարակման ընթացակարգերի, այլև քաղաքական հայտարարությունների ժամանակագրության վերաբերյալ։
ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների ամբողջական հրապարակումը և վերջնական պատկերը, սակայն, դեռ առջևում են։


