Ինչպես ՀՀ իշխանությունները հայտնվեցին իրենց սիրած թակարդում

Գաղտնիք չէ, որ երբ Հայաստանում իշխանությունը ցանկանում է ինչ-որ բան անել, որն այնքան էլ բնակչության սրտով չի լինելու, ապա նախապես համապատասխան ֆոն է ձևավորում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով։

Ասվածը վերաբերում է, մասնավորապես, ընտրություններին։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ հայտնի և անհայտ որոշ սոցիոլոգներ իրենց պարտքն են համարում հանրությանը տեղեկացնել, որ ընտրություններում ակնհայտ  ֆավորիտ է իշխանական թեկնածուն կամ քաղաքական ուժը։ Այսինքն՝ իշխանությունը սոցիոլոգների միջոցով փորձում է ընտրողներին համոզել, որ վերջիններս ընտրելու են հենց այնպես, ինչպես ներկայացվում է։ Իսկ ընտրությունների ամփոփումից հետո, երբ մեղադրանքներ են հնչում կեղծիքներ կատարելու վերաբերյալ, որպես հակափաստարկ՝ մեջբերում են այդ հարցման արդյունքները։ Այսինքն՝ ուզում են դրանով ապացուցել, որ ընտրությունների արդյունքները սպասելի էին, ինչի մասին վկայում էր նաև հասարակական կարծիքի ուսումնասիրությունը։

Կարճ ասած, երբ հասարակության մեջ քննարկման առարկա հանդիսացող որևէ հարցի շուրջ հանդես են գալիս կոնկրետ սոցիոլոգներ (կամ սոցիոլոգիական կազմակերպություններ), ապա դա արդեն ահազանգ է, որ իշխանությունը մտադիր է ինչ-որ որոշում կայացնել և, այսպես ասած, «գծերն է ստուգում»։

Երեկ հնչել է հերթական ահազանգը։ Ճիշտ է՝ ոչ ընտրական թեմաներով, սակայն Հայաստանի համար ոչ պակաս կարևոր հարցի վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Եվրասիական Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը։

Այս հարցը, իհարկե, նոր չէ։ Սակայն վերջին շրջանում այն ավելի բուռն է քննարկվում, քանի որ գնալով ակնհայտ է դառնում՝ կոմպլեմենտար քաղաքականություն խաղացնելու հնարավորություն Հայաստանն այս դեպքում չունի։ Հնարավոր չէ և՛ շարունակել եվրաինտեգրման պրոցեսները, և՛ խորացնել համագործակցությունը Եվրասիական միության անդամ երկրների հետ (առավելևս՝ մաս կազմել այդ միությանը)։ Ավելին, երկու բևեռները հոգնել են այս խաղից և Հայաստանից պահանջում են վերջնականապես կողմնորոշվել՝ կա՛մ դեպի Ռուսաստան, կա՛մ դեպի Եվրոպա։ Հայաստանը, իր կամքին հակառակ, կանգնած է ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ։

Այն, որ Հայաստանի համար ձեռնտու չէ կապերը կտրել եվրոպական աշխարհի հետ շարժվել դեպի Ռուսաստան, երևում էր հենց իրենց՝ հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններից։ Նրանք տևական ժամանակ խուսափում էին այս հարցից, հետո տարբեր պատճառաբանություններ բերում այն մասին, որ, օրինակ, Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահմաններ չունի, և այլն։

Վերջին շրջանում ռուսաստանյան կողմը գնալով կոշտացնում էր ձևակերպումները (օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների միգրանտներին երկրից վտարելու մասին), իսկ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ հակառակը՝ ավելի փափուկ էր դառնում։

Իսկ գազի գնի թանկացումը պատճառ հանդիսացավ, որպեսզի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խոսակցությունները նոր ուժով բորբոքվեն։ Մասնավորապես, կարծիքներ էին հնչում, որ գազի առավել էժան գնի կամ սուբսիդավորման տրամադրման դիմաց Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է անդամակցել այս միությանը։

Ինչևէ, սուբսիդավորման կոնկրետ աղբյուրի վերաբերյալ դեռ հստակություն չկա, իսկ Միությանն անդամակցելու վերաբերյալ խոսակցությունները մի փոքր հանդարտվել էին, երբ այդ մասին կրկին հիշեցրին շատ անսպասելի և ինչ-որ տեղ վտանգավոր նախաձեռնությամբ։

Այսպես, GALLUP International Association կոչվող կազմակերպությունը երեկ հրապարակել է 2012 թվականին հրապարակված հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ հայաստանցիների 61%-ը դրական է վերաբերվում Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցելուն։  Այդ գաղափարին դեմ է եղել բնակչության ընդամենը 4%-ը, ևս 26%-ը նշել է, որ անտարբեր է։ Հարցման արդյունքները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Ընդ որում, 2012 թվականի ընթացքում իրականացված հարցումն անցկացվել է ոչ միայն Հայաստանում, այլև նախկին ԽՍՀՄ այլ երկրներում։ Հարցմանը մասնակցել է 13 հազար մարդ։

Ինչո՞ւ է սա ահազանգ։ Որովհետև GALLUP International Association-ը վեր նշված այն սոցիոլոգիական կազմակերպություններից մեկն է, որոնց ներկայացրած արդյունքները գրեթե միշտ «համընկնում են»  ԿԸՀ-ի պաշտոնական թվերի հետ։ GALLUP International Association-ը ոչ թե հայտնի կամ, ինչպես ընդունված է ասել, իսկական Gallup-ն է, այլ «իշխանական» Gallup-ը։ Այն պարբերաբար նախընտրական հարցումներ է անցկացնում Հայաստանում՝ որպես կանոն՝ անվիճելի ֆավորիտ համարելով իշխանական թեկնածուներին և ուժերին։ Եվ եթե այսօր այս կազմակերպությունը նման «տվյալ» է հրապարակում, ապա դա արդեն մտահոգությունների տեղիք կարող է տալ։ Այսինքն՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՀ իշխանություններն արդեն ինչ-որ բան որոշել են Եվրասիական Միության հետ կապված և այս հարցումներով ցանկանում են ֆոն ապահովել կամ, ինչպես ասում են, «ցրցամ տալ»։

Սակայն ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան թվում է։ Բանն այն է, որ  հարցումն իրականացվել է «Եվրասիական զարգացման բանկի» պատվերով, որը Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷս) կառույցներից մեկն է: Պարզ ասած՝ Եվրասիական միության վերաբերյալ հարցումը պատվիրել է հենց Եվրասիական միությունը։

Իսկ դա նշանակում է, որ ռուսաստանյան կողմը վերջնական փակուղու առաջ է կանգնեցնում ՀՀ իշխանություններին։ Այսինքն՝ այս հարցումները սեղանին դնելով՝ Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանի իշխանություններին վերջնականապես կողմնորոշվել՝ հիմնավորելով, որ Հայաստանի ժողովուրդը կողմ է անդամակցությանը։ Իսկ ՀՀ իշխանությունները դրան ոչնչով պատասխանել չեն կարող, քանի որ նույն իշխանությունները նույն կազմակերպության նախընտրական հարցումներն ընդունում էին հալած յուղի տեղ։ Ստացվում է, որ Ռուսաստանը ՀՀ իշխանությունների հետ խաղում օգտագործում է նույն հնարքը, որը երկար ժամանակ սեփական ժողովրդի նկատմամբ կիրառում են ՀՀ իշխանությունները։

Այս պարագայում հարցը՝ Եվրասիական Միությանն անդամակցելը տնտեսապես ձեռնտո՞ւ է  Հայաստանին, թե՞ ոչ, դառնում է երկրորդական։ Որովհետև առաջ է գալիս մեկ այլ կարևոր խնդիր՝ ինքնիշխանության վերջնական կորստի խնդիրը։ Երբ Հայաստանի բնակչության փոխարեն՝ ընտրությունների արդյունքները որոշում են հայաստանյան մի խումբ պաշտոնյաներ, դա, իհարկե, խիստ մտահոգիչ է։ Սակայն, երբ Հայաստանի բնակչության փոխարեն որոշումը կայացվում է Կրեմլում՝ անգամ առանց ՀՀ իշխանություններին բանի տեղ դնելու, դա արդեն ողբերգության պես մի բան է։

Տեսանյութեր

Լրահոս